Աշխարհում գնալով ավելի բարձրաձայն են սկսում խոսել «խոզի գրիպի» շուրջ մեքենայությունների մասին: «Newsru»-ի փոխանցմամբ, մոլորակի բնակիչներին սպառնացող այդ վտանգի մասին շշուկները շատ չափազանցված են եղել, ուստի՝ ամերիկյան ու եվրոպական կառավարությունները հրաժարվում են այդ հիվանդության դեմ պատվաստանյութի իրենց պատվերներից: Այդ ֆոնի վրա հունվարի երկրորդ կեսերին Ստրասբուրգում Եվրոպայի խորհուրդը առաջարկելու է հետաքննել դեղագործական ընկերությունների գործունեությունը, որոնք կասկածվում են սեփական շահույթի ապահովման նպատակով այդ հիվանդության առնչությամբ մեքենայություններ կատարելու մեջ:
Այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել ԵԽ-ում առողջապահության ենթահանձնաժողովը գլխավորող՝ հայտնի համաճարակաբան Վոլֆգանգ Վոդարգը: Նրա մատուցմամբ, հակագրիպային դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր պատրաստողները ճնշում են գործադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրա եւ ստիպել են հայտարարել «խոզի գրիպի» համաճարակի մասին: Այդ պատմությունը դոկտոր Վոգարդը անվանել է «վերջին հարյուրամյակի ընթացքում բժշկական ամենաաղմկոտ սկանդալներից մեկը»: Ընդսմին, նա նաեւ շեշտել է, թե վախի մթնոլորտը սերմանվել է դեռ հինգ տարի առաջ, երբ բոլորը վախենում էին «թռչնի գրիպի» հետագա մուտացիայից, որը կարող էր վարակել մարդկանց: Խուճապի մթնոլորտը ստիպել էր տարբեր երկրների կառավարություններին հակագրիպային «տամիֆլյու» դեղամիջոցի մեծ պաշարներ կուտակել եւ, այսպես կոչված, «քնած» պայմանագրեր կնքել դեղագործական ընկերությունների հետ՝ տասնյակ միլիոնավոր չափաբաժիններով պատվաստանյութ արտադրելու շուրջ: