Հունվարի 11-ին Վենեսուելայի իշխանությունները հաստատել են ազգային արժույթի՝ բոլիվարի, դոլարի նկատմամբ երկու տարբեր փոխարժեքներ: Այսպես, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար դոլարի փոխարժեքը կկազմի 2,6, իսկ այլ գործարքներ կնքելու դեպքերում՝ 4,3 բոլիվար: Մինչ այս, մի քանի տարիների ընթացքում մեկ դոլարի փոխարժեքը պաշտոնապես կազմել է 2,15 բոլիվար: Այդ որոշումից հետո կենցաղային տեխնիկայի եւ այլ սպառողական ապրանքների գները Վենեսուելայում աճել են երկու անգամ: Միաժամանակ սեւ շուկայում անցյալ շաբաթ մեկ դոլարը փոխանակվել է 6,25 բոլիվարով: Դեւալվացիայի օգնությամբ այդ երկրի կառավարությունը հույս ունի կանգնեցնել դոլարի արտահոսքը երկրից եւ լուծել բյուջեի դեֆիցիտի հարցը: RBS բանկի վերլուծաբանների կարծիքով, դեւալվացիան Վենեսուելայի բյուջեի դեֆիցիտը կկրճատի ավելի քան երկու անգամ: 2010-ին ՀՆԱ-ն այս երկրում կարող է կազմել ոչ թե 7,4, այլ՝ 3,2 տոկոս:
Նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, թե ազգային արժույթի դեւալվացիան «անհրաժեշտ է արտադրական տնտեսության պաշտպանության, զսպելու այն ներմուծվող ապրանքների ծավալը, որոնք այնքան էլ անհրաժեշտ չեն, նաեւ արտահանումը խթանելու համար: Մեզ անհրաժեշտ է դադարել լինել միայն նավթ արտահանող երկիր»:
Միաժամանակ, երկրի կառավարական տեսչությունները զինվորականների աջակցությամբ փակել են ավելի քան 70 խանութ՝ անցյալ շաբաթ ազգային արժույթի դեւալվացիայի արդյունքում շահույթներ ստանալու մեղադրանքով: