Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ, ես, որպես ռեժիսոր, սովոր եմ չկեղծել ինձ եւ իմ միջավայրին: Այն, ինչ կատարվեց վերջերս Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհելու խնդրում, համարում եմ անհարգալից վերաբերմունք եւ արհամարհանք Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հանդեպ: Նման վերաբերմունքի արժանի չէր մի թատրոն, որ լիարժեք է կատարում իր գեղարվեստական եւ հասարակական պարտավորությունները:
Պետական մրցանակ ստանալ կամ չստանալն իմ խնդիրը չէ, ոչ էլ առնչվում է իմ արժանապատվության ու հեղինակության հետ: Ինձ վերապահված է ստեղծագործելու եւ թատրոն ղեկավարելու խնդիրը, եւ երբ դա ինձ հաջողվում է, զգում եմ ինձ լիովին վարձատրված: Մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը մերժելը վիրավորանք է, եւ եթե այդ վիրավորանքն ուղղված է անձամբ ինձ, ես վիրավորական զգացմունքով չեմ առաջնորդվում, ինչը կարող են հաստատել ինձ ճանաչող մարդիկ: Վիրավորանքի զգացումը, իմ խորին համոզմամբ, խանգարում է ղեկավարին սթափ գնահատելու իրադրությունը, մնալու ողջամտության սահմաններում եւ հավասարակշիռ վիճակում՝ անկախ այն բանից, թե ինչ է ղեկավարում նա՝ փոքր տիկնիկային թատրոն, թե մի ամբողջ պետություն: Ես վաղուց եմ ընտրել վիրավորանքը ներելու ճանապարհը եւ դա համարում եմ միակ ճշմարիտը:
Տիկնիկային թատրոնն իր ընթացիկ խաղացանկում ունի շուրջ 30 ներկայացում՝ տիկնիկային, դրամատիկական եւ մնջախաղային, նախատեսված՝ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար: Միայն 2009 թ. թատրոնը ցուցադրել է ավելի քան 400 ներկայացում՝ 60000-ից ավելի հանդիսականի համար, բեմադրել է 7 նոր ներկայացում՝ հիմնականում երիտասարդ ստեղծագործողների ուժերով, անվճար սկզբունքով հանդես եկել Հայաստանի հեռավոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Ասկերան, Հադրութ, Ստեփանակերտ քաղաքներում, բարեգործական ներկայացումներով ելույթ ունեցել Խարբերդի մանկատանը, հանդես եկել արյան հիվանդությամբ տառապող երեխաների համար, անվճար տոմսեր հատկացրել ազատամարտիկների երեխաներին ու բազում կարիքավոր ընտանիքներին: Այս ամենից բացի՝ Տիկնիկային թատրոնը մեծապես աջակցել է մայրաքաղաքի մշակութային կյանքի անխոչընդոտ ընթացքին՝ ստեղծելով բոլոր հնարավոր պայմանները հատկապես երիտասարդ ստեղծագործողների համար, եւ դրա ապացույցը հանրությանը պարբերաբար ներկայացվող փորձարարական բեմադրություններն են, երիտասարդական հայտերի չընդհատվող հոսքը: Թատրոնն աջակցել է «Թատրոն-X» հանրապետական, «Հայֆեստ», «Ինտերակտիվ», «Ոսկե ծիրան», Էկոլոգիական, «Կին», Ռոք երաժշտության միջազգային փառատոների եւ Արդի հայ դրամատուրգիայի բաց փառատոնի անցկացմանը: Տիկնիկային թատրոնը բարձր է պահել Հայաստանի մշակութային վարկը նաեւ միջազգային ասպարեզում՝ արժանանալով մրցանակների, պատվոգրերի ու դիպլոմների: Վերջին տասը տարիների ընթացքում թատրոնը մասնակցել է քսանից ավելի միջազգային փառատոների: 2009-ին Տիկնիկային թատրոնը հայ տիկնիկային արվեստը ներկայացրել է Հնդկաստանում (Դելի), Ռուսաստանում (Սանկտ-Պետերբուրգ), Բուլղարիայում (Պլովդիվ): Ներկայացումները խաղացվել են ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն, անգլերեն ու արաբերեն: 2009-ին թատրոնը բացեց տարածաշրջանում նմանը չունեցող Տիկնիկների թանգարանը (մոտ 200 ցուցանմուշ):
Կարծում եմ, պարոն նախագահ, կհամաձայնեք, որ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը յուրահատուկ մշակութային կենտրոն է մեր հանրապետությունում եւ մշակութային երեւույթ՝ միջազգային տիկնիկային արվեստում: Այս են հաստատում նաեւ մամուլի բազում հրապարակումները, մասնագետների տված գնահատականները մեր գործին:
Իրականում ես համարում եմ ինձ շահած այս պատմությունից. եղան բազում մարդկային բացահայտումներ, հանդիպեցի ազնիվ ու սկզբունքային մասնագիտական կեցվածքի, ինչպես նաեւ գետնաքարշ զիջողականության, ստորության ու ստահակության: Եվ ուզում եմ երախտագիտությունս հայտնել այն թատրոնի աշխատակիցներին, որտեղ աշխատում եմ արդեն 30 տարի, պետական մրցանակ շնորհող հանձնաժողովի անդամներին՝ սկզբունքային, անաչառ վերաբերմունքի եւ մասնագիտական արժանապատվություն ցուցաբերելու համար, ինձ շնորհավորող բոլոր ստեղծագործողներին ու բարեկամ մարդկանց: Վերջապես, շնորհակալությունս Ձեզ, պարոն նախագահ, ինձ մեր իրականության մասին հիշեցնելու ու այնտեղ վերադարձնելու համար: Ճակատագրի բերումով, հայրս, որ այդ ընթացքում մահամերձ էր եւ վերջին ժամանակներս դառնացած էր այն ամենով, ինչ տեղի էր ունենում մեր շուրջն ամեն օր, հասցրեց շնորհավորել ինձ՝ չիմանալով այս պատմության հանգուցալուծումը: Ուստի, շնորհակալ եմ նաեւ ճակատագրին:
Մեծարգո պարոն նախագահ, հավատացնում եմ, որ կհամարեմ ինձ երջանիկ, եթե այն անարդարությունը, որ եղավ իմ գործի հանդեպ, լինի վերջին անարդարությունը մեր երկրում:
Հարգանքով՝
Հ. Գ. Ի դեպ, Ձեր մերժողական վերաբերմունքին արժանացած “«Ak.Ak.»” ներկայացումը (ըստ Ն. Գոգոլի «Շինել» վիպակի), պատմում է մարդկային գթասրտության, հանդուրժողականության մասին, հարգալից վերաբերմունքի մասին յուրաքանչյուր մարդու հանդեպ՝ լինի մեծ թե փոքր, պաշտոնյա թե անպաշտոն, հարուստ թե աղքատ, հիվանդ թե առողջ, բարի թե չար: Սրանով առաջնորդվելը նաեւ իմ կյանքի սկզբունքն է:
Ի դեպ, «Ak.Ak.»-ը, որի վրա պետությունը ոչ մի լումա չի ծախսել, քանի որ այն ստեղծվել է թատրոնի ուժերով, մասնակցել է մի շարք միջազգային փառատոների եւ արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում («Հայֆեստ», Պրահայի տիկնիկային արվեստների, Սանկտ-Պետերբուրգի «Կուկարտ», Պլովդիվի միջազգային փառատոներ եւ այլն): Ըստ ՀՀ պետական մրցանակների շնորհման կարգի, ստեղծագործությանը կցվում են այդ ոլորտի երեք մասնագետների գրավոր կարծիքները, որոնցում պետք է փաստարկված լինի ստեղծագործության մրցանակի արժանի լինելու հանգամանքը: Ռ. Բաբայանի «Ak.Ak.»-ի մասին իրենց հեղինակավոր կարծիքն են հայտնել «Ունիմա» միջազգային տիկնիկային կենտրոնի Հայաստանի մասնաճյուղի նախագահ Արմեն Սաֆարյանը, Պրահայի փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռոդ Պետրովիչը եւ Պլովդիվի տիկնիկային միջազգային փառատոնի նախագահ Վիկտոր Բոյչեւը: Նույն կարգի մեկ այլ կետի համաձայն, պետական մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու որոշումը հանձնախումբն ընդունում է գաղտնի քվեարկությամբ, հանձնախմբի անդամների ընդհանուր ձայների մեծամասնությամբ: Տվյալ դեպքում, «Ak.Ak.»-ի օգտին քվեարկել է հանձնախմբի 9 անդամից 5-ը, այսինքն՝ մեծամասնությունը, մնում է միայն զարմանալ, թե ինչու է տվյալ անվանակարգում մրցանակը «կուտ գնացել»: