Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոնուս ստացողներին կոպտել են ու ճանապարհել

Հունվար 13,2010 00:00

Հարկային տեսչություններում ամեն ինչ արել են՝ հնարավորինս քիչ մարդկանց բոնուս վճարելու համար

Բազմաթիվ մարդիկ այսօր տոպրակներով չշահած ՀԴՄ կտրոններ ունեն, որոնց դիմաց մեր պետությունը խոստացել էր բարեխիղճ սպառողներին բոնուսներ վճարել: Թե ինչ կարգով էին սպասարկում հարկային տեսչությունները մի քանի հազար դրամի ակնկալիքով եկած խեղճ տատիկ-պապիկներին՝ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է: Սակայն վերջին օրերին որոշ տեսչություններ, հաշվի առնելով, որ պետբյուջեի միջոցները չափազանց սուղ են եւ չեն բավարարում բոնուսների վճարումների համար՝ հերթագրված սպառողներին «ցրելու» նոր հետաքրքիր սկզբունք էին որդեգրել:
Մի շարք սպառողներ մեր օրաթերթին են դիմել բողոքով, որ Վաղարշյան 12 հասցեում գտնվող «Արաբկիր-1» հարկային տեսչությունում բոնուսների համար հավաքված հերթն ընդհանրապես առաջ չի գնում: «Վաղ առավոտյան մի մարդ, իբրեւ թե բոնուս ստանալու համար, մտնում է սենյակ ու ժամերով դուրս չի գալիս, երբ դուռը բացուփակ ենք անում, հարկայինի աշխատակիցները հորդորում են հերթ պահել, սակայն ժամերով սպասում ենք՝ այդ մարդը դուրս չի գալիս, եթե նկատենք, որ մեզանից մեկը ստանում է՝ հույս կունենանք ու կսպասենք»,- պատմեցին սպառողները: Նրանցից Մարինա Հակոբյանը «Արաբկիր-1»-ում բոնուս ստանալու համար հերթագրվել է հոկտեմբերի սկզբից, երբ դեռ նոր էր թույլատրվել չշահած կտրոնների պարգեւավճարները բաժանել, սակայն երեք ամիս շարունակ վաղ առավոտից հերթում սպասելուց հետո հասկացել է, որ իր հերթը երբեւէ չի էլ հասնի. «Ես առավոտյան 9-ից հերթում սպասում էի, ամեն օր նույն մարդկանցով հավաքվում էինք, նույնիսկ ոմանք իրենց հետ աթոռներ էին բերում, որ նստեին, բայց այդպես էլ ոչ մեկս բոնուս չէինք ստանում, որովհետեւ հարկայինի մարդկանցից մեկը մտնում էր այդ սենյակը, դուռը փակում ու այլեւս դուրս չէր գալիս: Ես ընդամենը 50 կտրոն ունեի, որի համար պետք է ստանայի 6 հազար դրամ: Այդ գումարն իմ հացի փողը չէր, եւ սարսափելի ոչինչ չէր պատահի, եթե այն չստանայի, պարզապես 3 ամիս դրա համար անընդհատ գնալ-գալով՝ արդեն սկզբունքային էր դարձել ինձ օրենքով հասանելիք այդ չնչին գումարը վերցնելը: Ես այդ 50 կտրոնը երկու րոպեում առանց հաշվիչի հաշվում եմ, զարմանալի էր, որ հարկայինի աշխատակիցները օրերով չէին կարողանում համակարգիչով մի քանի կտրոն հաշվել ու հերթը նորմալ սպասարկել»: Մ. Հակոբյանը խնդրի հետ կապված զանգել է հարկայինի 594618 «թեժ գծի» հեռախոսահամարով, որից հետո «Արաբկիր-1» տեսչության պետի տեղակալը հանդիպում է նշանակել կնոջ հետ. «Նա ինձ կանչել էր ոչ թե ներողություն խնդրելու ստեղծված անհարմարության համար, այլ՝ կոպտելու: Ի պատասխան իմ բողոքի՝ նա նետեց, թե՝ տիկին, մենք լավ ենք աշխատում, խնդիրը ձերն է, գնացեք հերթ կանգնեք»: Հաջորդ օրը, երբ հերթական անգամ Մ. Հակոբյանը գնացել է այդ տեսչություն՝ բոնուսը ստանալու, հարկայինից հերթագրվածներին ասել են, որ «լույս չունենք, համակարգիչները չեն աշխատում, գնացեք տուն»: Պետեկամուտների կոմիտեին ուղղված բազմաթիվ բողոքներից հետո կնոջը դեկտեմբերի վերջին տոնական օրերին նոր միայն հաջողվել է մի կերպ գումարը ստանալ: Սակայն նրա պես բազմաթիվ մարդիկ կտրոններով լի տոպրակները ձեռքներին մնացել են առանց բոնուսի:
Հայտնի է, որ Ամանորին մարդիկ ծախսում են ողջ տարվա ընթացքում իրենց խնայողությունները, ուստի տոնական սեղանի գնումներից մնացած ՀԴՄ կտրոնների համար պետությունը ստիպված էր լինելու բավականին խոշոր գումարներ տրամադրել: Թերեւս հենց դրանից խուսափելու համար էլ մեր պետությունը հնարեց վերջին եռամսյակում բոնուսներ չտրամադրելու կառավարության որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել