Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ՝ ՍԵՐԺԻ ՀԱՄԱՐ

Հունվար 14,2010 00:00

\"\"Իսկ լույսը վառել է Հայ ազգային կոնգրե՞սը

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն էլ անցան պատմության գիրկը, բայց այն իրադարձությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են այդ ընտրություններին՝ դեռ առջեւում են: Համենայնդեպս, այդպես է կարծում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: Վերջինիս դիտարկմամբ, այդ ընտրությունները ստուգատես կամ, անգամ, լակմուսի թուղթ էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում՝ Հայաստանի կողմից հնարավոր եւ, ինչպես պնդում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու որոշ փորձագետներ՝ «ցավագին փոխզիջումների» գնալուց առաջ հայ հասարակության եւ ընդդիմության հնարավոր արձագանքը կամ դիմադրության ռեսուրսը ճշտելու համար: Մեզ համար էլ այս դիտարկումն անակնկալ էր, բայց ըստ Ա. Բադալյանի, երբ Հայաստանում ընդդիմությունը, նաեւ ՀՅԴ-ն քննադատեցին հայ-թուրքական արձանագրությունները, դրանց դեմ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, Սերժ Սարգսյանը դեռ կարող էր միջազգային հանրությանը ցույց տալ, թե իր համար որքան դժվար է ընդդիմության եւ հասարակության կողմից ճնշումների պայմաններում արձանագրությունները ստորագրել, եւ թե ինչու է անհնարին այդպիսի իրավիճակում նաեւ ԼՂ հիմնախնդրի հարցում զիջումներ անելը. «Հիմա, թիվ 10-ի ընտրություններից հետո, նա այլեւս այդ հնարավորությունն ու խաղաքարտը չունի, որովհետեւ ակներեւ դարձավ, որ հասարակությունը իշխանությանը դիմադրելու որեւէ հնարավորություն ու ցանկություն, ռեսուրս չունի, չկա նաեւ ուժեղ ընդդիմություն: Ի վերջո, հասարակության եւ ընդդիմության ուժը, վարքն ու իշխանություններին դիմադրելու, նրան հակառակվելու ռեսուրսը, որպես կանոն, ի հայտ է գալիս ընտրությունների ժամանակ»: Ավելին, փորձագետի համոզմամբ, ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, հունվարի 10-ի ընտրություններում Սուրեն Սուրենյանցի թեկնածության առաջադրումը մերժելով եւ Նիկոլ Փաշինյանի նման առանցքային քաղաքական գործչի թեկնածությունն առաջադրելով՝ ինքն ամեն ինչ արեց Ս. Սարգսյանին փաստի առաջ կանգնեցնելու եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում զիջումներ անելու հարցում նահանջի տեղ չթողնելու համար: «Ս. Սուրենյանցը ընդդիմության առաջին դեմքերից չէր, ու իշխանությունը, իր շահերից ելնելով, հնարավոր է, որ այդքան բռնություններ չկիրառեր նրա ընտրության պարագայում՝ ցույց տալու համար, որ իրենք դեմոկրատ են, ու անգամ ընդդիմության ոչ առաջին դեմքերից մեկը կարող է հաղթել Կենտրոնի նման մեծ ընտրատարածքում, որը միշտ եղել է ընդդիմության Բաստիոնը: Ս. Սուրենյանցի հնարավոր ընտրությունը կարող էր նաեւ Ս. Սարգսյանին հնարավորություն տալ «դրսին» պատճառաբանել, թե ինչու ինքը չի կարող ԼՂ հարցում ցավոտ զիջումների գնալ՝ մատնացույց անելով ուժեղ ընդդիմության եւ դիմադրող հասարակության առկայությունը: Իսկ որպեսզի Ս. Սարգսյանը նման փաստարկ չունենա՝ ՀԱԿ-ը մերժեց Սուրենյանցին առաջադրել եւ պաշտպանեց Փաշինյանի թեկնածությունը, որի միայն անուն-ազգանունը իշխանությունների մոտ ալերգիա է առաջացնում»,- կարծիք հայտնեց Ա. Բադալյանը՝ դժվարանալով պատասխանել մեր այն հարցին, թե՝ իր դիտարկմամբ, Կոնգրեսը գիտակցելո՞վ, թե՞ ակամա է այդ քայլն արել: Նա միայն ասաց, թե՝ ընդդիմությունը, անշուշտ, գիտակցել է, որ իշխանությունն իր ռեսուրսներով որեւէ կերպ թույլ չէր տա Փաշինյանի հաղթանակը:
Ա. Բադալյանը նկատեց, որ այդ ընտրությունները դիտարկած փորձագետները, որոնցից մեկն էլ ԱՄՆ-ի դեսպանատան՝ տեղամասեր այցելած ներկայացուցիչն էր, բնականաբար, եզրակացրել եւ իրենց պատասխանատուներին փոխանցել են, որ «Հայաստանում ընդդիմության Բաստիոնը հանդիսացող ընտրատարածքում անցնում է մի թեկնածու, որին ոչ ոք չի ճանաչում, բայց որին աջակցում էր իշխանությունը»: «Այսինքն, առաջին՝ ընդդիմությունը այլեւս ուժ չունի, երկրորդ՝ հասարակությունն էլ անտարբեր է, որովհետեւ նրանց մասնակցությունը ընդդիմության առաջին դեմքերից մեկի ընտրություններին չափազանց ցածր էր: Ասել է թե՝ հայ հասարակությունը այլեւս ի վիճակի չէր դիմադրելու իշխանությանը ո՛չ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, ո՛չ ընտրությունների կեղծման դեպքում ու ի վիճակի չէ դիմադրել նաեւ ԼՂ հարցում զիջումների գնալու եւ պայմանագրերի ստորագրման պարագայում: Եթե հասարակությունը Երեւանի կենտրոնում չի կարողանում մի հատ Նիկոլ Փաշինյան պատգամավոր դարձնել, նա հաստատ չի կարողանալու դիմադրել ԼՂ հարցում զիջումներին»,- եզրակացրեց Ա. Բադալյանը: Նա էլի պնդեց, թե ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը, ըստ էության, Փաշինյանի պարտության հաշվին կանաչ լույս վառեցին Ս. Սարգսյանի համար՝ ԼՂ խնդրում զիջումների գնալու հարցում: Ըստ նրա, «ընդդիմությունը Սերժ Սարգսյանին դրեց փաստի առաջ՝ ասելով. «Սենք այլեւս քեզ չենք խանգարում, դե, ստորագրի»: Նա դա գնահատեց ՀԱԿ-ի կողմից որպես խորամանկ քայլ՝ դժվարանալով ասել՝ դա մեծ հաշվով լա՞վ է, թե՞ վատ: Նա միայն կարծիք հայտնեց, թե ՀԱԿ-ն էլ է ուզում ազատվել ԼՂ հիմնախնդրի բեռից, որի առկայությունը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանն ու ժողովրդավարացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել