Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեւորը հավատն է

Հունվար 12,2010 00:00

Երեւանի «Հատիս» ակումբի բասկետբոլիստուհիները հունվարի 7-ին Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումը սեփական հարկի տակ 69:80 հաշվով տանուլ տվեցին աշխարհի ու Եվրոպայի ուժեղագույն ազգային լիգաներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության առաջնության 3-րդ տեղում ընթացող Օրենբուրգի «Նադեժդային»:

Մրցակից թիմի վարպետության մակարդակը, ինչպես ասում են, անզեն աչքով էլ նկատելի էր: Սակայն, ի պատիվ մեր աղջիկների, «Հատիսը» արժանի պայքար մղեց ու, թող որպես մեծամտություն չընկալվի, անգամ կարող էր արժանի հաղթանակ տոնել, եթե հարձակման գծում գործերն ավելի բարեհաջող ընթանային:

Բայց անցածը ետ բերել այլեւս հնարավոր չէ: Երկու օր հետո մրցակցի դաշտում կայանալու է պատասխան հանդիպումը: Տանը կորցրած հնարավորությունները ետ բերելու ի՞նչ շանսեր կան: Երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից տեղեկացանք, որ հույսերն առանձնապես մեծ չեն: Մեր մասնագետների կարծիքով՝ օրենբուրգցիների՝ հաջորդ մրցափուլ անցնելու հնարավորություններն օբյեկտիվորեն ավելի իրատեսական են: Սակայն մեր «հայուհիները» ամենեւին էլ մտադիր չեն հեշտ ու հանգիստ անձնատուր լինել: Ֆեդերացիայում երեկ հավաստիացրեցին, որ աղջիկները պայքարելու են ամեն մի միավորի համար ու աշխատելու են սկզբի համար պատասխանել Երեւանում արձանագրված 11 միավորի առավելությամբ, որից հետո, ըստ կանոնակարգի, կնշանակվի լրացուցիչ խաղափուլ: Եվ եթե ստացվի, այդ ժամանակ էլ հայտնի կդառնա, թե որ թիմը հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ձեռք կբերի:

Ֆեդերացիայից նաեւ տեղեկացրին, որ «Հատիսը» Օրենբուրգում հանդես է գալու նույն կազմով: Նոր համալրում չի նախատեսվում, քանի որ դրա համար ժամանակ չկար:

Առկա պայմաններում նպատակն, արդյոք, իրատեսակա՞ն է՝ դժվար է միանշանակ պատասխանել: Բայց կարեւորը հավատն է ու պայքարելու պատրաստակամությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել