Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱԳՐԱՁԵՎ ԹՌԻՉՔ ԵՂԵԼ Է

Հունվար 13,2010 00:00

Ըստ Ստեփան Զաքարյանի, անցած տարի սկիզբ առած հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն ուղղված գործընթացը հենց վագրաձեւ թռիչք էր:

– ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ժամանակին խոսելով մեր երկրի տնտեսության զարգացան եւ այլ հարցերի մասին՝ հայտարարեց, թե վագրաձեւ թռիչքներով ենք առաջ գնում: Ի՞նչ եք կարծում, Վագրի տարում ինչպիսի՞ «թռիչքներ» են մեզ սպասվում եւ ընդհանրապես՝ մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ որեւէ վագրային առանձնահատկություն լինելո՞ւ է:
– Եթե ձեր հարցին լուրջ պատասխանեմ եւ լուրջ խոսենք «վագրային թռիչքների» մասին, ապա անցած տարին իսկապես թռիչք էր արտաքին հարաբերությունների հարցում: Աննախադեպ էր համաշխարհային հանրության եւ գերտերությունների ուշադրությունը մեր տարածաշրջանի, հատկապես Հայաստանի հանդեպ: Այս առումով կարող ենք ասել, որ «վագրային թռիչք» տեղի ունեցավ. խոսքը, իհարկե, հանրապետության նախագահի նախաձեռնության մասին է՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ: Արտաքին հարաբերությունների առումով «վագրային թռիչքի» մասին կարող ենք լուրջ խոսել: Իսկ այն, ինչ տնտեսական առումով ժամանակին ասում էր Օսկանյանը, ես հումորով էի ընկալում եւ շարունակում եմ հումորով վերաբերվել: Բայց, համենայնդեպս, ես շատ կուզեի, որ այն նախաձեռնությունները, որ հրապարակեց հանրապետության նախագահը, նկատի ունեմ տնտեսության երեք գլխավոր ուղղությունները, իրականանան: Խոսքը Հայաստան-Իրան երկաթուղու, ատոմակայանի եւ համահայկական համաշխարհային բանկի մասին է: Եթե այս տարի նախադրյալները դրվեն, հատկապես Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը սկսվի, համոզած եմ, որ դա կնախապատրաստի «վագրային թռիչք» Հայաստանի համար: Եթե այդ երկաթուղին գործի, չեմ կասկածում, որ մենք կունենանք «վագրային թռիչք», իսկ եթե հայ-թուրքական սահմանն էլ բացվի, ապա այդ թռիչքն անկասկած շատ ավելի մեծ կլինի:
– Դաշնակցությունը եւ այլ ուժեր ՍԴ-ի մոտ հանրահավաքներ եւ երթեր են անցկացնում երեկ եւ այսօր՝ բողոքելով հայ-թուրքական արձանագրությունների այս տեսքով վավերացման դեմ, ձեր կարծիքով՝ այս բողոքի ակցիաները որքանո՞վ կարող են արդյունավետ լինել:
– Բոլոր դեպքերում ես ուրախ եմ, որ Դաշնակցությունը նման կերպ է գործում, որովհետեւ դա օգտակար է: Հատկապես այս հարցում բազմակարծությունը կարեւոր է: Եվ դա նպաստում է, որ իշխանությունները շատ ավելի զգոն լինեն, շատ ավելի ուշադիր, այս հարցում շատ ավելի մութ կետեր բացահայտվեն եւ նախաձեռնվեն քայլեր, որպեսզի հետագայում մենք փակուղու առջեւ չհայտնվենք: Այս առումով ես ողջունում եմ Դաշնակցության պահվածքը, բայց ինձ թվում է՝ բոլորին է արդեն պարզ, որ արձանագրությունների տեքստում նախապայմաններ չկան: Այդ մասին ասաց անգամ Թուրքիայի վարչապետը: Իհարկե, հայտարարելով, որ նախապայմաններ չկան, միաժամանակ ասաց՝ դրանք կլինեն, երբ արձանագրությունները կքննարկվեն թուրքական խորհրդարանում: Գիտենք, որ արձանագրություններում խնդիրը Սահմանադրության նախաբանի հետ է կապված: Տարբեր կարծիքներ կարող են լինել, ՍԴ-ն կարող է հաստատել, որ արձանագրությունները Սահմանադրությանը չեն հակասում, բայց եւ կարող են լինել ինչ-որ տողեր, որոնք կապված կլինեն որոշակի վերապահումների հետ: Հնարավոր է: Բայց ես անհանգստություն չունեմ, որովհետեւ եւ հանրապետության նախագահը, եւ ԱԳ նախարարը բազմիցս հստակ հայտարարել են, որ Թուրքիայի թելադրած նախապայմաններին չենք ենթարկվելու:
– Տարեվերջին, երբ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրել էր տարեմուտի ֆուրշեթի, ելույթ ունեցավ, որում կարեւորեց ազատ խոսքը, օբյեկտիվ լրատվությունը եւ այլն: Ձեր կարծիքով, իրո՞ք իշխանությունը կարիք ունի ազատ եւ անկողմնակալ խոսքի:
– Եթե անկեղծ լինենք, իհարկե, խոսքի ազատության հետ կապված խնդիրներ կան, բայց ամեն ինչ պետք է նայենք համեմատության եւ զարգացման մեջ, որովհետեւ կան բաներ, որ այս երկրում արվել են, այո, սկսած «Ա1+»-ի փակումից մինչեւ շատ թերթերի փակում, որոնք մի հարվածով շտկել չի լինի: Բոլորս էլ գիտենք, որ այսօր կա նաեւ հայհոյանքի, վիրավորանքի խնդիր, մամուլն այս խնդիրն էլ ունի: Մարդկանց կարող են անտեղի վիրավորել, զրպարտել, կան թերթեր, որ դրանով են զբաղված: Բայց եթե համեմատենք, ես առաջընթաց եմ տեսնում ներկա նախագահի խոսքի, պահվածքի, գործի եւ նախկինների պահվածքի, խոսքի եւ գործի մեջ: Շուտով կլրանա նախագահի պաշտոնավարման երկու տարին, գուցե առաջ ընկնեմ եւ գնահատելով այս երկու տարին՝ ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ, որովհետեւ երբ ես պաշտպանեցի նախագահին, պաշտպանեցի, մտածելով, որ նա բոլոր թեկնածուների մեջ նախընտրելին է: Բայց այսօր ես ուրախ եմ, որ պաշտպանել եմ, որովհետեւ եթե նրա գործը համեմատում ես նախկին նախագահների հետ (իհարկե, ես ոչ մի նախագահի չեմ թերագնահատում, որովհետեւ եթե մարդը դառնում է նախագահ, պարզ է, որ ունի բնավորության ուժեղ գծեր), ապա այս նախագահը նախորդների համեմատ շատ ավելի համբերատար է, զուսպ է, շատ ավելի նախաձեռնող է եւ աշխատասեր եւ, որ ոչ պակաս կարեւոր է, այս նախագահը հիշաչար չէ: Այս գծերն այնքան բացահայտ են, որ կարծում եմ՝ ոչ մեկը դա կասկածի չի ենթարկում: Եվ սա ինձ հույս է ներշնչում, որ 2010-ին նախագահի բոլոր խոսքերը կդառնան իրականություն:
– Ընդդիմությունը հերթական ակտիվության փուլում է գտնվում, հայտարարություններ են արվում իշխանափոխության մասին: Որքանո՞վ եք իրատեսական համարում այս պնդումները:
– 2010-ը տնտեսական առումով հեշտ չի լինելու, բայց քաղաքական առումով չեմ կարծում, թե դժվար է լինելու: Հայ-թուրքական հարաբերությունների այս ընթացքը ես համարում եմ նախագահի հաղթաթուղթը, որովհետեւ սա այն գործընթացն է, որից Հայաստանը, միեւնույն է, շահած է դուրս գալու, ես կասկած չունեմ: Ես չեմ տեսնում որեւէ ընթացք, որտեղ նախագահի հեղինակությունը կամ Հայաստանը պետք է տուժի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել