Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐ-2010

Հունվար 13,2010 00:00

Պիոներական վզկապներ եւ եվրոպական արժեքներ

Տավուշի մարզում Ամանորը նման է ամերիկյան «Արջամկան օրը» ֆիլմին. ամեն անգամ նույնն է կատարվում: Տարեմուտից մի քանի օր առաջ ընտանիքը մորթում է խոզը, որին ամբողջ մեկ տարի պահել-փայփայել է: Նոր տարվա առաջին օրը տանն են դիմավորում, մնացած օրերին էլ՝ ծանոթ-բարեկամների տներն այցելում: Այս ամենի արդյունքում նիհարները մի քանի կգ-ով լցվում են, ոչ նիհարները՝ էլ ավելի գիրանում: Անցյալ Ամանորին Նոյեմբերյանի քաղաքապետարանի ֆինանսական ոչ բարվոք վիճակի (աշխատավարձի պարտքեր կային) պատճառով քաղաքում հանդիսավոր միջոցառումներ չանցկացվեցին: Այս տարեմուտին ֆինանսական խնդիր չկար, Նոյեմբերյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջացառումներ կայացան, սակայն բոլորն էլ՝ դահլիճներում: «Խոզագրիպի» տարածմանը չնպաստելու պատճառաբանությամբ բացօթյա հանդիսություններ չկայացան, սակայն մի՞թե դահլիճներում այդ վարակը չի տարածվում:
Մի սովորույթ էլ կա Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ մարդիկ իրենց լվացքի պարաններից կարմիր գույնի շոր են կախում, որպեսզի ընտանիքը նոր տարում հաջողություններ ունենա: Նոյեմբերյանի գյուղերում տներ կան, որ այս ավանդույթի համար խորհրդային ժամանակներից մնացած պիոներական վզկապներ են օգտագործում: 2009-ը Ցուլի տարի էր, ցուլն էլ կատաղում է կարմիր շորից: Հետաքրքիր է՝ Սպիտակ վագրը կարմիր գույնից ի՞նչ զգացողություններ է ունենում:
Ավանդույթի համաձայն, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Ամանորի ուղերձ է հղում մարզի բնակիչներին: Մարզպետն այս անգամ շնորհավորանքի խոսքերի հետ անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ 2009-ը այս ոլորտում համարել բեկումային տարի: Սահմանամերձ մարզի ղեկավարը դրանից հեռու գնացող եզրակացություններ է կատարել. «Ժամանակն արդեն ցույց է տալիս, որ սկսված գործընթացը զգալիորեն բարձրացրել է մեր երկրի հեղինակությունը, քանզի աշխարհը տեսավ, որ Հայաստանն ի զորու է առաջնորդվել եվրոպական արժեքներով եւ առանց նախապայմանների բանակցությունների նստել մի հարեւան երկրի հետ, որը եղերական հետք է թողել իր պատմության մեջ: Բանակցությունների ցանկալի ընթացքի դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է շահեկանորեն օգտվել, որը խիստ անհրաժեշտ է պետության զարգացման համար»: Ինչպես եկեղեցականները կասեին՝ «ամեն»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. Ցավոք, նոր տարվա սկզբին տխուր լուր լսեցինք: Մոսկվայում դանակահարությունից զոհվել է Մովսես գյուղի 26-ամյա բնակիչ Անդրանիկ Պապյանը: Նրա դին կտեղափոխվի հայրենի գյուղ:
Ըստ ռուսական աղբյուրների, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քաղաքային վերահսկողության վարչության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հերթապահ սպա Արկադի Բաշիրովը հայտարարել է, որ Մոսկվայի կենտրոնում՝ Նոր Արբատի թիվ 15 տանը հայ է սպանվել։ Նրա խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ի գիշերը՝ «Մոսկվիչկա» առեւտրի կենտրոնի մոտ, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շինարարական աշխատանքներին մասնակցում է մի քանի բանվոր, որոնցից մեկը հայ է։ Երեկոյան աշխատակիցների միջեւ վեճ է ծագել, որի ժամանակ էլ հայը դանակի հարված է ստացել ու մահացել։
Ներքին գործերի աշխատակիցը հաղորդել է, որ ոստիկանները «տաք հետքերով» ձերբակալել են 5 կասկածյալի։ «Ձերբակալվածները ԱՊՀ երկրներից են եւ սեւագործ բանվոր են։ Այս պահին նրանք գտնվում են «Արբատ» ներքին գործերի բաժանմունքում։ Նրանց հետ համապատասխան աշխատանքներ են տարվում»,-ասել է Արկադի Բաշիրովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել