Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դողագործը» վաճառում է իր «չունեցա՞ծ» գույքը

Հունվար 14,2010 00:00

«Առավոտին» դիմած «Ավտոդողագործ» գործարանի աշխատակիցը չի կարողանում ընկերությունից ստանալ իր հասանելիք գումարը:
Երեւանի բնակիչ Վանյա Հակոբյանը պատմում է, որ 1962 թ.-ից աշխատել է «Ավտոդողագործ» ընկերությունում` որպես ստուգիչ-չափիչ սարքերի փականագործ-բրիգադավար: 1982թ. հունիսի 17-ին գործարանի բաղնիքում՝ աշխատանքից հետո լոգանք ընդունելիս, սայթաքել է, ընկել եւ ստացել գանգի հիմքի կոտրվածք: Շնորհիվ լաբորատորիայի վարիչի, որն այդ պահին առաջին օգնություն է ցուցաբերել, փրկվել է: «Այն ժամանակ  հիմնարկությունում ինձ ասացին` թեթեւ աշխատանք կտանք, մի բողոքիր: Բայց ամեն դեպքում ես ակտ ստորագրեցի: Ինձ տվեցին հասարակական աշխատանք եւ վճարում էին փականագործի աշխատավարձ: Դա ինձ ձեռնտու էր: 2000 թվականին թոշակավորվեցի որպես 2-րդ կարգի հաշմանդամ: Գործարանը փակվեց 1998 թվականին, սեփականաշնորհվեց: Կառավարության որոշմամբ, նվազագույն  փոխհատուցումը եղել է 1000 դրամ, եւ ես դա չեմ ստացել»,- պատմում է Վ. Հակոբյանը եւ հավաստում, որ իր նման մոտ 80 աշխատակիցներ կան, որոնք այդ գումարները չեն ստացել: Հարցը փակվում է այն դեպքում, երբ պարտքատեր-պահանջատերերը մահանում են: Կա ՀՀ տնտեսական դատարանի որոշումը, որ ցուցակի համաձայն պետք է վճարեն մարդկանց պարտքերը, որոնք գործարանի լուծարման կառավարչի մոտ ընդգրկված են իբրեւ պահանջատեր: «Բայց ցավն այն է, որ մի այլ սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիչյանը, որի հետ մեծ դժվարությամբ վերջերս կարողացա միայն հեռախոսով խոսել, ասաց, որ ոչ մի հնարավորություն չկա պարտքերը վճարելու, թե իբր ինքն էլ գումարները չի կարողանում ստանալ: Ասում է, թե գույք են վաճառում, երբ վաճառվի՝ այն ժամանակ էլ կտան: Ես նրան ասում եմ, որ պատրաստ եմ գույք գնել իմ գումարի դիմաց, դա կլինի քար, փայտ, պատ, թեկուզ աղբ, այն` ինչ որ կա: Ասում է, որ ոչինչ չկա: Այդ դեպքում ի՞նչն են վաճառում: Գործարանը սեփականաշնորհել են, բաժանել երկու մասի` «Դողագործ-1» եւ «Դողագործ-2»: Այսինքն, այդ ամբողջ շենքն իր ողջ գույքով տրված է մի սեփականատիրոջ, իսկ փուչիկը, որը չես հասկանում, թե գործարանի որ մասն է, տրված է մեր ժողովրդին, որի մեջ մտնում է նաեւ մեր բաժնետիրության 20 տոկոսը: Այդ 1000 դրամը, որը հետագայում դարձել է 4000 դրամ, օրենքի համաձայն 10 տարվանը միանվագ պետք է վճարվի:  Բայց ոչ մի  լուր կամ պատասխան առայժմ չկա: Ես դատարանով պահանջատեր եմ 2004 թվականից,  ցուցակում ընդգրկված  եմ, դատարանը անվանական ինձ ներկայացրել է որպես պարտատեր: Զարմանալի է, որ  եթե բնակիչը էլեկտրաէներգիայի վարձավճարի կամ այլ կոմունալ պարտք է ունենում, ամբողջ ԴԱՀԿ-ով  գալիս-մտնում են մարդկանց տները, որ գումարը հանեն, իսկ այս պարագայում մենք անպաշտպան ու անօգնական  ենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վանյա Հակոբյանը:
«Առավոտը» փորձեց լսել նաեւ երկրորդ կողմին, սակայն «Դողագործ» ԲԲԸ-ի որեւէ պատասխանատուի գտնել մեզ չհաջողվեց: Պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրանց տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել