Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԱՆԵԺՆԵՐՈՒՄ

Հունվար 12,2010 00:00

\"\"Հունվարի 16-ին Մոսկվայում մեկնարկելու է ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 18-րդ խաղարկությունը: Մի քանի տարվա դադարից հետո այս անգամ մեր հանրապետությունը կրկին ներկայացնելու է Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը»: Հիշեցնենք, որ 2005 թվականին մեր չեմպիոնն Ադրբեջանի «Նեֆթչիի» հետ հանդիպումից առաջ ինքնակամ լքեց մրցաշարը, ինչից հետո Հայաստանը ԱՊՀ գավաթի խաղարկություններում ներկայացնում էր փոխչեմպիոնը: «Փյունիկի» ղեկավարությունն այս անգամ եւս մրցատեղի մեկնելու առանձնակի ցանկություն չէր հայտնել, սակայն մրցաշարի կազմակերպիչները դե ֆակտո ուլտիմատում էին ներկայացրել՝ պարտադրելով հենց չեմպիոնի մասնակցությունը:

Վարդան Մինասյանի՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն, պարզ դարձավ, որ «Փյունիկի» Մոսկվա մեկնելը մեծ հաշվով ձեւական բնույթ է կրում: ԱՊՀ գավաթի խաղարկությանը թիմը մասնակցելու է հարաբերականորեն երկրորդ կազմով: Հարաբերականորեն, քանի որ արդեն մրցատեղի մեկնած 18 ֆուտբոլիստներից միայն երեքն են հայ, ովքեր ռուսական տարբեր թիմերում են հանդես գալիս, իսկ մյուս 15-ը լեգեոներ են, որոնք փորձաշրջան կանցնեն հենց մրցաշարի ընթացքում: Իսկ թե ինչ երկրների ներկայացուցիչներ են հավանական նորեկները, ակումբի գլխավոր մարզիչը «չէր հիշում»: Նա պարզապես նշեց, որ հիմնականում սեւամորթներ են: Վարդան Մինասյանը պատճառաբանեց նաեւ ակումբի՝ հիմնական կազմով ԱՊՀ գավաթին չմասնակցելու որոշումը: Ըստ մարզչի, այս հարցում որոշիչ գործոն է հանդիսացել երեք հանգամանք: Նախ, «Փյունիկի» կազմում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի 10 ֆուտբոլիստներ, ովքեր վերոնշյալ գավաթին մասնակցելու պարագայում կշեղվեին մարտի 2-ին նախատեսված պաշտոնական խաղի նախապատրաստումից, ապա թիմի հիմնական կազմի երեք ֆուտբոլիստներ վնասվածք ունեն, եւ երրորդ պատճառը հենց լեգեոներների ստուգատեսն է խաղերում:

Ինչ վերաբերում է «Փյունիկի» հիմնական կազմին, ապա թիմն արդեն վերսկսել է իր մարզումները: Թիմի կազմում արդեն իսկ մարզվում է մեկ նոր ֆուտբոլիստ՝ ձախ կիսապաշտպան Արգին Նազարյանը, ով մի քանի տարի առաջ Համահայկական խաղերում հանդես է եկել ԱՄՆ-ի ֆուտբոլային թիմում: Ըստ մարզչի, «Փյունիկի» մարզումներին այժմ ներկա չէ միայն լեգեոներ Մգոլան, ով մասնակցում է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը: Վերջինս թիմին կմիանա հունվարի 24-ին՝ Սոչիում սկսվող հավաքի ընթացքում: Այդ հավաքի շրջանակներում նախատեսված է 3 ստուգողական հանդիպում: Հայտնի է նաեւ, որ Սոչիում «Փյունիկի» առաջին մրցակիցը Սանկտ Պետերբուրգի «Դինամոն» է լինելու: Հաջորդ հավաքը կանցկացվի փետրվարի 9-23-ը՝ Կիպրոսում կամ ԱՄԷ-ում, իսկ երրորդ հավաքը պլանավորված է անցկացնել մարտի 7-17-ը՝ Իտալիայում:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Փյունիկի» գլխավոր մարզիչը հայտարարեց նաեւ, որ Բելգիայի ակումբներից մեկը հետաքրքրված է մեր չեմպիոնի երկու ֆուտբոլիստներով: Սակայն կոնկրետ որ ակումբի մասին էր խոսքը, Մինասյանն այդպես էլ «մոռացության տվեց»: Միայն ասաց. «Անունը չեմ հիշում, բայց Բելգիայի բարձրագույն խմբի թիմ էր՝ 5-6-րդ տեղում ընթացող: Լավ թիմ է»:

Ինչ վերաբերում է «Փյունիկի» մյուս հետաքրքրություններին, Վարդան Մինասյանը նշեց, որ ակումբը կապ է պահպանում ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ, ով դեռ որեւէ թիմի հետ պայմանագիր չի կնքել: Նաեւ չբացառեց Արարատ Առաքելյանով հետաքրքրված լինելու փաստը:

 

Երկու ճակատով

Երեկ մամուլի ասուլիսում «Փյունիկի» եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին ասաց նաեւ, որ իր ղեկավարած Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» ավանդական մրցաշարին մասնակցելու է երկրորդ կազմով, որում հանդես են գալու 18 լեգեոներականներ: «Մենք ցանկանում ենք փորձարկել հրավիրված նոր ֆուտբոլիստներին, որոնք արդեն Մոսկվայում են եւ մարզվում են: Իսկ մյուսները, որոնք կազմում են թիմի հիմնական կորիզը, ակումբում պատրաստվում են Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մարտի 2-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին»:

«Համագործակցության գավաթի» մրցաշարի նախնական փուլում «Փյունիկի» խաղացանկն այսպիսին է.

հունվարի 16. «Էկրանաս» (Լիտվա)-«Փյունիկ»,

հունվարի 17. «Բունյոդկոր» (Ուզբեկստան)-«Փյունիկ»,

հունվարի 19. «Դաչիա» (Մոլդովա)-«Փյունիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել