Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լոռվա ձոր» հայրենակցականը՝ Թումանյանական տարվա ամփոփմամբ

Հունվար 13,2010 00:00

Իր տարեկան գործունեության ամփոփմամբ հանդես եկավ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Այն կրեց «Թումանյանական տարվա արձագանքները» խորագիրը եւ ամբողջացրեց մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Մեր թղթակցի հետ ունեցած զրույցում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը ասաց, որ ամբողջ տարվա ընթացքում՝ 2009 թվականին, սկսած մեծ բանաստեղծի ծննդյան օրվանից՝ փետրվարի 19-ից, մինչեւ տարեվերջ իրար են հաջորդել բազմաբնույթ միջոցառումներ՝ ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրասբեկյանի հետ միության անդամները եղել են Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում, Երեւանի տարբեր հաստատություններում, ուր մասնակցել են տարբեր ձեռնարկների՝ նվիրված Հովհաննես Թումանյանին: «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ լույս ընծայած ավելի քան 15 անուն գրքերի ցանկում է բացառիկ մի ուսումնասիրություն՝ «Թումանյանի ընտանիքի կյանքի Էջերից», որը հեղինակել է նրա թոռնուհին: Նույն գիրքը շուտով հրատարակվելու է ռուսերեն:
Իսկ Հյուսիսային համալսարանում կայացած հանդիսույթի ժամանակ հայրենակցական միության անդամները եւ հյուրերը խոսեցին ոչ միայն իրենց մեծ հայրենակցի ստեղծագործությունների մասին, այլեւ ունկնդրեցին պոեզիայի դասական նմուշներ՝ ճանաչված դերասաններ Գրետա Մեջլումյանի, Ազատ Գասպարյանի կատարմամբ, մեծարանքի խոսքեր հնչեցին իրենց անվանի հայրենակիցներ Սոս Սարգսյանի, Սուրեն Մուրադյանի, Վլադիմիր Բարխուդարյանի, Կիմ Երիցյանի, Վլադիմիր Աբաջյանի եւ այլոց հասցեին՝ նրանց շնորհելով պատվավոր կոչումներ: Օրվա բանախոսները՝ Հայաստանի հայրենակցական միությունների միավորման նախագահ Աղվան Հովսեփյանը, ԱԺ Հանրապետական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը եւ մյուսները ընդգծեցին այն դրականը, որ կատարում են հայրենակցական միությունները՝ մի կողմից պահպանելու հայրենի եզերքի սովորույթներն ու ավանդույթները, մյուս կողմից՝ ականջալուր լինելով իրենց հայրենակիցների հիմնախնդիրներին նպաստելու գործնական քայլերի իրականացմանը: Այդ երեկո հնչեցին նաեւ մտահոգություններ հայրենի եզերքի, այնտեղ ապրող մարդկանց հուզող հիմնախնդիրների, դժվարությունների մասին, որոնց լուծմանը սատարելը կազմակերպությունը համարում է իր գործունեության առանցքը:
«Այս ամենը նշանակում է, որ «Լոռվա ձոր» հայրենակցական միության գործունեությունը 2010 թվականին եւ հետագա տարիներին լինելու է տարբեր ուղղություններով՝ սոցիալական-տնտեսական, մշակութային, կրթական, խնդիրների վերհանումից ու քննարկումներից մինչեւ դրանց լուծումներին օժանդակելը,- ասում է Սերգո Երիցյանը, ավելացնելով,- մայիս-հունիս ամիսներին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ համատեղ՝ Վեհափառ հայրապետի բարձր օրհնությամբ Լոռվա գողտրիկ անկյուններց մեկում՝ Հաղպատի վանական համալիրում հիմք կդրվի Սայաթնովայական փառատոնի: Մենք ընդհանրապես առաջիկայում մեր հարգանքի տուրքը կմատուցենք մեր անվանի հայրենակիցներին՝ Հովհան Օձնեցի կաթողիկոսին, Հովհաննես Թումանյանին, Միկոյան եղբայրներին, Արամայիս Երզնկյանին, Անտոն Քոչինյանին, Հրանտ Մաթեւոսյանին, այլոց եւ նաեւ նրանց, ովքեր ապրում, ստեղծագործում եւ արարում են մեր կողքին, մասնավորապես՝ Ալավերդիում եւ Երեւանում կնշենք մեր հայրենակից, մանկագիր Սուրեն Մուրադյանի ծննդյան 80-ամյակը»:
Հանդիսույթ-համաժողովի ընթացքում, նախատոնական բարեմաղթանքներից բացի, եղան կոնկրետ հասցեական առաջարկություններ, մասնավորապես՝ համախմբելու ոչ միայն երեւանաբնակ, այլեւ տարբեր երկրներում ապրող լոռեցիներին, ովքեր կարող են իրենց նպաստը բերել հայրենի օջախի շենացմանը:
Սերգո Երիցյանը խնդրեց իր եւ իր հայրենակիցների անունից Ամանորի բարեմաղթանքներ հաղորդել հայ ժողովրդին, ցանկանալ Ամանորի երազանքների կատարում, ամեն մեկին ուշադրություն, հոգատարություն իրենց փոքր հայրենիքի, դրանով իսկ՝ մայր Հայաստանի առաջընթացի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել