Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ՈՒՄ ԵՐԵԿ ԱՆԿԵՂԾԱՑԱՆ

Հունվար 13,2010 00:00

\"\"Դրանից պարզ դարձավ, որ կարելի է օրինախախտումը տեսնել ու լռել, եթե դա քաղաքական եւ մարտավարական տեսանկյունից նպատակահարմար է:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում ասուլիս էին հրավիրել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը: Համարելով, որ ընտրատեղամասերում Զուրաբյանի ասելով՝ ավազակապետության դեմ «հերոսաբար կռված» լրագրողներն արդեն հասարակությանը տեղեկացրել են տեղի ունեցած բոլոր խախտումների ու բռնությունների մասին, ու իրենք էլ դրանց մասին համարյա ասելիք չունեն, «ՀՀ ԱԺ կանոնակարգից» եւ «Ընտրական օրենսգրքից» կոնկրետ հոդվածներ մեջբերելով՝ հրապարակեց ընտրությունների ընթացքում, դարձյալ իր ձեւակերպմամբ՝ «աննախադեպ» մի օրինախախտման մասին, որը թույլ էր տվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ընտրությունների օրը նշանակելով ոչ թե ամենաուշը դեկտեմբերի 20-ին, ինչպես պահանջում էր օրենքը, այլ հունվարի 10-ին:
Նա անգամ ասաց, թե դա հատուկ նպատակով է արվել՝ բացառելու համար քարոզարշավի համար ամենաարդյունավետ համարվող վերջին 15 օրը օգտագործելու Փաշինյանի նախընտրական շտաբի հնարավորությունը: «Այդ վերջին 15 օրվա ընթացքում չեն գործել ԶԼՄ-ները, իսկ ցանկացած ընտրությունների դեպքում ԶԼՄ-ները ընտրարշավների հիմքն են: Թերթերը արձակուրդում են եղել, իսկ հեռուստաընկերությունները ուղղակի ենթարկվել են իշխանությունների հրահանգին եւ այդ օրերին, ըստ էության, որեւէ տեղեկատվություն՝ մայրաքաղաքի կենտրոնում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրությունների մասին, չեն տվել»,- արձանագրեց Լ. Զուրաբյանը: Այս փաստարկի հետ չհամաձայնելը դժվար է, բայց մյուս բոլոր այն փաստարկներն ու դիտարկումները, որոնք բերեց Զուրաբյանը, ուղղակի անընկալելի էին ասուլիսին ներկա, թերեւս, բոլոր լրագրողների համար, նաեւ հակասում էին իրար: Օրինակ, Զուրաբյանը մեկ ասում էր, թե ԿԸՀ-ի ապօրինի որոշմամբ գողացվել է Փաշինյանի ընտրարշավը՝ քարոզարշավի համար ամենաարդյունավետ ժամանակահատվածը՝ վերջին 15 օրը, որովհետեւ «քարոզարշավի ընթացքում քաղաքացիների ակտիվացման համար, ժողովրդին թեկնածուի հետ ծանոթացնելու, նրան դեպի տեղամասեր գնալուն մղելու համար առանցքային է վերջին 15 օրը», մեկ էլ հայտարարում էր, թե դա «մեզ չընկճեց: Մենք լծվեցինք պայքարի եւ փորձեցինք ամեն բան անել, որ մոբիլիզացնենք էլեկտորատը, եւ կարծում եմ, որ ստեղծված պայմաններում մենք հասել ենք հրաշալի արդյունքի: Ավելին, հոկտեմբերի 30-ի մեր հայտարարության մեջ մենք հստակ նշել ենք այն նպատակները, որոնք հետապնդել ենք՝ մտնելով այս ընտրարշավի մեջ: Բոլոր այդ նպատակները լիովին իրագործված են՝ ժողովրդի քաղաքական ակտիվացում, որը արտահայտվեց հունվարի 8-ի բազմահազարանոց հանրահավաքում, որը մեզ համար էլ էր անսպասելի, որովհետեւ տոնական օրերին այդքան մարդ հավաքվել էր այդ միջոցառմանը: Երկրորդ, նորից արծարծեցինք քաղբանտարկյալների, «Մարտի 1»-ի ոճրագործության պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու հարցը՝ ապացուցելով, որ այդ թեման, հակառակ իշխանությունների պնդումների, փակված չէ: Երրորդ, որ, գուցե, ամենակարեւորն էր՝ մենք նորից ցույց տվեցինք, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն»: Ավելին, Լ. Զուրաբյանը նաեւ գոհունակությամբ նշեց, որ այդ ընտրությունները «կազմակերպական առումով լավագույն ընտրություններն էին ՀԱԿ-ի գործադրած ջանքերի առումով», որովհետեւ Փաշինյանի վստահված անձինք ու նաեւ քարոզիչները, Զուրաբյանի գնահատմամբ՝ «հոյակապ աշխատեցին», ու «այս ծանրագույն պայմաններում մենք կարողացանք հասնել շշմեցուցիչ արդյունքների, որի համար շնորհավորում եմ մեր աջակիցներին»: Զուրաբյանի այս ոգեւորությունից կարելի էր տպավորություն ստանալ, թե քարոզարշավի վերջին եւ «ամենաարդյունավետ 15 օրը» գողացված լինելու հանգամանքը ամենեւին էլ էապես չի ազդել Փաշինյանի թիմի արդյունավետ քարոզարշավի վրա:
Բայց ամենագլխավոր հարցադրումն այս էր՝ ինչո՞ւ այդ «աննախադեպ» օրինախախտման մասին ՀԱԿ-ն ու Փաշինյանի նախընտրական շտաբը միայն հիմա են բարձրաձայնում, ինչո՞ւ հնարավոր չէր նախապես դրա մասին հայտարարել, եւ խախտումը, միգուցե, հնարավոր լիներ վերացնել, առավել եւս, որ այդ խախտման եւ դրա նպատակների մասին դեռ ամիսուկես առաջ բարձրաձայնել էր նախկին թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը, բայց նրա ահազանգը անհետեւանք մնաց, եւ ՀԱԿ-ն էլ դրան չարձագանքեց:
«Որովհետեւ դա մեր կողմից կընկալվեր որպես թուլության նշան, որպես նախապես ինչ-որ արդարացումներ գտնելու փորձ»,- պատասխանեց Զուրաբյանը: Իսկ թե այդ նույն խախտման մասին այսօր բարձրաձայնելն այլեւս թուլության կամ փրփուրներից կառչելու դրսեւորում չէ՞ արդյոք՝ պարզ չեղավ: Զուրաբյանը միայն կտրականապես չհամաձայնեց, թե խախտումն այսօր արձանագրելը հիմա արդեն ուշացած քայլ է: Նա միայն ասաց, թե այն ժամանակ ԿԸՀ որոշումն արդեն կար, պայքարը սկսված էր. «Մենք հիմնական շեշտը դրել էինք Փաշինյանի թեկնածությունը գրանցելու վրա: Իսկ ի՞նչ էինք մենք դրանով փոխելու այն ժամանակ»: Իսկ ի՞նչ է փոխելու ՀԱԿ-ը հիմա:
Այս հարցի Զուրաբյանի պատասխանն ավելի քան անկեղծ էր. «Հիմա մենք ստացել ենք բողոքարկման հիմք՝ պահանջելու համար անվավեր ճանաչելու այդ ընտրությունները»: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով օրինախախտման մասին չբարձրաձայնելու այս փաստը լրագրողներին նոր հարցադրումներ անելու առիթ տվեց՝ «այսինքն՝ այդ բռնությունները, որ կատարվել են նաեւ լրագրողների նկատմամբ, կեղծիքները բավարար հիմք չէ՞ին, ու այդ մեկ խախտո՞ւմն էիք դուք «զապաս» հիմք պահել»:
«Մենք ոչինչ չենք պահել: Մենք հիմա արձանագրում ենք դա որպես առանցքային խախտում: Մենք գիտեինք, որ դա բողոքարկելու հնարավորություն մենք ունենք նաեւ ընտրական պրոցեսի ավարտից հետո եւ հիմա ամբողջ փաթեթով կդիմենք դատարան, ՍԴ, նաեւ ԵԴ»,- արձագանքեց Զուրաբյանը, չընդունեց նաեւ այն դիտարկումը, թե՝ ըստ էության, ՀԱԿ-ը իշխանությունների կողմից ներքաշվել ու մասնակցել է ապօրինի մի գործընթացի, որն ի սկզբանե կեղծ է եղել՝ «մենք ասեինք՝ չէ, քանի որ օրենքի խախտում է արված, մենք չե՞նք մասնակցելու»:
Երկար ժամանակ պատասխան չտրվեց նաեւ այս հարցադրմանը՝ եթե Փաշինյանը ընտրվեր, դրա մասին կբարձրաձայնվե՞ր: Ի վերջո հարցադրմանը, թե ինչ կաներ Նիկոլը, եթե ընտրվեր «աննախադեպ» խախտման պայմաններում, մանդատը վայր կդնե՞ր, Զուրաբյանը պատասխանեց, բայց լրագրողներից մեկի՝ «իշխանությունը կներկայացներ» ռեպլիկից հետո. «Դա Նիկոլի որոշելիք խնդիրը կլիներ»:
Իսկ որ ՀԱԿ-ում Ն. Փաշինյանի ընտրության հետ առանձնակի հույսեր չեն կապել՝ փաստեց նրա շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը՝ հայտարարելով. «Մենք շատ լավ գիտեինք, որ Նիկոլը չի ընտրվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել