Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը լավ աշխատեց

Հունվար 13,2010 00:00

Կարծում է ԿԸՀ-ի ընդդիմադիր անդամը

«Գործող իշխանություններն ընդհանրապես պատասխանատվություն չեն զգում ընտրական գործընթացների նկատմամբ». Հայաստանում տհաճ ավանդույթի վերածված այս ճշմարտության մեջ հերթական անգամ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայացած լրացուցիչ պատգամավորական ընտրությունների ժամանակ համոզվել է ԿԸՀ-ում ընդդիմադիր ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: Երեկ «Դուպլեքս» ակումբում նա հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում ականատես է եղել Ընտրական օրենսգրքի, Սահմանադրության բազմաթիվ խախտումների ու բռնարարքների. «Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունը ընտրության քողի տակ իրականացված մանդատագողություն էր: Ինչո՞ւ մենք չենք կարողանում ձեւավորել մի պետություն, որի իրավական հիմքերը հենց ընտրությունների միջոցով պետք է ամրացնել: Այդ ամենի դեմն առնել փոքրաթիվ մարդկանց միջոցով՝ դժվար է, որովհետեւ բռնությունները հաճախ աջակցվում են հենց պետական, իշխանական մարմինների, ոստիկանության կողմից: Եթե ոստիկանությունը կանգնած է խուժանի կողքին՝ ոչինչ անել չես կարող: Ամեն դիտողություն ուղեկցվում է համապատասխան անձի ծեծ ու ջարդով, որոնց օգնում են ոստիկանները: Բացի այդ, տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներգրավված է ութ անդամ, նրանցից յոթը դուրս են գալիս մեկի դեմ, եւ եթե անօրինական որեւէ գործողություն է տեղի ունենում՝ դնում են քվեարկության, եւ արդյունքում անօրինականությունը դառնում է օրինականություն: Հաճախ նաեւ օրենսդրական սահմանափակումներն են անելանելի վիճակ առաջացնում, այնպես, ինչպես եղավ 10/19 տեղամասում, երբ հանձնաժողովի նախագահը փակեց տեղամասը՝ կամայական որոշումներ կայացրեց»:
Չնայած այս ամենին, տիկին Թադեւոսյանը գտնում է, որ ընդդիմությունն այս ընտրություններին կազմակերպված է մասնակցել: Տիկին Թադեւոսյանը համոզված է, որ առնվազն երկու տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր եւ անհրաժեշտություն կան. «Ես եղել եմ 10/19, 10/15 տեղամասերում, վերահսկել եմ, որ արձանագրությունները կազմվեն եւ ներկայացվեն Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Անձամբ ստորագրել եմ այդ արձանագրությունների տակ եւ ձեւակերպել այն պահանջը, որ այդ երկու ընտրատեղամասերում ընտրությունները պետք է ճանաչել անվավեր, իսկ հանձնաժողովի նախագահները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»:
Զոյա Թադեւոսյանը ընտրողների պասիվ մասնակցության երկու պատճառ է տեսնում՝ ուռճացված ցուցակները եւ ընտրողների աճող հիասթափությունը, ինչը թույլ չի տալիս հավատալ, որ ընտրությունների միջոցով հնարավոր է խնդիրներ լուծել: Ընտրացուցակներում ներառված են շատ ընտրողներ, որոնք հանրապետությունում չեն բնակվում կամ այլեւս գոյություն չունեն. «Դրանք ուռճացված ցուցակներ են, հետեւաբար, եթե ուռճացված ցուցակների թվով ենք հաշվում, ստացվում է, որ 25 %-ն է մասնակցել ընտրություններին, բայց եթե մաքրենք այդ ուռճացված թվերը, կտեսնենք, որ մասնակցությունը մոտ 50% է կազմում»։ Տիկին Թադեւոսյանը նույնպես կասկածում է ընտրությունների ընթացքը դիտարկած եւ դրական եզրակացություն հրապարակած «Ազատ հասարակության ինստիտուտ» անվամբ կազմակերպության իրական լինելու մեջ, որոնց դիտորդները, ի դեպ, տարբեր տեղամասերում վեճեր են հրահրել, եւ կարծում է, որ ԿԸՀ-ն ու իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն այս հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել