Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՄՆՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾ

Հունվար 14,2010 00:00

Ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Վահագն Գեւորգյանը հրավիրվել էին ոստիկանության Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության քննչական բաժին՝ դեկտեմբերի 27-ի միջադեպի առնչությամբ (այդ օրը ծեծի էին ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն իրականացնող ակտիվիստները) առերես հարցաքննության: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, հարուցված քր. գործով տուժողներ ճանաչված Կարապետյանն ու Գեւորգյանը առերես հարցաքննվել են «Կյաժ» մականունով ոմն Դավիթ Սիմոնյանի հետ, ով, ըստ նրանց, «ամենաակտիվն» էր եղել այդ միջադեպի ժամանակ ու մետաղական ձողով հարվածել էր Վ. Գեւորգյանին, իսկ կաստետով՝ Վլ. Կարապետյանին: Աղբյուրի մատուցմամբ, Կարապետյանն ու Գեւորգյանը նաեւ պնդում են, որ դեկտեմբերի 27-ի միջադեպի նույն մասնակիցները ակտիվ դերակատարություն են ունեցել նաեւ հունվարի 10-ին՝ ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության օրը: Ընդդիմությունը ոստիկանությանը նաեւ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 27-ի միջադեպի ժամանակ իրենց վրա հարձակվողների գործողությունները վերահսկել էր ոմն Վահան Նադալյան: Սակայն, Վլ. Կարապետյանի ասելով, նրա նկատմամբ ոստիկանությունը որեւէ միջոցառում չէր ձեռնարկել, եւ քվեարկության օրը Նադալյանի գլխավորությամբ նույն մարդիկ «անկաշկանդ իրականացրել էին ապօրինություններ թիվ 10/19 եւ 10/20 ընտրատեղամասերում»:
Հունվարի 12-ին նախատեսվել էր, որ Վ. Գեւորգյանն ու Վլ. Կարապետյանը առերես կհարցաքննվեն նաեւ Վահան Նադալյանի հետ, ինչը, սակայն, ժամանակի սղության պատճառով հետաձգվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել