Նախատոնական օրերին Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուները շատ խնամքով զարդարել էին իրենց շենքի հարեւանությամբ՝ Ռուսաստանի հրապարակում տեղադրված տոնածառը: Պետք է խոստովանել, որ այն շատ ճաշակով էր զարդարված ու հրապարակին շքեղ տեսք էր հաղորդում: Սակայն մայրաքաղաքի բնակիչները չհասցրին հիանալ Ամանորի խորհրդանիշով, քանի որ տոնածառի ներքեւի ճյուղերի խաղալիքները մի քանի շարքով անհայտացել էին: Ընդ որում, խաղալիքները «ցրել» են նախքան տոները: Գողության փաստը նկատել են նաեւ քաղաքապետարանում, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հավաստեցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, տոնածառի բացակայող խաղալիքների փոխարեն նորերը չեն կախել: Մեր այն հարցին՝ տոնածառը հսկիչ չի՞ ունեցել, քանի որ այն շատ լավ տեսք ուներ եւ խաղալիքներն էլ, ենթադրվում է, որ թանկարժեք են, քաղաքապետարանից հայտնեցին, որ՝ ոչ: