Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԸ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ Է

Հունվար 13,2010 00:00

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները վստահ են, որ
հայ-թուրքական սահմանի բացմամբ՝ մեծ հնարավորություններ կստեղծվեն հայկական գյուղատնտեսության զարգացման համար:

Հայ-թուրքական սահմանի բացմանն ընդդիմացողների հիմնական փաստարկներից մեկն էլ այն է, որ սահմանի բացմամբ թուրքական ապրանքատեսակները կհեղեղեն հայկական շուկան՝ լրջորեն հարվածելով տեղական արտադրությանը, մասնավորապես՝ գյուղատնտեսությանը: Մտահոգվելու տեղիք, անշուշտ, կա, քանի որ Եվրամիության 27 երկրներին գյուղմթերք մատակարարող Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանային գյուղատնտեսական հսկա: Այն ինքնաբավ է եւ տարեկան շուրջ կես միլիարդ դոլարի գյուղմթերք է արտահանում միջազգային շուկա:
Սահմանի բացման դեպքում հնարավոր մարտահրավերները հաշվարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացրել է Թուրքիայի եւ Հայաստանի գյուղատնտեսությունների համեմատական վերլուծություն, որի հիման վրա էլ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն «Առավոտի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «Այդ մտավախությունները շինծու են եւ անհիմն: Սահմանի բացումից մենք միայն շահելու ենք: Մենք ուսումնասիրել ենք թուրքական շուկան եւ կարող եմ նշել, որ բազմաթիվ գյուղատնտեսական ապրանքատեսակներ ավելի թանկ են Թուրքիայում, քան Հայաստանում»:
Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, հայկական խաղողը թուրքականից էժան է (1կգ-ն) 120-130 դրամով, էժան են նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերը՝ 40-90 դրամով, կորիզավոր պտուղները՝ 100 դրամով, հնդավորները՝ 55 դրամով: Իսկ կենդանական ծագման արտադրանքներից, թուրքականի համեմատ, գրեթե կրկնակի ցածր է տավարի եւ ոչխարի մսի գինը, 50 դրամով՝ 1լիտր կովի կաթի եւ շուրջ 500 դրամով՝ մեղրի գինը: Այս տվյալներից ելնելով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կանխատեսում է, որ «Թուրքական ապրանքները հայկական շուկան չեն հեղեղի: Հաստատապես կարող եմ ասել, որ կլինի հակառակը, քանի որ սահմանի բացման դեպքում լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվելու հայկական գյուղմթերքի արտահանման համար: Մեր հաշվարկներով, սահմանի բացման դեպքում ապրանքների գնի 30 տոկոսի չափով մենք շահելու ենք՝ ի հաշիվ ճանապարհածախսի նվազման: Ինչ վերաբերում է մեր երկրից ապրանքների արտահանման կարգին, ապա մենք մեր կողմից կանենք ամեն ինչ՝ գործընթացը դյուրացնելու համար»:
Այնուամենայնիվ, գյուղատնտեսության նախարարության մասնագետների վերլուծությունում նշվում է, որ թեեւ գնային համեմատության արդյունքում առերեւույթ թուրքական շուկան գրավիչ է մեր գյուղատնտեսական արտադրանքների հիմնական մասի համար, այնուամենայնիվ, նման եզրակացությունը դեռ վերջնական չէ, քանի որ դեռեւս հասանելի չեն այդ արտադրատեսակների ինքնարժեքի իրական ցուցանիշները: Բանն այն է, որ Թուրքիայում կիրառվում է գյուղատնտեսության բազմակողմանի պետական աջակցության քաղաքականություն, որը նպաստում է տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը: Ուստի, հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է ակտիվացնի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցությունը:
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ մեր իշխանությունների կողմից կձեռնարկվեն նաեւ համապատասխան օրենսդրական-կազմակերպչական քայլեր՝ կանոնակարգելու թուրքական ապրանքների ներմուծումը. «Այն մտավախությունները, թե թուրքական ապրանքներն անարգել կհեղեղեն մեր շուկան, նույնպես տեղին չեն: Մենք այդ ապրանքների մուտքը կարգավորող համապատասխան մեխանիզմներն ունենք՝ ի դեմս օրենսդրության, կառավարության որոշումների, արգելանքների, սահմանափակումների ու որոշակի մաքսավճարների սահմանման»:
Մեր այն դիտարկմանը, թե այսօր արդեն հայկական համարվող եւ մեր շուկայում իրացվող ապրանքատեսակներից շատերն արտադրվում են թուրքական հումքից, ուստի սահմանի բացման դեպքում այդ արտադրությունները կկանգնեն փակման վտանգի առջեւ, նախարարը պատասխանեց. «Հումքը կարող է լինել չինական կամ թուրքական, դա էական չէ: Էականն այն է, որ այդ արտադրատեսակները պետք է լինեն մրցունակ թե՛ որակական եւ թե՛ գնային առումով: Եվ սահմանի բացումը բերելու է նրան, որ մեր արտադրողները սկսեն առավել մեծ ուշադրություն դարձնել իրենց արտադրանքի որակական հատկություններին եւ անընդհատ դրանք բարելավել՝ մրցունակ լինելու համար: Տեսեք, ժամանակին հայկական շուկան հեղեղված էր պարսկական էժանագին, անորակ սննդամթերքով՝ քաղցրավենիքով, ձվով եւ այլն: Մարդիկ ստիպված գնում էին: Հիմա էլ այդ ապրանքները չկան, քանի որ ոչ ոք դրանք այլեւս չի գնում: Ավելին, այսօր արդեն մենք ենք ձու արտահանում: Այսինքն՝ շուկան ինքը կկարգավորի եւ կմնա այն, ինչ մրցունակ է: Սա է միակ ճանապարհը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել