Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունվար 13,2010 00:00

Պատվաստանյութ՝ ճարպակալման դեմ
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մի այնպիսի պատվաստանյութ ստեղծել, որը խոչընդոտում է քաշի ավելացմանը: Պատվաստանյութն ազդում է գրելին հորմոնի վրա, որը պատասխանատու է քաղցի զգացման համար եւ խթանում է ճարպակալման առաջացումը: Գիտնականներն առնետների վրա փորձարկել են 3 սինթետիկ պատվաստանյութ, որոնք փոխազդում են հորմոնի բազմապիսի բաղադրամասերի հետ: Փորձարկումները ցույց տվեցին, որ պատվաստանյութի ներարկումը հանգեցրել է այնպիսի հակամարմինների առաջացմանը, որոնք արգելակում էին գրելինի ակտիվ ձեւի ազդեցությունը: Պարզվեց նաեւ, որ պատվաստված առնետները չպատվաստվածների համեմատ ավելի քիչ են գիրանում, չնայած սնվում էին նույն սննդակարգով: Եվ որքան շատ էին հակամարմինները, այնքան գիրանալու հավանականությունն ավելի փոքր էր: Գիտնականները նշում են, որ պատվաստված առնետները չնայած լավ էին սնվում՝ նիհարում էին: Դա ապացուցում է, որ պատվաստանյութն ազդել էր առնետների նյութափոխանակության վրա: Գիտնականները հուսով են, որ շուտով մի այնպիսի պատվաստանյութ կստանան, որը մարդկանց կօգնի ազատվել ավելորդ քաշից:

Հարկ՝ ոչ առողջարար սննդի վրա
Թայվանի իշխանությունները պլանավորում են հարկ սահմանել ոչ առողջարար սննդի վրա, որպեսզի բնակչությանը դրդեն սնվել լիարժեք եւ չափավոր՝ այսպիսով նվազեցնելով ճարպակալման հիվանդացությունը: Աշխարհում նմանատիպ տուրքի տեսակ դեռ չկա: Առողջություն քարոզող թայվանյան բյուրոն զբաղվում է համապատասխան նախագծի մշակմամբ, ըստ որի՝ ոչ առողջարար սննդի վրա տուրք կսահմանվի, ինչպես, օրինակ, շաքար պարունակող հյութերը, արագ սնունդը, հրուշակեղենը եւ ոգելից խմիչքները:
Բյուրոյի տնօրեն Չյու Շուտիի խոսքերով, օրինագիծը խորհրդարանում քննարկման կդրվի 2010 թվականին եւ կարող է մտնել ուժի մեջ 2011-ին: Աշխարհի ոչ մի երկրում դեռ նման օրինագիծ չի կազմվել: Ինչպես պարզաբանեցին բյուրոյի ներկայացուցիչները, նոր հարկի ներդրման պատճառը հանդիսանում է ճարպակալմամբ հիվանդացության կայուն, անշեղ աճը: Թայվանում երեխաների 25-30%-ը տառապում է ճարպակալմամբ, ինչը խիստ ծանրաբեռնում է առողջապահական համակարգը: Բյուրոյի ներկայացուցիչները հուսով են, որ այս օրինագծի ընդունումը խթան կհանդիսանա, եւ մարդիկ կսնվեն առողջ սննդով, իսկ արտադրողները կձգտեն առողջ սնունդ արտադրել:

Քաղցրի պահանջը՝ մարիխուանայի օգտագործումից հետո
Ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ էնդոկանաբինոիդները, որոնք առաջանում են մարդու օրգանիզմում, հանդիսանում են մարիխուանայի ազդող նյութի անալոգը, եւ դրանք անուղղակիորեն փոխազդում են լեզվի համային ընկալիչների հետ՝ ուժեղացնելով քաղցր համի զգացումը: Մոնելլի Կենտրոնի եւ Կյուսյու համալսարանի հետազոտողները լաբորատոր մկների վրա իրականացրել են մի շարք փորձեր, որպեսզի էնդոկանաբինոիդների ներարկումից առաջ եւ հետո գնահատեն նյարդային եւ բջջային ռեակցիաները քաղցրի նկատմամբ: Բոլոր փորձերը ցույց են տվել, որ կանաբինոիդները հատուկ ուժեղացնում են քաղցրի նկատմամբ փոխազդեցությունը՝ չազդելով աղի, թթու, դառը եւ մսային համերի ընկալման վրա: Երբ փորձարկումները իրականացվեցին գենոճարտարագիտական մկների վրա, որոնք զրկված էին կանաբինոիդային CB1 ընկալիչներից, քաղցրի նկատմամբ փոխազդեցությունը չփոխվեց էնդոկանաբինոիդների ներարկումից հետո: Լրացուցիչ հետազոտությունները ցույց տվեցին, որ լեզվի համազգաց պտկիկները, որի վրա են գտնվում քաղցրի նկատմամբ զգայուն ընկալիչներ՝ T1R3, պարունակում են նաեւ CB1 ընկալիչներ, որոնք ուժեղացնում են քաղցր համի զգացումը:
Ըստ հետազոտող Ռոբերտ Մարգոլսկիի՝ աշխատանքների արդյունքները վկայում են այն մասին, որ համային ընկալիչները կարող են ավելի մեծ դեր խաղալ ախորժակի կարգավորման գործընթացում, քան ենթադրվում էր: Բացի այդ, սա վկայում է նաեւ այն մասին, թե ինչու է մարիխուանան ուժեղացնում քաղցրի նկատմամբ պահանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել