Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ «ՀԱՄԵՍՏ» ԿՅԱՆՔԻՑ

Հունվար 14,2010 00:00

2009թ. հոկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ վճռաբեկ, քաղաքացիական եւ քրեական վերաքննիչ, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանների նախագահների եւ բոլոր դատավորների 2008թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները:
ԻԱԿ-ի այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց պարզել, թե որքանով են ֆինանսապես անկախ եւ կայուն արդարադատություն իրականացնողները:
Նշենք, որ որոշ դատավորներ 2008-ին զբաղեցրել են այլ պաշտոններ, ուստի գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացրել են 2008թ.-ին իրենց զբաղեցրած պաշտոններում պաշտոնավարելու ժամանակ ստացած եկամուտների վերաբերյալ:
2008թ. ընթացքում ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ քրեական, վերաքննիչ քաղաքացիական եւ վարչական դատարանների 69 դատավորներից միայն 13-ն են օտարել կամ ձեռք բերել որեւէ շարժական կամ անշարժ գույք: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը օտարել են մեկական «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, փոխարենը ոչինչ ձեռք չեն բերել: Եվս մեկ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է օտարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ փոխարենը ձեռք բերելով «ԿԻԱ sportage» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Վարդան Ավանեսյանը եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը 2008-ին ոչ մի անշարժ կամ շարժական գույք չեն օտարել, բայց ձեռք են բերել համապատասխանաբար «Մերսեդես A-190» եւ «Մերսեդես-Բենց ML 320» մակնիշի ավտոմեքենաներ: Ոչինչ չօտարելով՝ տրանսպորտային միջոցներ են ձեռք բերել նաեւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Տարոն Նազարյանը՝ «Մերսեդես Բենց ML 350», եւ Արսեն Մկրտչյանը՝ «Ինֆինիտի QX 4»: Մեկական շենք եւ շինություն են ձեռք բերել ՀՀ վարչական դատարանի դատավորներ Կարինե Բաղդասարյանը եւ Կարեն Մաթեւոսյանը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը 2008-ին օտարել է «Լեքսուս LS 470» մակնիշի ավտոմեքենա՝ ձեռք բերելով շենք եւ շինություն, ինչպես նաեւ «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենա: Վարչական դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը ձեռք է բերել «Աուդի A6 2.8» մակնիշի ավտոմեքենա, օտարել է 2 շենք եւ շինություն, Արծրուն Միրզոյանը ձեռք է բերել «Տոյոտա Լեքսուս- 330» մակնիշի ավտոմեքենա, օտարել է «Մերսեդես-Բենց C 200» մակնիշի ավտոմեքենա, Արթուր Պողոսյանը ձեռք է բերել «Ժիգուլի»՝ «ՎԱԶ- 2115» մակնիշի ավտոմեքենա եւ օտարել է «Ժիգուլի»՝ «ՎԱԶ- 2115» մակնիշի ավտոմեքենա:
2008թ.-ին գույքով եկամուտ ունեցել է միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը՝ 7 մլն 300 հազար ՀՀ դրամ արժողությամբ:
2008թ. ընթացքում 69 դատավորներից միայն 12-ն է ստացել արտարժույթով եկամուտ: Արտարժույթով ամենաշատ եկամուտը ստացել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Տարոն Նազարյանը՝ 219 465 ԱՄՆ դոլար, եւ Տիգրան Սահակյանը՝ 53 729 ԱՄՆ դոլար: Արտարժույթով նվազագույն եկամուտը ստացել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Պողոսյանը եւ Մամիկոն Դրմեյանը՝ 700-ական եվրո:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը արտարժույթով ստացել է 1208 եվրո եկամուտ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Համլետ Ասատրյանը՝ 1500 ԱՄՆ դոլար, Ելիզավետա Դանիելյանը՝ 3000 ԱՄՆ դոլար, Էրնա Հայրիյանը՝ 1800 ԱՄՆ դոլար, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը՝ 8000 ԱՄՆ դոլար, Ստեփան Միքայելյանը՝ 1080 եվրո,ՀՀ վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանը՝ 3000 ԱՄՆ դոլար եւ Արթուր Առաքելյանը՝ 6000 ԱՄՆ դոլար եկամուտ:
2008թ.-ին ՀՀ դրամով եւ գույքով ամենաշատ եկամուտն ունեցել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանը՝ 67.818.687 դրամ: Նրա եկամուտն ավելի քան 27 անգամ գերազանցում է 2008թ.-ին ամենաքիչ եկամուտ ստացած՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի եկամտին (2,5 մլն դրամ) եւ մոտ 9 մլն դրամով ավելի է եկամուտների ծավալով երկրորդ տեղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ցուցանիշից (58 922 199 դրամ): Արման Մկրտումյանին հաջորդում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը՝ 19 920 103 դրամ եկամուտներով:
2008-ին ամենաքիչ եկամուտն ունեցել են ՀՀ վարչական դատարանի դատավորները: Ինչպես նշվեց, 2008-ին ամենաքիչ եկամուտը ստացել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը՝ 2.500.000 դրամ: Նրան հաջորդում են նույն դատարանի դատավորներ Արծրուն Միրզոյանը եւ Քրիստինե Մկոյանը՝ համապատասխանաբար 2 մլն 511.936 դրամ եւ 2.540.578 դրամ եկամուտներով:
Մնացած բոլոր դատավորների՝ 2008թ.-ին ստացած եկամտի չափը տատանվում է 2.6-19.9 մլն դրամի սահմաններում: Անճշտությունից խուսափելու համար այստեղ հաշվի չեն առնված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Տարոն Նազարյանի եւ Տիգրան Սահակյանի եկամուտները, քանի որ նրանց եկամուտները բաղկացած են նաեւ արտարժույթով ստացված միջոցներից: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանի եկամուտը կազմել է 3 747 03 դրամ եւ 219 465 ԱՄՆ դոլար, իսկ Տիգրան Սահակյանի եկամուտը կազմել է 10 200 126 դրամ եւ 53 729 ԱՄՆ դոլար:
ՀՀ վճռաբեկ, քաղաքացիական եւ քրեական վերաքննիչ, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանների նախագահները եւ բոլոր դատավորները միասին 2008թ. ընթացքում ունեցել են 498 247356 դրամ (որից 7300000 դրամը՝ գույքով), 296 494 ԱՄՆ դոլար եւ 3688 եվրո եկամուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել