Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթոդական ցուցում

Հունվար 13,2010 00:00

Երեկ ԿԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված էր հետեւյալ հայտարարությունը. «Հունվարի 13-ին լրանում է Բաքվում տեղի ունեցած ողբերգության՝ հայերի ջարդի 20 տարին: Այդ նպատակով, հանրապետության դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների համար հունվարի 13-19-ը կանցկացվի «բաց դաս»՝ նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին»: Եվ որպես դասի անցկացման ցուցում՝ նույն կայքէջի համապատասխան բաժնում տեղադրված մեծածավալ նյութերում (https://www.
edu.am/index.php?id=3628&topMenu=-1&menu1=9&menu2=129&arch=0 ) մանրամասն նկարագրված է, թե ինչպես պետք է անցկացնել «բաց դասը»: Նախ տրված է դասի նպատակը, որն է՝ «1990թ. Բաքվում տեղի ունեցած հունվարյան իրադարձությունների մասին ճշմարտությունն ասելը, բայց ոչ ատելության եւ թշնամանքի զգացումներ հրահրելը, որպեսզի մնանք այն բարձունքում, որ ցուցադրեց հայ ժողովուրդը թե՛ այդ, թե՛ հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած սոսկալի հաշվեհարդարի այլ օրերին, երբ հայ ժողովրդի պատմական հիշողությունը ստիպեց վերհիշել 20-րդ դարասկզբի եղեռնը»: Ապա շարադրված է դասի բովանդակությունը.«Ներածություն: Հարց աշակերտներին՝ ի՞նչ գիտեք Բաքվի ջարդերի մասին: Բաքվի հայերը՝ արարման 150 տարիներ: Բաքու՝ երեք ջարդերի քաղաք: Խորհրդային Ադրբեջան՝ էթնիկ զտումների գաղափարական նախապատրաստում եւ հայերի նկատմամբ խտրականություն: «Սումգայիթից» մինչեւ «Բաքու»: Բաքու, 1990թ.: Ցեղասպանություն՝ մարդկության դեմ հանցագործություն. ՄԱԿ-ի կոնվենցիա: Վերջաբան»: 
Եվ այս հերթականությամբ էլ տրված են ծավալուն նյութեր: Մասնավորապես, ասենք, «Ներածության» մեջ կա հետեւյալ պարբերությունը. «20 տարի առաջ Բաքվի փողոցներում մարդկության դեմ հրեշավոր հանցագործություն տեղի ունեցավ. այստեղ ապրող ավելի քան 240 հազար հայեր ենթարկվեցին ջարդի, կոտորածի եւ բռնի տեղահանման։ Եվ այսօր քչերը կպատկերացնեն, որ այս քաղաքը ընդամենը 20 տարի առաջ խեղդվում էր արյան մեջ, իսկ փողոցներում միջնադարյան դաժանության եւ բարբարոսության խրախճանք էր բորբոքվում… Ընդամենը 20 տարի առաջ…»:
«Բաքու, 1990թ.» հատվածն ավարտվում է այսպես. «Ներկայիս նավթահոսքերը Բաքվից Եվրոպա ներկված են մարդկային արյան՝ անմեղ հայերի արյան գույնով: (Առաջարկում ենք 1 րոպե լռությամբ հարգել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը)»:
Վստահ եմ, որ դպրոցական երեխայի մեջ այս կարգի նկարագրությունները (մեջբերվածը չնչին մասն է այն շարադրանքի, որ տրված է ԿԳՆ կայքէջում) անպայման կհրահրեն ատելության եւ թշնամանքի զգացում: 
Իսկ վերջաբանում գրված է. «1. Այդ հրեշավոր իրադարձություններն ազդանշան են միջազգային հանրությանն այն մասին, որ Հարավային Կովկասում երբեք չի կարող հաստատվել արդար եւ կայուն խաղաղություն, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել 1988-1992թթ. Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության կազմակերպիչներն ու իրականացնողները: Այդ մասին պետք է իմանան բոլորը, ովքեր այսօր հովանավորում են Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված նկրտումներում գրգռելով նրա ղեկավարների ախորժակը եւ խրախուսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ցեղասպանության նոր գործողությունների  կազմակերպումը:
2. Միաժամանակ, ԼՂՀ կայացմանը զուգահեռ, ընթանում են միջազգային կազմակերպությունների եւ գերտերությունների մասնակցությամբ բանակցություններ, որոնց կողմ է հանդիսանում նաեւ Ադրբեջանը, այն դեպքում՝ երբ Ադրբեջանին որպես ցեղասպան պետություն ճանաչելու դեպքում, միջազգային օրենսդրությամբ նա ընդհանրապես կզրկվի բանակցությունների կողմ հանդիսանալու իրավունքից եւ օրակարգից դուրս կգան նրա անօրինական նկրտումները ԼՂՀ նկատմամբ։ Այսպես, Կոսովոյի անկախության ճանաչման հիմքում դրված է հենց այս սկզբունքը։
3. Ադրբեջանին պատասխանատվության կանչելը եւ միջազգային հանրության պահանջով Ադրբեջանի կողմից նախկին ադրբեջանահայությանը նյութական եւ բարոյական վնասի լիարժեք փոխհատուցումը կարեւոր հիմնախնդիր է։ 
4. Յուրաքանչյուրիս պարտքն է հիշել ճշմարտությունը եւ պայքարել արդարության վերականգնման համար, որպեսզի կանխվեն նմանօրինակ հանցագործությունները՝ ով էլ դրանք ծրագրի եւ ում նկատմամբ էլ իրականացվի, եւ գլխավորապես, որպեսզի չաղավաղվի պատմությունը եւ կերտվի կայուն ու խաղաղ ապագա»։
Կրթության եւ գիտության նախարարությունը, ինչպես նշված է այս նախարարության կանոնադրության մեջ՝ «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության եւ գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը»: Որքանով է Ադրբեջանին ցեղասպան պետություն ճանաչելը մեր կառավարության քաղաքականության մաս՝ դժվարանում եմ ասել: Փաստ է, որ այն ամենը, ինչ շարադրված է ԿԳՆ մեթոդական ցուցումներում, հարկավոր է եւ անհրաժեշտ է, որ իմանան մեր զավակները, սակայն կարծում եմ, որ պատմության այս կարգի շարադրանքը պետական գերատեսչության պաշտոնական ոճին անհամապատասխան է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել