Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՃՈՒՅՔ, ՈՐ ԶԳՈՒՄ Է ՄԱՐՄՆԻԴ ԱՄԵՆ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ…

Հունվար 13,2010 00:00

Պարզվում է՝ սքեյթով սահելը օգնում է հագեցնել ադրենալինի քաղցը

«Հայաստանում սքեյթը դեռ այնքան էլ ծանոթ եւ տարածված չէ»,- ասում է վերջերս Երեւանում բացված «X Adrenalin X» սքեյթ-պարկի աշխատակից Հասմիկ Երիցյանը:
Հասմիկի խոսքով, այս սպորտաձեւը չնայած դեռ խորթ է մեզ, բայց շատերին է հետաքրքրում: Ինչպես մեր զրուցակիցը նշեց, սքեյթ-պարկ բացելու մտահղացումը եղել է 25-ամյա մոսկվաբնակ սքյեթբորդիստ Արշակինը. «Մի քանի ամիս առաջ Արշակն ինձ պատմեց իր երազանքի՝ Հայաստանում մեծ սքեյթ-պարկ ունենալու մասին: Հետաքրքրվելով, որ այստեղ այդ սպորտաձեւը այնքան էլ զարգացած չէ, բայց կան շատ երիտասարդներ, որոնք փողոցներում, բակերի հարթ տարածություններում սքեյթ են քշում, որոշեցինք մի սրահ բացել, ավելի ճիշտ՝ հարթ տարածություն ստեղծել՝ տանիքով, իր բոլոր համապատասխան կոմպոնենտներով եւ այստեղ համախմբել սքեյթբորդի բոլոր սիրահարներին: Սքեյթ-պարկն արդեն երկու ամիս է՝ ինչ գործում է, բայց դեռեւս չի արդարացրել մեր սպասումները: Արշակը, սքեյթ-պարկի տնօրենը լինելուց բացի, աշխատում է որպես մարզիչ, ու քանի որ աշակերտներ գրեթե չուներ՝ վերադարձավ Մոսկվա, որովհետեւ այնտեղ պարբերաբար մասնակցում էր մրցումների: Այսօր սրահն ունի քիչ թվով հաճախորդներ, Արշակը խոսք է տվել վերադառնալ այն ժամանակ, երբ սքեյթով հետաքրքրվողների թիվն ավելանա, քանի որ նա մեծ ցանկություն ունի հայ երիտասարդներին ներկայացնել սքեյթբորդի միջազգային մրցումներին»: Հասմիկի փոխանցմամբ, սքեյթով զբաղվելն այնքան էլ թանկ հաճույք չէ. «Մեկ ժամն արժե ընդամենը 2200 դրամ՝ ներառյալ սքեյթը եւ պաշտպանիչ պարագաները: Իսկ ինչ վերաբերում է սրահի բացմանը, ապա այն բիզնես ծավալելու նպատակ չի հետապնդել, միակ նպատակը՝ սպորտաձեւը Հայաստանում զարգացնելն է եղել»: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ եղանակները բացվելուն պես՝ հաճախորդները կշատանան: Նա նաեւ համոզված է, որ շատերը տեղյակ էլ չեն սքեյթ-պարկի գոյության մասին. «Մենք հուսով ենք, որ աստիճանաբար սքեյթը կսկսի շատերին հետաքրքրել եւ տարիներ հետո մենք նույնպես կունենանք պրոֆեսիոնալ սահորդներ եւ ստիպված չենք լինի միայն հեռուստացույցով դիտել ու հիանալ սքեյթ-տրյուկներով եւ երանի տալ դրանք իրականացնողներին»:
Հասմիկի բնութագրմամբ, չնայած սքեյթով զբաղվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն այն մեծ ադրենալին է տալիս. «Երբ կանգնում ես սքեյթի վրա, կարծես մրցման մեջ ես մտնում այդ ինքնագնացի հետ՝ ցանկություն ունենալով անընդհատ փորձել, ավելացնել արագությունը…»: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում սքեյթբորդի նկատմամբ թեկուզ քիչ, բայց, այնուամենայնիվ, հետաքրքրությունը, «X Adrenalin X»-ի պատասխանատուն նշեց. «Հայաստանցի երիտասարդներն այնքան էլ տարված չեն սքեյթով, մեզ մոտ ավելի շատ դրսից եկածներն են գալիս՝ սքեյթը հիմնականում նրանց է ծանոթ եւ հոգեհարազատ: Բացի այդ, մեր երիտասարդները հաճախելիության պարբերականությունը չեն պահպանում: Օտարերկրացին որ գալիս է, նա կարող է ամեն օր հաճախել, ամեն օր ինչ-որ պտույտներ փորձել, սովորել: Իսկ հայերը, երբ մեկ անգամ գալիս են, մեկ էլ կգան մի երկու շաբաթ հետո՝ երբ քեֆները տա: Այսինքն՝ լուրջ չեն վերաբերվում: Դրա համար էլ այս սպորտաձեւը չի զարգանում: Հիմա էլ հո տեղ, հարմարություններ, պրոֆեսիոնալ մարզիչ կա, բայց մեկ-երկուսն են նրան դիմում: Մեզ մոտ դեռ լուրջ չեն վերաբերվում այս սպորտաձեւին, բայց այն իսկապես սպորտ է, մեծ տարածում ունի եւ աշխարհում մշտապես տարբեր մրցումներ են անցկացվում»:
Մեր զրույցի ընթացքում հանդիպեցինք սքեյթ-պարկում պարապող երկու պատանիների: Պարզվեց, նրանք երկուսն էլ Արմավիրից են եւ գալիս են Երեւան՝ հատուկ սքեյթբորդով զբաղվելու համար: Նրանց հետ զրույցում պարզեցինք, որ պատանիները երազում են դառնալ պրոֆեսիոնալ սքեյթբորդիստներ եւ մասնակցել մրցումների:
14-ամյա Լյովիկի խոսքով, եթե ուզում ես հասկանալ ինչ բան է ադրենալինը, պետք է կանգնել սքեյթի վրա. «Այնքան շատ դրական լիցքեր ու հաճելի զգացողություններ ես ունենում: Ասում են՝ այստեղ այս սպորտաձեւով զբաղվողներ չկան: Կան, պարզապես նրանց համար հնարավորություններ չկան երեւալու, արտահայտվելու եւ այս ասպարեզում իրենց կարողությունները ցուցադրելու: Ես ընկերներ ունեմ, որոնց համար այս սպորտաձեւը դարձել է կենսակերպ: Ես էլ եմ նվիրվել սքեյթբորդին, ինձ չեն վախեցնում վայրէջքները, կոտրվածքներն ու վնասվածքները: Սա իմ ապագան է»:
14-ամյա Վարուժանն էլ ասաց. «Եթե Հայաստանում սքեյթբորդի զարգացումը կախված լիներ մեզ նման հարյուրավոր սքեյթի սիրահարներից, գուցե մի բան ստացվեր: Բայց մենք մի քանի հոգով ոչինչ չենք կարող անել: Հայաստանում դեռեւս սքեյթի այս մի սրահն է գործում, իսկ Եվրոպայում ամեն բակ ունի իր սքեյթ-պարկը, ամեն երկրորդ երիտասարդ ունի սքեյթ, այն մատչելի է եւ հասանելի բոլորին: Եթե այստեղ մեկ սքեյթ ունենալու համար հայրիկիս մի ամսվա աշխատավարձն եմ ծախսում, ապա պատկերացրեք թե որքա՞ն հարուստ պետք է լինել, որպեսզի ամեն օր հաճախել սքեյթ-պարկ, ժամեր շարունակ սահել, մարզվել: Ինչ վերաբերում է այս սպորտաձեւի վտանգավորությանը, ապա ամեն սպորտ էլ իր հիմքում մեծ վտանգներ ունի՝ էլ ի՞նչ մարզիկ, եթե մեկ անգամ ոտքդ կամ ձեռքդ չկոտրես: Ես այդ վնասվածքներից չեմ վախենում, թող մի անգամ էլ ընկնեմ, վնասվեմ, միեւնույն է, դա ինձ չի հիասթափեցնի: Երբ կանգնում ես սքեյթի վրա ու սահում, մարմնիդ ամեն մի մասնիկի վրա հաճույք ես զգում, ազատություն, կարծես շնչառությունդ բացվում է, ուզում ես ավելի ու ավելի արագ սահել եւ ավելի շատ զգալ ազատության շունչը, թվում է՝ հնարավորություն ունես թռչելու, կարող ես աշխարհում ամեն ինչ անել եւ ամեն ինչ քո կառավարության տակ է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել