Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երկու աստղը»՝ կենաց եւ մահու թատերաբե՞մ

Հունվար 13,2010 00:00

Հանրայինով հեռարձակվող նախագծի ակնհայտ թշվառությունը

Ճիշտն ասած, մտադիր չէի անդրադառնալ նախագծին, սակայն դեկտեմբերի 20-ի եւ 27-ի թողարկումները ստիպեցին գրիչ վերցնել եւ գրել բավական հաջող սկիզբ ազդարարած, սակայն այսօր խամրած նախագծի մասին։ Նախ սկսեմ նրանից, որ այսօր ակնհայտ է, որ նախագծի անվանումը պետք է փոխել, քանզի մեր փոքր հանրապետությունում, երբ շոու-բիզնեսը դեռեւս սաղմնային փուլում է (ի դեպ, այդ մասին են վկայում հենց իրենք՝ շոու-բիզնեսում ընդգրկված անձինք), այսքան «աստղեր» պարզապես չկան եւ չեն կարող լինել։ Ռուսական շոու-բիզնեսի հետ համաքայլ գնալու կամ, ավելի ճիշտ, նմանակելու փորձերը պարզապես անմտություն են, արկածախնդրություն։ «Երկու աստղ» նախագծի այսօրվա մասնակիցների 70-80%-ին հեռուստադիտողը չի ճանաչում եւ համերգից համերգ է նրանց բացահայտում։ Բնականաբար, աստղերի մասին խոսելը, մեղմ ասած, անհամեստ է։ Երկրորդ. բացթողում ասենք, թե թերություն՝ իրականությունը դրանից չի փոխվում. խոսքը մասնակիցների ցածր երաժշտական ունակությունների, դրսեւորումների մասին է։ Հերիք չէ, որ նրանցից շատերն աղավաղում են հանրաճանաչ երգերը, դրան գումարած՝ նույնիսկ երգի բառերն անգիր չեն հիշում եւ բեմի վրա բացահայտ օգտվում են ծածկագրերից։ Ես երգիչ չեմ եւ ոչ էլ երաժիշտ, սակայն այն աղավաղումները եւ այլեւայլությունները, որոնց ականատեսն են Հանրային հեռուստաընկերության բազմաթիվ հեռուստադիտողներ՝ բացահայտ են։ Տպավորություն է ստեղծվում, որ ժյուրին շատ հաճախ դիտարկում է վատ կամ ավելի վատ զույգերի ելույթները, քաջալերելով թե մեկին, թե մյուսին։ Մի նկատառում եւս. իրենց բարձրության վրա չեն նաեւ պրոֆեսիոնալ երգիչները, մի տեսակ ալարկոտ են բեմում, կարծես մի հեղինակավոր անձ նրանց «ստիպել» է հանդես գալ նախագծում։ Հիշեցնեմ, մենք անդրադառնում ենք ոչ թե ինչ-որ մարզային հեռուստաալիքով կազմակերպված միջոցառման, այլ Հանրային հեռուստաընկերությամբ ամենադիտելի ժամին հեռարձակվող մի նախագծի, որը հայտնվել է չգիտես ինչ մակարդակի վրա։ Նախագծի վերջին թողարկումներն էլ ավելի զայրացնող էին։ Դեկտեմբերի 20-ի թողարկումից հետո դուրս մնացած եւ դեկտեմբերի 27-ի թողարկմանը ոչ մրցութային երգից հետո Թինա Քեյը անպատշաճ ձեւով արտահայտվեց մրցակիցներից՝ Լանա Խաչատրյան-Երվանդ Ենգիբարյան զույգի ելույթների կապակցությամբ։ Թինա Քեյը, որքան ես հասկացա նրա ասածից՝ պատասխանեց Երվանդ Ենգիբարյանի «քննադատությանը» արաբական պարի կապակցությամբ։ Մեր աստղերը, եթե իրոք նրանք այդպիսին են, պետք է արտահայտվելուց առաջ հիշեն, որ իրենք ուղիղ եթերում են եւ որքան էլ նրանց հասցեին վատ խոսքեր հնչեն, պետք է հիշել, որ կան այլ ձեւեր եւ միջոցներ ճշմարտությունը բացահայտելու համար։ Ի վերջո, բոլոր մասնակից զույգերը նախ պետք է գիտակցեն, որ «Երկու աստղ» նախագիծը կոչված է շոու լինելու, այլ ոչ թե կենաց ու մահու թատերաբեմ։ 3ուրաքանչյուր «հանդուգն» վարմունք բացասական իմաստով շղթայական ռեակցիա է առաջացնում եւ էլ ավելի գցում նախագծի վարկանիշը։ Ինչ վերաբերում է ժյուրիին եւ ելույթների գնահատմանը, ապա ժյուրիի կազմը նախագծի հերթական եթերաշրջանի ողջ ընթացքում պետք է համալրված լինի միմիայն պրոֆեսիոնալներով եւ լինի անփոփոխ։ Իսկ ելույթների գնահատումը կարճ հաղորդագրությունների միջոցով արդեն սպառել է իրեն ու կարծում եմ վաղուց ժամանակն է ավելի օպտիմալ գնահատման կարգ սահմանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել