Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՕՐԱՆԺԸ» ՀՈՒՍԱԽԱ՞Բ Է ԱՆՈՒՄ

Հունվար 14,2010 00:00

\"\"Բաժանորդների հավաստմամբ, բջջային երրորդ օպերատորը պատշաճ ծառայություններ չի մատուցում

Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին, Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերության հանդիսավոր մուտքն ազդարարող պաշտոնական արարողության ընթացքում, «Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սուանտին հպարտորեն հայտարարեց, որ շատ կարճ ժամանակում իրենց ընկերությունը գերարագ ինտերնետի ոլորտում որակյալ կապի եւ մատչելի գների շնորհիվ հայաստանյան շուկայում կլինի առաջատար: Ընկերության ղեկավարությունը շատ ինքնավստահ ներկայացրեց, ըստ իրենց, լավագույն առաջարկները Հայաստանի ինտերնետ շուկայում:
Խոսքը վերաբերում է մասնավորապես «Ինտերնետ Հիմա» մոդեմին, որը 1 տարով բաժանորդագրվելու եւ ամսական 9 հազար դրամ վճարելու դեպքում այն բաժանորդին տրամադրվում է 1 դրամով: Այս վճարի դիմաց բաժանորդը պետք է ստանա 3 ԳԲ գերարագ ինտերնետ, իսկ այդ ծավալը սպառվելուց հետո կշարունակի օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ 128 Կբ/վ արագությամբ:
Մոդեմն առանց բաժանորդագրության ձեռք բերելու դեպքում կարժենա 35 հազար դրամ: Նկատի ունենալով շարժական եւ գերարագ կապի առավելությունները, բազմաթիվ բաժանորդներ այնքան ոգեւորված շտապեցին «Օրանժի» սպասարկման կենտրոններ՝ մոդեմները ձեռք բերելու, որ շատ կարճ ժամանակում, մոտ 20 օրվա ընթացքում դրանց ողջ խմբաքանակն արդեն սպառվել էր, եւ շատերը չկարողացան գնել այն: Ըստ էության շահեցին այն բաժանորդները, որոնք չկարողացան գնել ինտերնետի միացման մոդեմները, քանի որ արդեն իսկ «Օրանժի» բաժանորդ դարձած մարդիկ շատ շուտ հիասթափվեցին: Խնդիրն այն է, որ շաբաթվա ընթացքում 1 կամ 2 օր կապն ընդհատվում էր: Այս առնչությամբ «Օրանժ Արմենիայի» տնօրեն Բրունո Դյութուան հայտարարեց, որ բաժանորդների՝ նախատեսվածից մեծ քանակի պատճառով տեխնիկական խնդիրներ են առաջացել եւ խոստացավ, որ դեկտեմբերի ընթացքում դրանք կլուծվեն: Իսկ լուծվեց խնդիրը այսպես. Նոր տարվա նախաշեմին՝ դեկտեմբերի 28-ից մինչ ներառյալ այսօր «Օրանժի» բաժանորդները զրկված են ինտերնետ կապից: Տարբեր օրերի եւ օրվա տարբեր ժամերին զանգելով սպասարկման կենտրոններ՝ 055 000-555 կամ պարզապես 555 հեռախոսահամարներով, «Օրանժի» աշխատակիցներից լսում են՝ «քիչ առաջ ցանցում տեխնիկական խնդիրներ են առաջացել, խնդրում ենք փորձել 1 ժամից»: «Առավոտը» եւս զանգեց սպասարկման կենտրոն եւ ստացավ նույն պատասխանը: Ստացվում է, որ բաժանորդները հայտնվել են խաբվածի կարգավիճակում: Վճարել են ամսական 9 հազար դրամ եւ վճարած գումարի դիմաց ամսվա կեսից ավելին ընկերության կողմից նրանց որեւէ ծառայություն չի տրամադրվել: Օրվա ընթացքում տարբեր հեռուստաալիքներով ամենաքիչը 50 անգամ գովազդային տեսահոլովակներ ցուցադրող «Օրանժը», թերեւս, կարող էր այդ հոլովակներից մեկով էլ իր բաժանորդներին տեղեկացնել, որ, ինչպես սովորաբար ասվում է նման դեպքերում. «տեխնիկական խնդիրների կամ ցանցի ծանրաբեռնվածության պատճառով որոշ ժամանակ ինտերնետ կապի տրամադրման հետ կապված խնդիրներ կլինեն»:
Ամանորի հրաշքների մասին ազդարարող «Օրանժի» կողմից Ամանորի նախաշեմին իսկապես շատ լավ «անակնկալ» էր բաժանորդների համար:
Մեկ այլ խնդիր էլ կապված է ընկերության կողմից տրամադրվող ռոմինգ ծառայության հետ: Բջջային կապի օպերատորը արդեն իսկ հայտարարել է, որ իր բաժանորդները կարող են հասանելի լինել անգամ այն ժամանակ, երբ գտնվում են արտերկրում: Խոսքը ռոմինգ ծառայության մասին է, որի շնորհիվ հնարավոր է զանգել ու զանգեր ընդունել, ստանալ եւ ուղարկել հաղորդագրություններ ու նաեւ օգտվել GPRS-ից: «Օրանժի» ռոմինգ ծառայությունն ակտիվացնելն անվճար է:
«Առավոտին» դիմած բաժանորդներից մեկը՝ Հասմիկ Մկրտչյանը պատմեց, որ վերջերս՝ Մոսկվա մեկնելուց առաջ, այցելել է ընկերության սպասարկման կենտրոն, որտեղ աշխատակիցների օգնությամբ իբր ակտիվացրել է ռոմինգ ծառայությունը, աշխատակիցներն էլ վստահեցնելով, որ ամեն ինչ նորմալ է, նրան ճանապարհել են:
«Մոսկվայում հայտնվեցի խաբվածի վիճակում, պարզվեց, որ ես անհասանելի եմ, չեմ կարող զանգել եւ զանգեր ընդունել: Եթե հնարավոր չէր ապահովել այդ ծառայությունը, ինչո՞ւ բաժանորդներին նախապես չեն զգուշացնում, որ մենք մեր անելիքն իմանանք»,- դժգոհում էր տիկին Մկրտչյանը՝ ավելացնելով. «Չէի պատկերացնում, որ նման բան կարող է պատահել, մտածում էի, որ գուցե հաշիվս բավարար չափով լիցքավորված չէ: Զանգեցի Հայաստան՝ ամուսնուս եւ խնդրեցի լիցքավորել հաշիվս, սակայն դա էլ չստացվեց, քանի որ ըստ էության իմ հեռախոսահամարը Մոսկվայում չէր գործում»:
Բաժանորդների դժգոհությունների առնչությամբ «Առավոտը» պարզաբանում խնդրեց «Օրանժ Արմենիա» ընկերությունից: Ընկերության լրատվական ծառայության մեկնաբանմամբ. «Մենք, իսկապես, ինտերնետի հետ կապված որոշակի խնդիրներ ունեցել ենք, այդ պատճառով էլ նոյեմբեր ամսվա ծառայությունները մեր բաժանորդներին տրամադրվեցին ամբողջությամբ անվճար: Տեխնիկական խնդիրներն արդեն լուծվել են, եւ դեկտեմբերից մեր բաժանորդներն օգտվում են ինտերնետից՝ բարձր արագությամբ: Նույնիսկ Ամանորի տոների ընթացքում գրանցել ենք ինտերնետի արագության ավելի քան գոհացուցիչ ցուցանիշներ: Սակայն երեկոյան ժամերին, որոնք ինտերնետի համար ամենածանրաբեռնվածն են, դեռեւս նկատվում են ինտերնետ կապի որոշ թերություններ եւ խափանումներ: «Orange»-ն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել եւ այժմ էլ շարունակում է ցանցի տեխնիկական բարելավումը: Վստահ ենք, որ շուտով մեր բաժանորդներն այլեւս որեւէ անհանգստություն չեն ունենա ինտերնետի օգտագործման հարցում: Ինչ վերաբերում է ռոմինգի ծառայությանը, մենք խորհուրդ ենք տալիս մեր բաժանորդներին արտերկիր մեկնելուց առաջ բաժանորդների սպասարկման կենտրոնում կամ վաճառքի կետերում ճշտել ռոմինգի առկայությունը տվյալ երկրում, քանի որ ռոմինգի մեր ցանկը պարբերաբար համալրվում է նոր երկրներով»:

Հ. Գ. Երեկ տեղեկացանք, որ «Օրանժի» կենտրոնական գրասենյակում մեկ տասնյակից ավելի բաժանորդներ բողոքի մեծ ալիք են բարձրացրել՝ ընկերությունից պահանջելով չեզոքացնել այն պարտքերը, որոնք իբրեւ թե գոյացել են «Օրանժի» ինտերնետ կապից օգտվելու համար: Բաժանորդները պատրաստվում են դատարան դիմել՝ ապացուցելու, որ «Օրանժը» ինտերնետ չի ունեցել, հետեւաբար իրենք մեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող օգտվել այդ կապից ու պարտքեր կուտակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել