Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ»

Հունվար 14,2010 00:00

ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով, Թուրքիան մեր երկրի հանդեպ մշտապես կիրառում է ագրեսիա, ինչի արդյունքում դրական արդյունքների է հասնում, եւ Հայաստանը գնում է զիջումների. «Մինչդեռ հակառակը պետք է լիներ, եթե թուրքերը նախապայմանների հարց են դնում, մենք պետք է հակադարձենք՝ մեր առաջադրած նախապայմաններով եւ տեսնենք, թե ինչպիսին կլինի Թուրքիայի արձագանքը, արդյո՞ք նա դուրս կբերի իր օկուպացիոն բանակը Կիպրոսից կամ կճանաչի իր ագրեսիան Հայաստանի դեմ, կամ վերաբերմունքը պատմական անցյալի հանդեպ եւ այլն»: Պարոն Խաչատրյանի կարծիքով, արտաքին հարաբերությունների դաշտում գնալով ավելի ու ավելի է բարձրանալու ջերմաստիճանը, որը, անշուշտ, իր անդրադարձն է ունենալու նաեւ Հայաստանի ներքին իրավիճակի վրա. «Որովհետեւ մենք հարցականի տակ ենք դնում կարեւորագույն հանգամանք՝ հայ ժողովրդի հայրենազրկման հարցը: Հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում մենք վտանգում ենք հենց այս հանգամանքը, եւ ես այդ համարում եմ ամենածանր հարվածը, որը կարող են հասցնել հայ ժողովրդին»: Պարոն Խաչատրյանը հույս հայտնեց, որ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը չի արժանանա նույնպիսի հապշտապության, ինչպիսին Սահմանադրական դատարանում էր. «Իշխանությունը անվիճելիորեն խորհրդարանում ունի մեծամասնություն, բայց կարծում եմ, հայ ժողովրդի շահերից ելնելով, պետք է այնտեղ տեղի ունենա հանգամանալից քննարկում»: Պարոն Խաչատրյանի կարծիքով, ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում հնարավոր են նաեւ որոշակի ձեւափոխումներ. «Ձեւափոխում ասածը սեղանին դրված փոխզիջումային դաշտի վերաձեւավորումն է, կոնկրետացումը: Ադրբեջանը պետք է պատասխանի գլխավոր հարցին. Ադրբեջանը հայաբնակ տարածքները մտադի՞ր է վերադարձնել, մտադի՞ր է փոխհատուցել այն ամենը, ինչը կորցրել են հայերն այդ տարածքներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել