Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հունվարի 12-ի դրությամբ ստացվել է 1 հաղորդում, եւս 7 հաղորդման ընթացք է տրվել դատախազության նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում: Խոսքը մասնավորապես հունվարի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի մասին է, որի արդյունքում մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանն ու նրա որդին՝ վստահված անձինք Կարենը եւ Սուրեն Մարտիրոսյանը, նաեւ թեկնածու Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանը: Այս միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:
ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում դատախազությունը ցուցում է տվել ոստիկանությանը ստուգել թիվ 10/19, 10/14, 10/15, 10/20, 10/12, 10/18, 10/24 ընտրատեղամասերում ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ հրապարակումներում մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:
Հետաքննության արդյունքում թիվ 10/19 ընտրատեղամասում արձանագրված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հունվարի 13-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն իրականացնելու համար: Մնացած ընտրատեղամասերի վերաբերյալ հրապարակումների ուղղությամբ ոստիկանությունում հետաքննությունը շարունակվում է: