Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լուրջ, հիմնավորված որոշում էր»

Հունվար 13,2010 00:00

Հակասական գնահատականներ ՍԴ որոշմանը

ՍԴ շենքից դուրս եկող ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին երբ խնդրեցինք գնահատել դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ ասաց. «Ես չեմ կարող մամուլին այդ բառապաշարով պատասխաններ տալ»: Սակայն քիչ անց արդեն բարձրախոսով դիմելով ցուցարարներին՝ Վահան Հովհաննիսյանն ասում էր, թե ճիշտ է՝ չհասան իրենց մաքսիմում ծրագրին, այն է՝ արձանագրությունները հակասահմանադրական հռչակելուն, բայց՝ «մեր պայքարն արդյունավորվել է, քանի որ մեր մինիմում ծրագիրը կատարված է. վերապահումներն այլեւս հիմնավորված են ՍԴ որոշմամբ»: Հավելեց, թե ուսումնասիրության կարիք կա՝ «Պիտի կարողանանք հասկանալ, թե այն դրականը, որը կարողացանք այսօր կորզել՝ ինչպե՞ս ենք օգտագործելու հետագա պայքարում, որը տեղափոխվելու է ՍԴ-ից այլեւս ԱԺ»: Վահան Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց. «ՍԴ-ն ասել է, թե այն բոլոր կետերը, որոնք դուրս են սահմանի բացումից եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից՝ ենթակա են հետագա պայմանագրերի, որոնք բոլորը նույնպես պետք է անցնեն ՍԴ-ով»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի գնահատականը հետեւյալն էր. «Իմ կարծիքով՝ հրաշալի որոշում է կայացվել: Նկատի չունեմ այն, որ արձանագրությունները ճանաչվեցին Սահմանադրությանը համապատասխանող: Ուղղակի ՍԴ որոշման մեջ հստակ դրված են այն բոլոր նկատառումները, որոնցով ՀՀ իշխանությունները (եթե իրենց ցանկությունը դա է) հիմա կարող են գրանցել իրենց պարտությունը»:
Միանշանակ «խիստ բացասական» գնահատական հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Սահմանադրական դատարանն, ըստ էության, Սահմանադրությունից հետքայլ կատարեց: Եվ եթե մինչեւ այժմ ՍԴ որոշումներն, ըստ էության, պայմանավորված էին իշխանությունը պահելու խնդրով, այս դեպքում արդեն Սահմանադրական դատարանը ոտնահարեց Հայաստանի ազգային շահերը: ՍԴ-ն հրաժարվեց Սահմանադրությունից»: Ուշ երեկոյան տարածվեց «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ՍԴ որոշման կապակցությամբ, որում այն մասնավորապես գնահատվում է «հակասահմանադրական, հակաօրինական, հակապետական եւ հակազգային ակտ՝ կայացված ոչ թե հանուն, այլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, նրանց քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայության»: «Ժառանգություն» կուսակցությունը նաեւ հայտարարել է, որ ՍԴ-ն «մեղսակից է հակահայկական դավադրության մեջ ու Հայրենազրկման հերթական արարի համար», իսկ «Սերժ Սարգսյանը եւ նրա վարչախումբը հատել են ինքնահրաժարականի ու պատասխանատվության բոլոր շեմերը»:
Մեր զրույցի ընթացքում ՍԴ որոշմանը դրական գնահատական հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Նա մասնավորապես կարեւորեց, թե ըստ այդ որոշման՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների հարցը ենթակա է առանձին պայմանագրով վավերացման. «Լուրջ, հիմնավորված որոշում էր, եւ բավականին կարեւոր բաներ արձանագրեց ՍԴ-ն: Որոշման մեջ հղումները Հռչակագրին եւ Սահմանադրության նախաբանին վկայում են, որ իմ այս առաջին տպավորությամբ՝ Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի կարող դառնալ. դա կհակասի Սահմանադրությանը: Իրոք, շատ հիմնավորված որոշում է, եւ այդ մասին է վկայում այն ՍԴ կողմից միաձայն ընդունելը՝ չհրապարակվեց, թե եղել է հատուկ կարծիք: Ես բարձր եմ գնահատում այս որոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել