Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սիրահարվեմ` դրա մասին ամբողջ ազգը կիմանա»

Հունվար 13,2010 00:00

Հայտարարում է երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը

Երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը այս տարի Ամանորը դիմավորեց տանը՝ ընտանիքի անդամների հետ: Անցյալ տարի նրան բախտ էր վիճակվել նույնն անել ԱՄՆ-ում:
«Ինչպես հայտնի է, ամերիկացիները ավելի շատ կարեւորում են ոչ թե Նոր տարին, այլ Սուրբ Ծնունդը: Ամենուր հնչում են Սուրբ Ծննդին նվիրված երգեր, փողոցներով շրջում են բնական մորուքներով կապուտաչյա, բարի Սանտաները, որոնք շնորհավորում են Սուրբ Ծնունդը ու բարեմաղթանքներ հղում»,- պատմում է Մարատը ու հավելում, որ այդ ամենը իրեն շատ ոգեւորում է:
«Խանութ-ցանցերից մեկում նույնիսկ մի արկղ կար տեղադրված, ուր մարդիկ կարող էին Սանտային ուղղված իրենց նամակները թողնել: Եվ յուրաքանչյուր հասցեատեր ստանում էր իր ուզած Ամանորի նվերը»,- ասում է Մարատը ու նշում, որ ինքը չի օգտվել նման հնարավորությունից եւ այժմ մի քիչ զղջում է:
Մեր «հայկական արտադրության» Կաղանդ պապիկներին էլ է սիրում Մարատը ու հավատում նրանց գոյությանը, թեեւ ոչ այն պապիկներին, որոնք փնթի, հնոտի լաթերով են շրջում երեւանյան փողոցներում ու զվարճացնելու փոխարեն ակամա վախեցնում երեխաներին:
Ամանորի «ուտուշ-խմուշների» հանդեպ երգիչը անտարբեր է: Նրա համար միեւնույն է՝ սեղանին խոզի բուդ կլինի, թե պասուց տոլմա… Ի դեպ, «Բաղնիքդ անուշ կամ ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հերոսի նման ամեն տարի, եթե Երեւանում է լինում, դեկտեմբերի 31-ին այցելում է լողավազան:
«Դա արդեն բարի ավանդույթ է դարձել: Ընկերներով հավաքվում ենք, շամպայն ըմպում, բարի մաղթանքներ հղում»,- ասում է Մարատը:
Հետաքրքրվեցի, մի՞թե երկար-բարակ կենացներ ասել գիտի:
«Սեղանի շուրջ չեմ սիրում կենացներ ասել: Այն կարծիքին եմ, որ դրանք կեղծ են: Նաեւ չեմ սիրում, երբ խնդրում են սեղանի շուրջ երգել: Միշտ մերժում եմ»,- շարունակում է պատմել Մարատը:
Հարցին՝ արդյո՞ք նա էլ իր գործընկերների նման սիրում է Ամանորի «գրդոնը», Մարատը պատասխանում է. «Ես երբեք չեմ զբաղվել նման բաներով: Եվ պատճառը ամենեւին այն չէ, որ ավելորդ գումարից պետք է հրաժարվել, ուղղակի չեմ սիրում «գրդոն» անել եւ վերջ»:
Տեղեկացնենք, որ երգիչը կրկին ճամպրուկային տրամադրություն ունի:
«Հունվարի 24-ին մեկնում եմ ԱՄՆ՝ մասնակցելու «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխությանը»,- ասում է Մարատը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Մարատը մասնակցել է այդ մրցանակաբաշխությանն ու մրցանակի արժանացել  «Լավագույն ինտերնացիոնալ երգիչ» անվանակարգում: Այս տարի նա մրցանակաբաշխությանը կլինի հաղորդավարի եւ հյուրի կարգավիճակում: ԱՄՆ-ում երգիչը պատրաստվում է կատարել իր նոր անգլերեն երգերից մեկը, որ հայերեն «Հավերժ սեր» է կոչվում: Խոսքերի հեղինակը ամերիկաբնակ Վիկտորյա Հակոբյանն է, իսկ երաժշտությունը գրել է հենց ինքը:
Փաստենք, որ Մարատը, գրեթե միշտ, շրջանցում է անձնականին վերաբերող հարցերը՝ հավանաբար իր երկրպագուների հետաքրքրությունն էլ ավելի թեժացնելու համար:
Մեր հարցին էլ ի պատասխան, երաժիշտը ասաց. «Եթե սիրահարված լինեմ, այդ մասին կիմանա ողջ ազգը»: Նա նաեւ հավելեց, որ դեռ չի գտել այն միակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել