Մեր երկրում բժշկական սխալները, որպես կանոն, չեն բացահայտվում, եւ բժիշկները պատասխանատվության չեն ենթարկվում:
Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին բժշկական սխալի արդյունքում մահացել է Ս. Թ.-ն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան գինեկոլոգիական վիրահատության են ենթարկել եւ, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով, բժիշկների խոսքերով, «պիլյոնկա» են դրել արյունահոսող հատվածի վրա: Վիրահատությունից որոշ ժամանակ անց, Ս. Թ.-ի մոտ բարդություններ են սկսվել, ինչի համար էլ հիվանդին տեղափոխել են «Սուրբ Ներսես Մեծ» հիվանդանոց: Այս կլինիկայում եւս մեկ անգամ վիրահատելու ընթացքում, մասնագետները պարզել են, որ տիկնոջ աղիների արանքում «պիլյոնկա» են մոռացել, որից էլ օրգանիզմին վարակ է անցել ու նրան փրկել չի հաջողվել: Շուրջ մեկ ամիս է, «Առավոտը» փորձում է այս դեպքի մասին մանրամասներ ճշտել, թե իրականում կինն ինչի՞ց է մահացել, սակայն դեպքի հետ անմիջական առնչություն ունեցող մասնագետները հրաժարվեցին խոսել այդ մասին:
Ընդհանրապես, բժշկական էթիկայից ելնելով, մեր բժիշկները երբեք իրենց գործընկերոջ սխալի մասին չեն բարձրաձայնում: Գործին առնչվող որոշ մասնագետների հետ զրույցում համոզվեցինք, որ նրանք խուսափում են դեպքի մասին ճշմարտությունն ասել՝ աշխատանքը չկորցնելու մտավախությունից:
Մահացածի դին, հարազատների ցանկությամբ, տեղափոխել են «Արաբկիր» կլինիկայի անատոմիկում: Ակնկալելով, որ դիահերձման արդյունքից գոնե պարզ կլինի, որ մահացածի աղիներում օտար մարմին է հայտնաբերվել, դիմեցինք անատոմիկումի տնօրեն Հասմիկ Զաքարյանին: Նրա խոսքերով՝ «Քանի որ հեռացված աղիքի մեջ օտար բան են հայտնաբերել, եւ դա մենք չենք տեսել, մենք հիմնվելով այնտեղ՝ «Սուրբ Ներսեսում» կատարված այդ աղիքի ուսումնասիրության վրա, տվել ենք հետեւյալ եզրակացությունը. խցանողական աղիքային անանցելիություն՝ աղիների փտախտի թափածակումների եւ ծուղակների զարգացմամբ: Սա՝ իրենց հիմնավորմամբ, քանի որ այստեղ գրված է՝ տե՛ս ախտաբանական հետազոտությունը, որը գտնվում է «Սուրբ Ներսեսում»: Հետվիրահատական վիճակի մասին ասվում է՝ աղիքի ինչ-որ հատված են հեռացրել, հետո որովայնից դուրս են հանել: Հետո նորից որովայնի խոռոչը բացել են, քանի որ աղիներում բորբոքային պրոցես է եղել, հեղուկ է հավաքվել, դրենաժային միջոցով մաքրել են: Դրանից հետո բժիշկը գրում է, որ սկսվել է թարախային զարգացում, որը մյուս օրգաններն է ախտահարել: Մենք տեսել ենք հետվիրահատական վիճակը: Տեսել ենք հեռացված աղիքը եւ դրենաժավորված որովայնը, բայց նաեւ տեսել ենք, որ այդ ամենի ֆոնի վրա եղել է ինտոքսիկացիա եւ զարգացել է մահ»:
Քանի որ ախտաբանական հետազոտությունը, ինչպես մեզ վստահեցրին, գտնվում է «Սուրբ Ներսեսում», մենք փորձեցինք ծանոթանալ հետազոտության եզրակացությանը: Նշենք, որ այդ եզրակացությունը տվել է վիրահատող բժիշկը, որը եւ պետք է հաստատեր կամ հերքեր, արդյոք աղիներում հայտնաբերվե՞լ է օտար մարմին: Սակայն «Սուրբ Ներսեսից» «Առավոտին» վստահեցրին, որ եզրակացությունն իրենց մոտ չէ, եւ նույնիսկ չգիտեն, թե ովքեր եւ ուր են տարել: Ախտաբանական հետազոտությունը կլինիկաները պարտավոր են արխիվացնել, եւ եթե հանկարծ հարազատը որոշի բողոքել կամ տարիներ հետո դատախազությունը որոշի զբաղվել այդ գործով, կարողանա դրա հիման վրա ուսումնասիրություններ կատարել:
Առողջապահության նախարարությունն էլ տեղյակ չէ, թե որտեղ է ախտաբանական եզրակացությունը, եւ վստահեցրին, որ հարկ եղած դեպքում հատուկ հանձնաժողով կստեղծեն՝ Ս. Թ.-ի մահվան պատճառները ուսումնասիրելու համար: