Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այս ընտրություններում որեւէ շահագրգռվածություն չի եղել»

Հունվար 14,2010 00:00

ՀՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ թիվ 10-ում ՀՀԿ-ն անկողմնակալ է  եղել, եւ «ընտրություններն ազատ էին թողնված»:

Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը դարձավ Նոր տարվա առաջին քաղաքական իրադարձությունը: Այս ընտրությունների մասին կարծիքները տարբեր են. իշխանության ներկայացուցիչները, ինչպես միշտ, պնդում են, որ ընտրություններն անցել են ազատ եւ արդար, իսկ ընդդիմությունը հակառակ կարծիքին է, թեպետ հունվարի 12-ի մամուլի ասուլիսում ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ ընտրությունները «կազմակերպական առումով լավագույն ընտրություններն էին ՀԱԿ-ի գործադրած ջանքերի առումով», որովհետեւ Փաշինյանի վստահված անձինք ու նաեւ քարոզիչները «հոյակապ աշխատեցին», ու «այս ծանրագույն պայմաններում մենք կարողացանք հասնել շշմեցուցիչ արդյունքների, որի համար շնորհավորում եմ մեր աջակիցներին»:
«Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուի շտաբում չեն ասում, թե հասել են «շշմեցուցիչ արդյունքների», թեպետ հաղթել է իրենց թեկնածուն, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրության մասին հետեւյալ կարծիքին է. «Թիվ 10 ընտրատարածքում կուսակցական խնդիր կամ առաջադրանք Հանրապետական կուսակցությունը չի ունեցել, պարզապես ցանկացած տեղում ընթացող ընտրությունները ոչ միայն հետաքրքրություն են առաջացնում, այլեւ պարտավոր ենք հետեւել ուշի-ուշով՝ փորձելով ամեն ինչ անել, որ ընտրությունները լավ անցնեն: Այդ իմաստով կոնկրետ ես բավականին լուրջ քայլեր եմ կատարել, հանդիպել եմ Արա Սիմոնյանի հետ, ում մինչ այդ չէի ճանաչում, հանդիպել եմ նաեւ մեր տարածքային կազմակերպության անդամների հետ: Ընտրությունները ազատ էին թողնված: Ըստ մեր ունեցած ինֆորմացիայի, Արա Սիմոնյանը բավականին ճանաչված անձ է: Ընտրությունների օրը ուշի-ուշով հետեւել եմ ընտրությունների ընթացքին, ինչպես եւ սպասվում էր, ընդդիմադիր կողմից անընդհատ պրովոկացիաներ էին տեղի ունենում, առավել եւս՝ Փաշինյանի ընտրաթիմը չէր դադարեցրել քարոզչական աշխատանքները նաեւ ընտրության օրը եւ բջջային հեռախոսներով փորձում էին ազդել ազգաբնակչության վրա: Համենայնդեպս, մենք փորձեցինք այնպես անել, որպեսզի ընտրությունները բարեհաջող եւ արդյունավետ ելք ունենան»: Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ «դիմում-բողոքների հիման վրա բացվող արկղերի արդյունքում Արա Սիմոնյանի ձայները ավելի մեծանում են, քան պակասման միտում ունեն, եւ պիտի հավատացնեմ, համենայնդեպս, իմ տպավորությունն այդպիսին էր, որ նույնիսկ, եթե բոլոր 33 ընտրատեղամասերի քվեատուփերը բացվեն, որեւէ խախտում չեն կարող հայտնաբերել, քանի որ աշխատել են շատ հանգիստ, ըմբռնումով, նաեւ կանխատեսվում էր, որ ընդդիմության կողմն ավելի ագրեսիվ պիտի լինի, եւ ընտրության օրը դա ակնհայտ դարձավ»:
Հարցրինք՝ ինչո՞ւ էր ՀՀԿ-ն շահագրգռված, որ հաղթի ԱՄ-ի ներկայացուցիչը, մեծամասնության կազմով ուժի համար ի՞նչ տարբերություն՝ մի պատգամավոր ավելի՞ն կունենա, թե՞ պակաս: Գալուստ Սահակյանի ասելով, Հանրապետականը այս ընտրություններում որեւէ շահագրգռվածություն չի ունեցել. «Որեւէ շահագրգռվածություն, որպես կուսակցություն, մեր կողմից չի եղել, մենք ընդամենը փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները զուսպ անցնեն, խախտումներ չլինեն եւ թափանցիկ լինեն, կարծում եմ՝ հաջողվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել