Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՌԱՀ-ԻՆ

Հունվար 13,2010 00:00

Ամանորի հեռուստաեթերում լվացքի փոշիները, յուղերն ու ձեթերը, լիմոնադներն ու անգամ ոսպն ու ոլոռը գովազդվում էին երեխաների հաշվին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ողջ 2009-ի ընթացքում ուշիուշով հետեւելով հեռուստաեթերին, որեւէ ալիքով ցուցադրվող գովազդներում «Գովազդի մասին» օրենքի ոչ մի խախտում չի հայտնաբերել: Ընդ որում, մեկ տարի շարունակ եթերը վերահսկել են ոչ միայն ՀՌԱՀ-ի մասնագետները, այլ նաեւ հատուկ սարքավորումները, որոնք նույնպես խախտումներ չեն գտել:
Հաշվի առնելով ՀՌԱՀ-ի փորձառու մասնագետների՝ հեռուստաեթերում խախտումներ գտնելու պրպտումները, օգնության կարգով ստորեւ ներկայացնում ենք միայն դեկտեմբեր ամսին մեր սեփական մոնիտորինգի արդյունքները՝ ոչ թե սարքավորումների, այլ սովորական հեռուստադիտողի դիտարկմամբ: Բոլոր նրանք, ովքեր ամանորի օրերին ժամանակ առ ժամանակ հեռուստացույցը միացրել են, չէին կարող չնկատել, որ ցուցադրվող գովազդների գերակշիռ մասում օգտագործվել էին անչափահաս երեխաներ, ինչը օրենքի կոպիտ խախտում է, քանի որ երեխաները կարող են օգտագործվել միայն իրենց համար նախատեսված ապրանքների գովազդներում:
Տարբեր հեռուստաալիքներով օրը 20 անգամ «Օրանժի» բաժանորդ անչափահաս Դավիթը հեռուստադիտողներին վստահեցնում էր, որ ինքը բոլոր երեխաների պես հավատում է ամանորի հրաշքներին: Ոչ բջջային հեռախոսը, ոչ էլ հետեւաբար բջջային օպերատորի հրաշք ծառայությունները անչափահաս երեխաների համար չեն, ուստի «Օրանժն» ակնհայտորեն խախտում է օրենքը եւ հիմա էլ շարունակում է օգտագործել մանուկներին:
ՀՌԱՀ-ը նաեւ չի նկատել, որ օրվա մեջ մի քանի տասնյակ անգամ երեխաները եթերում «Բահար-Բահար» են երգում՝ գովազդելով այդ ապրանքանիշի յուղը: «Золотое солнце» ձեթի ռուսալեզու գովազդում երեխային ստիպել են ոտանավոր հորինել՝ իրենց ձեթի մասին: «J7»-ի գովազդում ծնողներից պահանջում են, որ Ամանորին գոնե երջանկացնեն իրենց փոքրիկներին եւ նրանց նվիրեն «J7» հյութերը, իսկ հոլովակում ցուցադրվում է, որ երեխաները տոնածառի տակ փոխանակ երազանք պահելու, հյութ են խմում: «Արտահայտե՛ք ձեր սերը երեխաների նկատմամբ եւ նվիրեք նրանց «J7»,- ասվում է հոլովակում: Ստացվում է, որ եթե երեխայիդ այդ ֆիրմայի հյութ չես տալիս, նրա նկատմամբ սերդ խեղդում ես քո ներսում:
«Моя семья  яոսպ ու լոբիի գովազդում երեխային ոչ միայն «պասուց տոլմա» պատրաստել են սովորեցնում, այլեւ ստիպում են, որ երեխան գնա խանութ, ասի՝ ինձ «Моя семья  տվեք. սիսեռը՝ փափուկ, ոսպը՝ ամբողջական եւ այլն: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասնագետները հեռուստաեթերում չեն տեսել նաեւ երեխայի խաղալիքը, որը «Արաքս» ձու էր ածել ու երջանկացրել մի քանի տարեկան փոքրիկին: Երեխաներին օգտագործելու առումով ապշեցնող էր հատկապես «Բարի սամարացի» երշիկների գովազդը, որտեղ «չոչ» անող մի քանի ամսական երեխան գիշերով գնում է սառնարանի մոտ ու անյուղ երշիկը պարզապես խժռելով ուտում: Նշենք, որ այդ տարիքի երեխաների համար երշիկեղենն ընդհանրապես հակացուցված է, մինչդեռ ընկերությունը վստահեցնում է, որ այն ոչ միայն մեզ համար է, այլեւ՝ մեր երեխաների:
Հայկական գովազդներում երեխաները հաճախ օգտագործվում են հատկապես լվացքի փոշիների գովազդում, որն ընդհանրապես իրենց համար նախատեսված ապրանք չէ: «Rex» լվացքի փոշու ռուսերենից թարգմանված գովազդում 5-6 տարեկան երեխան որակումներ է տալիս, թե՝ «ահա հայրիկս՝ ձախորդ վարպետը, ահա քույրիկս, ահա մայրիկս, նա խնդիրներ չունի լվացքի հետ, որովհետեւ նա «Rex» ունի»: Վերջերս ստեղծվել է այս գովազդի հայկական տարբերակը, որտեղ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրանքը գովազդող անչափահաս երեխան ասում է. «Սա իմ հայրիկն է, նա շատ է սիրում ֆուտբոլ եւ բաստուրմայով ձվածեղ, սա իմ մայրիկն է, նա հրաշք խմորեղեններ է պատրաստում, իսկ սա ես եմ, շատ եմ սիրում թերխաշ ձու»:
Այն, որ «Zuzu» մանկական շամպայնը, քաղցր ձողիկները գովազդում են երեխաները եւ ասում՝ «Zuzu»՝ էլի եմ ուզում», հասկանալի է եւ օրենքի շրջանակներում, սակայն «Zuzu» գազավորված լիմոնադների գովազդը նույնպես երեխաներն են անում: Այնտեղ հազիվ խոսացող փոքրիկը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ առանց գիտակցելու, որ իր գովազդած գազավորված ըմպելիքները խիստ վնասակար են երեխաներին:
Այս բոլոր գովազդները վերաբերում էին օրենքի միայն 14-րդ հոդվածի խախտումներին, սակայն, բացի անչափահասներին օգտագործելուց, հեռուստաեթերում բազմաթիվ այլ խախտումներ էլ կային՝ կապված հայերեն լեզվի պարտադիր պահանջի, գովազդային ընդմիջման տեւողության, գովազդի հավաստիության եւ այլ նորմերի հետ: Ըստ օրենքի, յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով արգելվում է 10 րոպեից ավելի տեւողությամբ գովազդ հեռարձակել, մինչդեռ 40 րոպե տեւողությամբ «Կյանքի գինը» հեռուստասերիալի սկզբում եւ վերջում գովազդ էր լինում, սերիալն էր ընդմիջվում էր 12 րոպեանոց գովազդով: Հեռուստադիտողները մոռանում էին նույնիսկ, թե ինչ էին դիտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել