Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ «ՇԻԼԱՇՓՈԹ»

Հունվար 13,2010 00:00

\"\"Մանկապարտեզները չեն աշխատում, իսկ դպրոցներում «վերացնում» են «խոզի գրիպի» հետեւանքները

Կրթական ոլորտի հիմնախնդիրները, բացի ընդունելության քննությունների անցկացման ժամանակահատվածից, դեռ այսքան շատ չէին քննարկվել, որքան «խոզի գրիպի» համաճարակով պայմանավորված՝ ՀՀ հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների՝ հարկադիր պարապուրդի անցնելուց հետո:
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա խոսեց կրթական ոլորտի բարեփոխումներից՝ հիշեցնելով արդեն բազմիցս քննարկված ավագ դպրոցների, նախադպրոցական համակարգերում կատարվող բարեփոխումների մասին, մատնանշելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի բերած փոփոխությունները: Վերջին շրջանում շշուկներ կային, թե այս տարի, ֆինանսական եւ այլ հարցերով պայմանավորված, ավագ դպրոցների թիվը չի ավելանա, չնայած բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, որ ներկայումս գործող 48 ավագ դպրոցները կհամալրվեն: Երեկ Ն. Հովհաննիսյանը կրկին պաշտոնապես հայտարարեց, որ ավագ դպրոցների թիվը կընդլայնվի: Վարչության պետը մանրամասնեց. «Ավագ դպրոցները բարեկարգվել են եւ շարունակվում են բարեկարգվել: Բոլոր 48 դպրոցներն ունեն ջեռուցում, նորաստեղծ լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ, ներդրվում են նոր սարքավորումներ, գույք, արվում է հնարավորինս ամեն ինչ, որ ավագ դպրոցները կարողանան կատարել իրենց առաջ դրված պահանջները»:
Ն. Հովհաննիսյանը նշեց, որ նախարարության գերակա խնդիրներից է նաեւ նախադպրոցական ռազմավարական ծրագրի իրականացումը, որն ընդունվել է 2008-ին: Փաստորեն, ռազմավարության ընդունումն էլ չփրկեց այս համակարգը բազում խնդիրներից, որոնք շարունակում են ծառացած մնալ նույնիսկ այն պարագայում, երբ անընդհատ խոսվում է եվրոպական կրթադաշտ մուտք գործելու մասին: Այս համատեքստում պարզապես զավեշտալի է, որ աշխատանքային գրաֆիկի վերականգնումը չի վերաբերում նախադպրոցական հաստատություններին: Շատ ծնողներ, որոնք աշխատում են եւ, այսպես ասած, հույսները կապում են մանկապարտեզների հետ՝ որպես մի հաստատություն, որին կարելի է վստահել երեխայի խնամքը, արդեն մեկ ամսից ավելի է՝ անելանելի դրության մեջ են: Ըստ «Առավոտի» ունեցած լուրերի՝ թեեւ նախատեսվում էր, որ մանկապարտեզները գործելու են հունվարի 11-ից, սակայն առաջին իսկ օրը համայնքապետարանից ներկայացուցիչներ են եկել մանկապարտեզներ եւ արգելել աշխատել:
Այս մասին պարզաբանումներ ստացանք տիկին Հովհաննիսյանից: Նա ասաց. «Մարզերում հիմնականում նախադպրոցական հաստատությունները սկսել են աշխատանքները, որոշ մանկապարտեզներ աշխատանքը կսկսեն հունվարի 20-ից: Այդ խնդիրը համայնքային ենթակայության տակ է, նրանք էլ որոշում են լուծման ճանապարհները: Օրինակ՝ Երեւանի շուրջ 160 մանկապարտեզներից ջեռուցվում է ընդամենը 52-ը, այսինքն՝ փոքրամասնությունը, եւ ըստ այդմ՝ աշխատանքը սկսելը բավականին դժվար է լինելու: Ուստի որոշվեց կիրառել միասնական մոտեցում, ըստ որի՝ Երեւանի բոլոր մանկապարտեզները, անկախ այն բանից՝ ջեռուցվում են, թե ոչ, աշխատանքը կսկսեն փետրվարի 1-ից»:
«Առավոտի» այն հարցին, թե որքանո՞վ է տրամաբանական այդ մոտեցումը, երբ նույնիսկ ջեռուցվող մանկապարտեզներին են արգելում գործել, Ն. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ անգամ ջեռուցվող մանկապարտեզների վարիչները եւ ծնողները ցանկացել են, որ աշխատանքը սկսեն փետրվարի 1-ից»:
Գրիպի համաճարակի պատճառով հայտարարված հարկադիր պարապուրդի հետեւանքների «վերացման» համար այժմ դպրոցներն աշխատում են խտացված՝ օրական 7 ժամ ծանրաբեռնվածությամբ, 6-օրյա գրաֆիկով: Այն դժգոհություններին, թե չի կարելի 10-12 տարեկան երեխային այդքան ծանրաբեռնել, միեւնույն է, նա չի ընկալելու ողջ ինֆորմացիան, վարչության պետն այսպես պատասխանեց. «Յոթ ժամով աշխատել ենք տարիներ շարունակ, խնդիրը կարելի է լուծել եւ լուծվում է երկար դասամիջոցի հաշվին, դասացուցակը կազմելիս տարբեր մոտեցումներ ունենալով, հաշվի առնելով այն, թե որ առարկան առաջին, միջին կամ վերջին ժամերին պարապել, որպեսզի երեխան ավելի հանգիստ զգա իրեն: Իսկ արդեն մարտի վերջին կավարտվի դադարեցված դասաժամերի լրացման գործընթացը»:
Մի շարք դպրոցների ուսուցիչների շրջանում «Առավոտի» կատարած հարցախույզը ցույց տվեց, որ ուսուցիչները մտահոգված են, թե իրենց վճարելո՞ւ են հունվարին շաբաթ օրերը լրացուցիչ պարապելու համար, քանի որ, նրանց խոսքով, դեկտեմբերյան հարկադիր պարապուրդը իրենց չի վերաբերել՝ դպրոցի տնօրենները ստիպել են իրենց ներկայանալ աշխատանքի: Ն. Հովհաննիսյանը ուսուցիչներին հույս չտվեց. «Ուսուցիչը պիտի աշխատի եւ միշտ էլ աշխատել է: Իսկ արձակուրդները վերաբերում են աշակերտներին. այդ շրջանում ուսուցիչը անելիք է ունեցել, գնացել է, բայց պիտի հաշվի առնել, որ նա, միեւնույն է, չի մտել դասարան»: Իսկ այն խոսակցությունների մասին, թե քանի որ դեկտեմբերին ուսուցիչները պաշտոնապես չեն աշխատել, բայց աշխատավարձ ստացել են, ուստի հունվարին չեն վարձատրվելու, Ն. Հովհաննիսյանն ասաց. «Հնարավոր չէ, որ ուսուցիչն աշխատի եւ չվարձատրվի»:
Իսկ դպրոցներում այժմ իսկական խառնաշփոթ է. կիսամյակային գնահատականների ամփոփում, սովորականից ավելի ծանրաբեռնված գրաֆիկ, ԳԹԿ-ի ընթացիկ ստուգումներն էլ սարերի հետեւում չեն: Այնպես որ, աշակերտները ձմեռային երկարատեւ արձակուրդներին երանի տալու դեռ շատ առիթներ կունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել