Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԶՍՊԱՇԱՊԻԿ ԲԱՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունվար 14,2010 00:00

\"\"Արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՍԴ որոշումն այսպես է գնահատում իրավագետ Հրայր Թովմասյանը:

Համարո՞ւմ եք արդյոք, որ ՍԴ որոշմամբ անդրադարձ կատարվեց այն բոլոր մտահոգություններին, որոնք ներկայացնում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների ընդդիմախոսները՝ մեր այս հարցին ի պատասխան իրավագետ Հրայր Թովմասյանն ասաց, թե չափազանցված էին այս գործընթացի վերաբերյալ մտահոգությունները. «Այդպիսի մե՜ծ մտահոգություններ 3-րդ, 4-րդ, 5-րդ հարթության մեջ միայն կարելի էր տեսնել: Այս արձանագրություններին դեմ հանդես եկող կողմը չափազանցում էր վտանգները, խտացնում գույները, իսկ մյուս՝ իշխանական կողմն շատ ավելի պայծառ էր ներկայացնում սրանց օգուտները: Իրականում այս արձանագրությունները գործընթացի միայն սկիզբն են՝ հետագայով է պայմանավորված հարցերի պատասխանները՝ արդյոք սրանք կործանարա՞ր են լինելու, թե՞ այս ամենից մենք ինչ-որ բան ենք կարողանալու ստանալ»: Առկա մտահոգություններից Հրայր Թովմասյանը առանձնացրեց երեք հիմնականները. «Այդ 3 հարցերի պատասխաններն էլ տրվեցին»:
Առաջին մտահոգություն՝ արդյոք Ցեղասպանության ճանաչման խնդիրը դո՞ւրս է գալիս օրակարգից՝ ըստ այս արձանագրությունների: Սահմանադրական դատարանը գտել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության դրույթները «չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»: Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ՍԴ-ն առաջին անգամ է անդրադարձ կատարել Սահմանադրության նախաբանին եւ ամրագրել, որ այն Սահմանադրության բաղկացուցիչ մասն է: Հիշեցնենք նաեւ, որ Անկախության հռչակագրի 11-րդ կետն է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: «Երկիր Մեդիայի» մեկնաբանությամբ՝ ըստ այդմ, ՍԴ-ն արգելել է կատարել որեւէ քայլ, որով կկասեցվի Ցեղասպանության ճանաչումը: «Փառք ու պատիվ Սահմանադրական դատարանին, որ արտահայտեց մի իրավական դիրքորոշում, որով հետագայի եւ այս արձանագրությունները կիրառողների եւ մեկնաբանողների համար գծեց մի սահման, որ որեւէ մեկի մտքով չանցնի այս արձանագրությունների շրջանակում ձեռնարկվող գործողությունների ժամանակ հանկարծ կասկածի տակ դնել Ցեղասպանությունը,- ասաց Հրայր Թովմասյանը:- Եվ սա կարեւոր էր այն առումով, որ կարող էր տարընթերցում, տարբեր մեկնաբանություններ լինել, թե արդյոք Սահմանադրության նախաբանն ունի՞ նորմատիվ բնույթ կամ Անկախության հռչակագիրը նորմատի՞վ ակտ է, մեր օրենսդրության բաղկացուցիչ մա՞սն է: Այս հարցերի պատասխանները տրվեցին: Եվ ոչ միայն հիմա՝ այս արձանագրությունների շրջանակներում, այլեւ ընդհանրապես՝ որեւէ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետությունում ժխտել Ցեղասպանության փաստը»:
Երկրորդ մտահոգություն՝ արդյոք Ղարաբաղի հարցը կապվա՞ծ է այս արձանագրությունների հետ, այն սահմանվա՞ծ է որպես նախապայման: ՍԴ-ն գտել է. «Արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին»: Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիան «ի սկզբանե առոչինչության հիմք է սահմանում, երբ երկու պետությունները պայմանագիր են կնքում 3-րդի վերաբերյալ, այսինքն՝ մի պետության, որը մասնակից չէ այդ հարաբերություններին: Ըստ այդմ՝ կարելի էր սա նաեւ չգրել: Հասկացե՛ք՝ սա մեր երկուսի խնդիրն է. մենք չենք կարող երկուսով պայմանավորվել երրորդ պետության վերաբերյալ»: Սակայն նաեւ հավելեց. «Ակնհայտ էր, որ Թուրքիան ունեցել է նման ցանկություն՝ հենց արձանագրություններում ամրագրել նման բան, բայց իրենց չի հաջողվել»:
Եվ երրորդ մտահոգությունը վերաբերում է սահմանների ճանաչման խնդրին եւ դրանք հետագայում ընդհանրապես փոփոխման ենթակա չլինելուն: ՍԴ-ն որոշման մեջ գործածել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «փաստացի սահման» ձեւակերպումը: «Ոչ ոք չի կարող ժխտել փաստացի այն սահմանը, որը կա»,- ասաց Հրայր Թովմասյանը: ՍԴ-ն նաեւ նշել է. «Հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի երկու պետությունների միջեւ գրավոր ձեւով կնքված եւ միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա»: Կարելի է ենթադրել, որ այս ձեւակերպումը վերաբերում է նաեւ սահմանների խնդրին:
ՍԴ որոշմամբ, ըստ իրավագետի՝ «Հայկական կողմը ցույց տվեց, որ արձանագրությունների մեր ընկալումը սա է»: Այս առնչությամբ մեջբերեցինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետեւյալ պնդումը. «Ամբողջ խնդիրն այն է, որ եթե Հայաստանն այդպես է դիտում այս փաստաթուղթը, դա դեռ չի նշանակում, որ Թուրքիան էլ է նույն կերպ այն դիտում: Եթե դրանք դառնան վերապահումներ եւ ԱԺ-ի կողմից կից հայտարարությամբ ընդունվեն, բնականաբար, դրանք պետք է փոխանցվեն Թուրքիային, ու Թուրքիան էլ իր համաձայնությունը տա կամ չտա, որն էլ կպարզի նրանց տրամադրվածությունը: Հիմա սա ուժ չունի դրսի համար: Սահմանադրական դատարանի որոշման միայն վերջին մասը, որն ասում է, որ համապատասխանում է Սահմանադրությանը, իրավական ուժ ունի»: Հրայր Թովմասյանի արձագանքն էր. «Ինձ համար սա անհասկանալի է, այսինքն՝ եթե հանկարծ հայտարարություն ընդունենք ու տանք մյուս կողմին՝ թուրքերն ընդունելո՞ւ են, որ հա՝ դուք այսպես եք հասկացել»: Նաեւ հիշեցրեց. «Եթե հետեւել եք ԱԺ-ի՝ միջազգային պայմանագրերի վավերացման վերջին մի քանի ամսվա պրակտիկային, տրվում է հետեւյալ ձեւակերպումը՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը՝ ԱԺ-ն որոշեց վավերացնել»: Ըստ Հրայր Թովմասյանի՝ սա արդեն իսկ վերահաստատում է, թե ԱԺ-ն առաջնորդվում է այդ չափորոշիչներով եւ տվյալ փաստաթղթերը հասկանում այդ ձեւով. «Թուրքիան իհարկե միշտ էլ կարող է ուրիշ բան հասկանալ: Բայց կարեւոր է, որ մեր կողմի բանակցողների, քննարկողների համար՝ ովքեր էլ լինեն, զսպաշապիկ կա՝ ի դեմս ՍԴ այս որոշման եւ իրավական այս դիրքորոշումների: Եվ նրանք չեն կարող ասել՝ եկեք սահմանը բացենք ԼՂ հարցում զիջման դիմաց, կամ՝ եկեք հանձնաժողովում քննարկենք՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ես չեմ բացառում, որ թուրքական կողմը կարող է նման առաջարկներ անել: Բայց հայկական կողմը պիտի բարի լինի այդ դեպքում ասելու՝ եկեք քննարկենք, թե դրանց հետեւանքների վերացման ճանապարհները որոնք են՝ փոխհատուցում եւ այլն: Եվ երբ ասում եմ, որ այս ամենը դեռ առջեւում է՝ ՍԴ-ն ամրագրել է, որ մյուս պայմանագրերը հետագայում եւս դառնալու են ՍԴ քննարկման առարկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել