Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապօրինի գործարքը չեք մարսելու

Հունվար 13,2010 00:00

«ՍԻԼ» կոնցեռնը պատրաստվում է դատական կարգով վիճարկել «Բջնի» գործարանի օտարման գործընթացը

Վերջերս լուծարման գործընթացում գտնվող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքը ուղղակի գործարքով օտարվեց Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը: «ՍԻԼ» կոնցեռնը բազմիցս հայտարարել էր, որ «Բջնին» սնանկ ճանաչելը ի սկզբանե նպատակ ուներ խլել Սուքիասյան ընտանիքին պատկանող գույքը: Այդ նպատակին չկարողացան հասնել ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անօրինական գործողությունների մեծ քանակի պատճառով, եւ այդ գործընթացը շարունակեցին  սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի միջոցով, ով ի սկզբանե աշխատում էր գնորդի շահերից ելնելով»,- ասվում է երեկ «ՍԻԼ» կոնցեռնի կողմից «Առավոտին» ուղարկված հայտարարության մեջ, որտեղ նաեւ ասվում է. «ՍԻԼ» կոնցեռնը լիազորված է հայտարարել, որ Սուքիասյանները «Բջնի» հանքային ջրերի գործարանը որեւէ մեկին չեն վաճառել: Գործարանը Սուքիասյաններից ուղղակի խլել են՝ վերջիններիս քաղաքական հայացքների պատճառով: «ՍԻԼ» կոնցեռնը եւ Սուքիասյանները ծանոթ չեն գործարանի գույքի գնահատման հաշվետվությանը եւ չեն տեղեկացվել աճուրդի ներկայացման միջնորդության մասին, այն դեպքում, երբ այդ փուլում նրանք իրավունք ունեին մեկնարկային իրենց գինն առաջարկել»:
Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ գործարանի գույքը վաճառվել է մոտ 4,3 մլրդ դրամով, սակայն ամբողջ գումարը դեռ չի վճարվել: Դա վկայում է այն մասին, որ ընկերության գույքը վաճառվել է տարաժամկետ վճարման պայմանով, ինչը հաստատվելու դեպքում նշանակում է, որ այդ ապօրինի գործարքն ուղղակիորեն կհաստատի իշխանությունների կողմից Սուքիասյանների նկատմամբ տնտեսական հաշվեհարդար տեսնելու անժխտելի փաստը, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի թույլատրում տարաժամկետ վճարման պայմանով գույք վաճառել: Ավելացնենք նաեւ, որ այդպիսի արտոնյալ պայմաններ կարող էին առաջարկել ընկերությանը, ինչի դեպքում կարիք չէր լինի «Բջնին» սնանկության տանելու եւ հարկադիր պարապուրդի ենթարկելու 483 աշխատակիցների:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2008-ին ընկերությունը առաջարկել էր դատարանին ստացված հասույթի 40%-ն ուղղել այդ պարտքերի մարմանը, եւ այդ առաջարկը մերժվեց: «ՍԻԼ» կոնցեռնի տեղեկացմամբ, փաստաբանները նյութերը պահանջել են դատարանից եւ հիշյալ գործարքը վիճարկելու են դատական կարգով, իսկ գործի հետ կապված նյութերը ուղարկվելու են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմնական գործին կցվելու համար: «Այս անօրինական գործընթացի համար մեղավորները պատասխան են տալու օրենքի առջեւ: «ՍԻԼ» կոնցեռնը հետամուտ է լինելու, որ մեղավորները դատական կարգով հատուցեն վնասները»,- հայտարարում է «ՍԻԼ» կոնցեռնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել