Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ԽՈՉԸՆԴՈՏՎԵՑ

Հունվար 13,2010 00:00

Խտրական մոտեցում ցուցարարների հանդեպ

\"\"
Երկու օր շարունակ ՀՅԴ-ի եւ այլ 14 կուսակցությունների բողոքի ցույցը ՍԴ առջեւ չէր խոչընդոտվում, եւ ոստիկանությունը Հայաստանի իրականությունը հաշվի առնելով՝ աննախադեպ հարգանքով էր վերաբերվում ցուցարարներին:

\"\"
«Ժառանգության» երիտասարդների եւ մի շարք
հ/կ-ների ներկայացուցիչների նախաձեռնությամբ իրականացվեց նաեւ հայ-թուրքական արձանագրությունների եւ մադրիդյան սկզբունքների խորհրդանշական այրում:

\"\"
Բայց բավական էր, որ երեկ ՍԴ առջեւ հայտնվեին մի քանի քաղաքացիներ՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, ոստիկանները շրջափակեցին նրանց՝ պատճառաբանելով, թե մայթը փակել են: «Շրջափակել եք՝ դուք եք խանգարում անցորդներին,- հակադարձեց Զարուհի Փոստանջյանը:- Մայթի վրա կանգնելու որեւիցե օրինական արգելք չկա: Կա՞ որեւէ քաղաքացի, որը բողոքում է, թե խոչընդոտվել է իր քայլելը»:

\"\"
ՀՅԴ ղեկավարները որեւէ կերպ չմասնակցեցին բողոքի այս հարակից գործողություններին: ՀՅԴ ցուցարարները ակտիվացան միայն այնժամ, երբ ՍԴ դռների մոտ հայտնվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որին ուղեկցեցին սուլոցներով, «ամոթ» վանկարկումներով եւ «Նալբանդյան, հեռացիր» կոչերով:

\"\"
Վիճաբանությունից հետո այնուամենայնիվ Զարուհի Փոստանջյանն ընթերցեց ՍԴ անդամներին
ուղղված իրենց հայտարարությունը, որի տեքստին նախօրոք ծանոթանալու գաղտագողի փորձեր էր անում ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Վաչիկ Ներսիսյանը:

\"\"
ՍԴ առջեւ անմիջապես ստվարացան ոստիկանների շարքերը, հայտնվեցին նաեւ հատուկ ջոկատայիններ: Սակայն ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը զսպեց կրքերը. ցուցարարներից մեկի հարցին, թե ի՞նչ է՝ սրանից հետո տո՞ւն են գնալու, նա կեսկատակ պատասխանեց. «Չէ՝ մնալու ես այստեղ: Դու այսօրվանից այստե՛ղ ես աշխատում՝ ՍԴ-ում»: Իսկ ավելի լուրջ՝ Վահան Հովհաննիսյանն ավելացրեց. «Ժողովուրդ, պայքարն առջեւում է: Հիմա էլ այստեղ կանգնելն իմաստ չունի: Այնպես որ՝ հիմա գնացեք տուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել