Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՆԴԻՐՆ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ ԷՐ»

Հունվար 14,2010 00:00

Իր հակառակորդների մասնակցությունը թիվ 10 ընտրատարածքում ընտրական գործընթացներին այսպես է որակում Արա Սիմոնյանը:

– Քանի որ մինչ այժմ հրաժարվում էիք հարցազրույցներ տալուց՝ պարզաբանեք, խնդրեմ, ինչո՞ւ որոշեցիք պայքարի դուրս գալ ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ պատգամավորի մանդատի համար, այն դեպքում, երբ ինքներդ սեփական կուսակցության շրջանակներում էլ քաղաքական ակտիվություն չեք ունեցել եւ լայն հանրությանն էլ ծանոթ չեք:
– Համաձայն չեմ, որ ես լայն հանրությանը ծանոթ չեմ, պարզապես եթե կան մարդիկ, ովքեր հեռուստաէկրաններից կապիկություններ են անում, ծաղրածուի դերակատարություն են ստանձնել եւ այդ կերպ են ծանոթ հանրությանը՝ դեռ չի նշանակում, որ նրանք հանրաճանաչ են: Կամ մեկ ուրիշը, ով իրեն քաղաքագետ է հորջորջում եւ ժամանակ առ ժամանակ մարդկանց հասցեին հերյուրանքներ է տարածում, նույնպես չէի ասեի, թե ավելի հանրաճանաչ է: Իմ մասին ասեմ, որ վերջին 10 տարում շատ ակտիվ գործունեություն եմ ծավալել «Ազգային միաբանություն» կուսակցությունում, եւ կուսակցական աշխատանքն ամենեւին էլ չի ներառում հեռուստաէկրանից ամենօրյա երեւալը: Թերեւս իմ կուսակցական աշխատանքի արդյունք է այն, որ ես առաջադրվեցի կուսակցության կողմից: Ես ծնվել եւ մեծացել եմ հենց կենտրոնում եւ շատ ընկերներ, բարեկամներ ունեմ:
– Գուցե ակտիվ կուսակցական աշխատող եք, բայց քաղաքական դեմք չեք. ինչպե՞ս պատահեց, որ բնակչությունը առավելություն տվեց ձեզ, մանավանդ, որ քարոզարշավ էլ չեք վարել ու գոնե խոստումներ չեք տվել:
– Խոստումներն այս կամ այն կերպ Ընտրական օրենսգրքով որակվում են ընտրակաշառք, ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք: Իսկ քարոզարշավի ընթացքում աշխատել եմ ինձ լուրջ ու հավասարակշռված պահել: Ոչ թե անընդհատ հեռուստաէկրանին երեւալ, այլ մարդկանց հետ բակային հանդիպումներ ունենալ, որոնց ընթացքում ես բացատրել եմ իմ առաջադրվելու դրդապատճառները, ծրագրերը, եւ մարդիկ ընդունել են: Վկան՝ ընտրությունների արդյունքները:
– Ընտրությունների ամբողջ օրը ձեր շտաբը որեւէ խախտման եւ կեղծիքի մասին չխոսեց, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի շտաբն անընդհատ էր ահազանգում դրանց մասին, բայց հաջորդ օրը դուք առաջինը ներկայացրեցիք 11 տեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջ:
– Ընտրությունների ողջ օրվա ընթացքում իմ վստահված անձինք իսկապես խախտումներ չեն արձանագրել: Իսկ իմ ներկայացրած դիմումները խախտումներին չէին վերաբերվում, պարզապես մեր սպասելիքներով այդ տեղամասերում ավելի շատ ձայներ պետք է ունենայինք: Ի դեպ, իմ ներկայացրած 11 տեղամասերից 4-ում վերահաշվարկ կատարվեց, եւ էական փոփոխություններ չկային՝ մեկ-երկու ձայնի տարբերություն, ուստի ես երեկ դիմել եմ վերահաշվարկը դադարեցնելու համար:
– Համարում եք, որ կայացած ընտրություններն արդար եւ օրինակա՞ն էին:
– Այո, ես համարում եմ, որ այս ընտրություններն արդար եւ օրինական էին, եւ Կենտրոնի բնակիչներն ընտրեցին մարդուն, ում ճանաչում են, ինչու ոչ՝ հարգում եւ կուզեին տեսնել ԱԺ-ում՝ որպես իրենց պատգամավոր:
– Այսինքն՝ արդար եւ օրենքո՞վ էր, որ նախաամանորյա օրերին համատիրությունների միջոցով թոշակառուներին զեյթուն, հնդկաձավար, գինի, շաքարավազ էին բաժանվում՝ ձեր օգտին քվեարկելու բլանկներ լրացնելով, որտեղ նաեւ անձնագրային տվյալներ էին ֆիքսվում, այն, որ թենիսի կորտերում երեխաների համար միջոցառումներ էին կազմակերպվում եւ նվերներ էին բաժանվում՝ ծնողներին հրահանգելով մասնակցել ընտրություններին եւ քվեարկել ձեր օգտին, կամ որ քաղաքապետարանի կողմից բուժաշխատողներին եւ ուսուցիչներին էր ներքին հրահանգ իջեցված:
– Նման փաստեր ունե՞ք, եթե ներքին կարգով էր, որտե՞ղից եք տեղեկացել:
– Ձայնագրություններ ունեմ, որտեղ մարդիկ իրենց անունից պատմում են այդ մասին:
– Երեւանը փոքր է, խոսակցությունների մակարդակով տարբեր բաներ կարող են ասել: Ես այլ բան կասեմ՝ վերջին երկու ամսվա ընթացքում հակառակ կողմից բազմաթիվ հայտարարություններ եղան, որ գործի է դրվելու կեղծիքների մեքենան, սադրանքներ եւ այլն: Դա հենց սկզբից ծրագրավորված էր եւ նախատեսված ժողովրդի այն հատվածի համար, ովքեր բավականին հեշտությամբ են նման բաների հավատում: Թե ընտրություններից առաջ, թե ընտրությունների օրը մենք ականատես եղանք բազմաթիվ սադրանքների՝ ուղղված հանձնաժողովի աշխատանքները խանգարելուն եւ այլն:
– Ո՞ւմ կողմից:
– Հակառակ կողմից:
– Դրանք երկուսն են, հատկապես ո՞ւմ:
– Ես չեմ կարծում, որ երկուսն են: Նրանք միասին էին գործում, եւ իրենց վստահված անձինք էլ սադրանքներ էին հրահրում: Հենց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած պատահարը, որը ներկայացվում է մարդկանց մի խմբի կողմից ծեծելու փաստ, մենք հակառակ տեսակետին ենք եւ պնդում ենք, որ բացահայտ սադրանք է եղել այդ աղանդի (նկատի ունի՝ ընդդիմությունը- Ն. Գ.) վստահված անձի կողմից: Հայհոյախոսվել է հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների հասցեին, իսկ իմ վստահված անձինք, հավատացեք, պատվախնդիր մարդիկ են: Նաեւ նրանց հասցեին էլ են հայհոյանքներ հնչել:
– Ի՞նչ տրամաբանություն կա այդ ամենում:
– Իրենց կողմից խնդիր էր դրված այս ընտրությունների շուրջ հնարավորինս աղմուկ բարձրացնել: Մի 10 օրից մենք այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք, բայց իմ համոզմունքը եւ նախնական կարծիքն այդ է:
– Ի՞նչ խնդիր էին դրանով լուծելու:
– 10 օրից այդ ամենին կանդրադառնանք:
– Ընտրություններին հաջորդած օրն ինչո՞ւ դուք լռեցիք ու թաքնվեցիք «կուսակցական հոր» ետեւում, քանի որ նա հրապարակային հայտարարություններ արեց:
– Բոլորս էլ միս ու արյունից ենք եւ մեկամսյա լարված ու հատկապես այդ օրվա ծանր աշխատանքից հետո, կարծում եմ, հանգստանալու իրավունք ունենք:
– Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ազգակա՞նն եք:
– Այդ հարցը անընդհատ հնչում է: Երբ այս ընտրությունների շուրջ ստեղծված այս արհեստածին աժիոտաժը կանցնի, կզրուցենք այլ թեմաներով՝ ես կապացուցեմ, որ բոլոր հայերն էլ իրար բարեկամներ են. դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ այլազգի ներկայացուցիչները չեն կարող հայերի համար լինել ոսկրածուծի դոնորներ: Մեր գենետիկան է այդպիսին, դրա համար էլ հաճախ իրար մեջ լարվածություններ են առաջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել