Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻ ՃԻՇՏ ՔԱՅԼԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հունվար 13,2010 00:00

Անցել է ոչ թե 21 տարի, այլ մի ամբողջ դարաշրջան

\"\"

 2009թ. դեկտեմբերի 18-ին «ՀԺ»-ում հրապարակված Աշոտ Սարգսյանի «Զուր ջանքեր» հոդվածի արձագանքն է այս հոդվածը, որը տարաբնույթ պատճառներով տարեվերջին չհրապարակվեց: Նախ ասեմ, որ այդ հոդվածում առաջ քաշված մի շարք մտքեր են ինձ համար վիճելի, բայց չերկարացնելու համար դրանցից միայն երկուսն եմ առանձնացնում՝ Արեւմուտքի չափազանցեցված քննադատությունը եւ 2008-ի ու 1988-ի նույնացման փորձը:
Եվ այսպես՝ հեղինակը նշում է, որ 2008 թիվն «իր բնութագրիչներով կարող է համեմատվել 1988-90թթ. հետ, առավել եւս գերազանցել այն»: Կիսելով հեղինակի այն միտքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հեղինակությամբ կարողացավ չափազանց կարճ ժամանակահատվածում հասնել «աներեւակայելի կուլմինացիայի՝ մասնակիցների քանակի ու խանդավառության աստիճանի առումով», կտրականապես դեմ եմ 2008-ի համաժողովրդական շարժումը 88-ի հետ համեմատելուն: Դրանք բացարձակապես տարբեր բաներ են: Նույնիսկ դրանց ընթացքում արձանագրված խանդավառություններն են տարբեր:
Ժամանակակից ցանկացած զարգացում 88 թվի հետ համեմատելը թյուրիմացություն է: Սուտ տպավորություն է ստեղծվում, թե այս ամենն արդեն եղել է: Թե մեկ անգամ արդեն նման բան արել ու հաջողել ենք եւ նույն կերպ այսօր էլ կհաջողենք: Ոմանց 2008-ի փետրվարի 20-29-ն ընկած հատվածում թվում էր, թե տեղի է ունենալու այն, ինչ արդեն եղել է 88-ին եւ փորձում էին այն ընդամենը կրկնել: Բայց՝ չեղավ ու չէր էլ կարող լինել: Եվ ժամանակներն են տարբեր, եւ մտածողությունը, եւ առաջադրված խնդիրները, եւ հակառակորդի որակները: 88 թվից մեզ բաժանում է ոչ թե 21 տարի, այլ մի ամբողջ դարաշրջան՝ էպոխա: Այն, ինչ հնարավոր էր ԽՍՀՄ փլուզման շեմին, այսօր անհնարին է: Ժողովրդական ոգեւորությունն ու մարդաշատությունը կարող են ընդամենը արտաքին նմանություն լինել: 88-ը ազգային զարթոնք էր, ԽՍՀՄ փլուզում էր, ռոմանտիզմ էր, շարժում էր, որ ընթանում էր համաշխարհային զարգացումների համատեքստում: Այդպիսի 88 կար Մերձբալթիկայում, Ուկրաինայում, Վրաստանում, Ռուսաստանում, Արեւելյան Եվրոպայում: Մենք մենակ չէինք: Այն ժամանակ այլ խնդիրներ էին լուծվում: Այսօրվա խնդիրներն այլ են եւ 88-ի լուծումներն այսօր չեն գործելու:
Եթե 88-ի հետ համեմատության վրա այսօր կարելի է եւ շատ չկենտրոնանալ, համարելով այն 2008-ի սկզբում իր սեւ գործն արդեն արած մոլորություն, ապա անհնարին է հատուկ չանդրադառնալ Արեւմուտքի ծայրահեղացված քննադատությանը:
«…վարչախումբը եւ Արեւմուտքը, տարբեր մոտիվներով, բայց դաշնակիցներ են Հայ ազգային կոնգրեսի թուլացման, նրա քաղաքական միջուկի քայքայման խնդրում»,-ասվում է հոդվածում: Վարչախմբի դեպքում, իհարկե, ասվածը բացարձակ ճշմարտություն է, բայց անհասկանալի է Արեւմուտքի դեպքը: Կարելի է դժգոհ լինել Արեւմուտքի վարած քաղաքականությունից, կարելի է նրանցից պահանջել ավելին, քան անում են, բայց աբսուրդ է պնդել, թե Արեւմուտքն իր առաջ Կոնգրեսի միջուկը քայքայելու խնդիր է դրել:
Հիմա շատ ենք եվրոպացիներին քննադատում: Պատճառը մեզանում ստեղծված չափազանց լարված վիճակն է եւ եվրոպացիների, մեր կարծիքով, ոչ համարժեք վերաբերմունքը դրան: Իհարկե, նրանք, եվրոպացի լինելով, չեն հասկանում կամ էլ մինչեւ վերջ չեն կարողանում հասկանալ մեր իրականությունը, իհարկե, չի բացառվում անգամ, որ նրանք կարող են գործարքի գնալ գործող իշխանությունների հետ, իհարկե, նրանք կարող են՝ ելնելով ինչ-որ պրագմատիկ հաշվարկներից, վեր դասել որեւէ այսօրեական շահ Հայաստանում կամ Հայաստանի նման որեւէ երկրում դեմոկրատական արժեքների ներմուծումից ու հաստատումից, իհարկե, նրանք շատ հաճախ եւ անթաքույց կիրառել ու կիրառում են երկակի ստանդարտներ: Բայց մի բան անժխտելի է, նրանց գոյությունն իսկ մեր կարգի երկրների համար՝ չափազանց դրական է: Այդ նրանց գոյությունն է, որ կապում է բոլոր կարգի ու տեսակի բռնապետների ձեռքերը եւ թույլ չի տալիս, որ կրակեն, կալանավորեն, ծեծեն՝ երբ խելքներին փչի: Այդ նրանցից են վախենում մեր իշխանությունները: Նրանց գոյությունն այս կարգի իշխանություններին պահում է լարվածության մեջ: Ճիշտ է՝ դանդաղ, բայց այդ նրանք են, որ մեզ քարշ են տալիս դեպի ժողովրդավարական ուղի:
Ինչ պետք է աներ կամ անի Արեւմուտքը, որ մենք գոհ լինենք: Ամենախիստ ձեւակերպումներով հայտարարություններ նրանք Հայաստանի հետ կապված արել եւ անում են: Ի՞նչ ենք պահանջում: Մեր փոխարեն գան ու Հայաստանում իշխանափոխությո՞ւն իրականացնեն: Բայց այդ իրավունքը վերապահված է հայաստանցուն: Իսկ Հայաստանի քաղաքների հրապարակներն այսօր դատարկ են: Իշխանափոխություն պահանջող բազմահազարանոց ցուցարարներ չկան: Առանց երկրի ներսում ընթացող ակտիվ գործողությունների, բազմահազարանոց ցույցերի՝ տեղին չէ Արեւմուտքից ավելին պահանջելը:
Եվ եթե, ինչպես հոդվածագիրն է նշում, որպես մեծագույն առաքինություն եւ զոհաբերում, կարելի է առժամանակ հետաձգել կամ հարկ եղած դեպքում «իշխանության համար մղվող պայքարը ստորադասել երկրի շահին», երկրի ճակատագիրը վճռելու իրավունքը թողնելով երկրի հետ հոգեւոր որեւէ կապ չունեցող, քրեական մտածողությամբ օժտված, իրենց սեփական ես-ից բացի ուրիշ ոչինչ չտեսնողներին, ապա ինչո՞ւ ենք արգելում Արեւմուտքին առաջնորդվել իր շահով: Տարածաշրջանային խնդիրների լուծումն էլ նրանց շահերից մեկն է: Նրանք էլ այդ շահով են այսօր առաջնորդվում եւ հարկ եղած դեպքում համագործակցում են մեր երկրում լեգիտիմության կաթիլ անգամ չունեցող, բայց վճիռներ կայացնելու իրավունքով օժտվածների հետ: Արդյո՞ք այս համագործակցությունը պայքար է Կոնգրեսի դեմ:
Եվ ամենակարեւորը, ի՞նչ է այդ միֆը, որ երկրի շահ է կոչվում, որին ստորադասում ենք ամեն ինչ, ինչով արդարացնում ենք ամեն ինչ: Ո՞վ ասաց, թե հանուն օրինականության ու ժողովրդավարության մղվող պայքարը կարող է ստորադասվել որեւէ այլ շահի: Ո՞վ ասաց, թե երկրի շահը պահանջում է նման ստորադասում: Ո՞վ ասաց, թե հանցագործների կերտած երկիրը հենց այն երկիրն է, որին մենք, չգիտես ինչու, պետք է ստորադասենք մեր ազատ ապրելու իրավունքը, ընտրողի քվեն, հետն էլ գլուխ գովենք, թե միակն ենք, որ կարողանում ենք ստորադասել, հետն էլ հրապարակավ իրար հետ վիճենք, թե մեզանից ո՞վ է ավելի շուտ ու ավելի շատ ստորադասել, մի պահ մոռանալով, որ խոսքը գնում է մեր ու մեր երեխաների ազատ ու անկաշկանդ, հպարտ ապրելու իրավունքի ստորադասման մասին: Ոչ մի ստորադասում էլ չկա ու չի կարող լինել: Այստեղ ուղղակի ընդդիմության անտեղի հերոսացման փորձ է արվում: Փորձ է արվել զգացմունքային ու տպավորիչ բացատրություն տալ ընդդիմության հանրահավաքային պայքարի դադարին: Չափազանց պրոզայիկ է թվացել ընթերցողին պարզորեն բացատրելը, որ երկրում ու երկրի շուրջ ստեղծված նոր զարգացումների պարագայում հազիվ թե հանրահավաքային պայքարը հաջողությամբ պսակվեր, ընդհակառակը՝ կմսխվեին ուժերը: Այդ պատճառով էլ վճռվել է փոխել գործելաոճը, կազմակերպվել եւ սպասել նոր զարգացումների: Ճիշտ ժամանակին ճիշտ քայլերի դիմելու վճռականությամբ:
Նման իրավիճակ էր 2003թ. ընտրությունից հետո: Այն ժամանակ բիրտ ուժի ճնշման տակ ընդդիմությունն ընկրկեց ու պառակտվեց: Հուսահատությունը եւ հիասթափությունը մեծ էր: Բայց այս անգամ իրավիճակը բոլորովին այլ է: Ընդդիմությունը կազմակերպված է, քաղաքացին՝ ակտիվ: Բոլորն էլ սպասում են նոր զարգացումներին: Ոչ մի ինքնազոհողության կամ շահերի զոհաբերման կարիք էլ չկա: Այս անգամ դժվարությամբ, ժամանակ անց, բայց հնարավոր է հասցնել սկսած գործը հաջողության: Դա անկասկած է եւ իրավիճակին, կարծես որպես արդարացում, ինչի կարիքը բնավ չկա, հուզական գնահատականներ տալ չարժե:
Մնում է սպասել ճիշտ ժամանակի ճիշտ քայլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել