Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտադրամասում միջատներին վերացրել են

Հունվար 14,2010 00:00

«Առավոտի» հրապարակումից հետո գյուղնախարարությունը տնտեսվարողին տուգանել է եւ միառժամանակ արգելել հակահիգիենիկ պայմաններում լոխում ու մարմելադ արտադրել:

«Եսայանի Ոսկե հատ» ընկերության արտադրած թխվածքաբլիթներից մեկի մեջ հայտնաբերելով հայկական շուկային հատուկ մսամթերք՝ միջատ, մենք սեպտեմբերի 11-ի համարում հրապարակում էինք տպագրել՝ «Ուտում ենք միջատներով համեմված սննդամթերք» վերնագրով: Նշենք, որ այդ ընկերությունը շուկայում գործում է արդեն 10 տարուց ավելի, եւ երբ պարզաբանումներ խնդրեցինք «Ոսկե հատի» ներկայացուցիչներից, վերջիններս պարզաբանել էին, որ «այսօր նույնիսկ ամենամաքուր սննդամթերքի՝ հացի մեջ կարող ես ինչ ասես գտնել, ուրեմն պեչենիի մեջ էլ հնարավոր են այդպիսի բաներ լինել: Դա առաջին ու եզակի դեպքն է՝ մեր արտադրանքի հետ կապված, իսկ հիգիենայի հարցում երբեւէ սանէպիդկայանի հետ խնդիրներ չենք ունեցել»: Մեր հրապարակումից հետո գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունն այդ ընկերության արտադրամասում ստուգումներ է իրականացրել եւ հայտնաբերել մի շարք խախտումներ ու թերություններ: Արդյունքում՝ ընկերությունը ոչ միայն տուգանվել է 200 հազար դրամով, այլեւ, հիմք ընդունելով տեսուչների եզրակացությունը՝ մոտ երկու ամսով գյուղատնտեսության նախարարն արգելել է «Ոսկե հատի» հրուշակեղենի որոշ տեսակների՝ լոխումի, ռուլետի, ձյունիկ մարմելադի արտադրական գործունեությունը, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացվել են եւ լաբորատոր փորձաքննության պատասխանը դրական է եղել:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրել են նախարարությունից, տեսչությունն ընկերությունում կատարած ստուգումների ժամանակ մասնավորապես հայտնաբերել էր, որ հացի, հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներն ապահոված չեն եղել, չի պահպանվել գույքի, տարաների, օգտագործվող պարագաների լվացման կարգը, բացակայել է հոսող տաք ջուրը, չեն օգտագործվել ախտահանիչ նյութեր, չեն պահպանվել սննդամթերքի պահման կանոններն ու պայմանները: Բացի այդ, տեսուչներն ընկերության արտադրանքի լաբորատոր հետազոտության համար կատարել են նմուշառումներ, եւ վերցրած հրուշակեղենի նմուշներից երեքում մանրէաբանական ցուցանիշները չեն համապատասխանել «Պարենային հումքին, սննդամթերքի անվտանգության եւ սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների» մասին սանիտարական, հակահամաճարակային կանոնների եւ նորմերի պահանջներին:
Արտադրանքը նորից շուկա հանելու համար ընկերությունը ստիպված է եղել մշակել նոր պիտակներ, արտադրամասն ապահովել մշտական հոսող տաք ջրով, ախտահանիչ նյութերով, կատարել է գույքի, տարաների լվացման ու ախտահանման աշխատանքներ եւ այլն:
Ուշագրավ է, որ այս ընկերությունը, որն իր արտադրական գործունեությունը ծավալել է նման խախտումներով, 10 տարի գործելով շուկայում՝ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ որեւէ խնդիր չի ունեցել: Փաստորեն, տնտեսվարողի եւ վերահսկողի միջեւ հարցերը լուծվել են «ներքին կարգով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել