Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բախումը պատմական արմատներ ունի

Հունվար 12,2010 00:00

Հայ-հունական միջադեպերի մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը:

Դեկտեմբերին հայ եւ հույն հոգեւորականության միջեւ տեղի ունեցած հերթական միջադեպը պատմական արմատներ ունի: Երեկ լրագրողների հետ «Հայելի» ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը հավաստիացրեց, որ նման միջադեպեր եղել են թե՛ Քրիստոնեություն ընդունելուց առաջ, թե՝ հետո. «Յուրաքանչյուր նման բախում բարոյական արդարացում չունի: Ես երկու կողմին էլ չեմ կարող դատապարտել, որովհետեւ հայերը միշտ պաշտպանական կողմն են, եւ ավանդաբար հույներն են ձգտել նսեմացնել հայերի իրավունքները»: Պարոն Դեւրիկյանի խոսքով, Երուսաղեմում գործում է չգրված օրենք. «Եթե մի տարի մի բան արեցի, դառնում է ավանդույթ, եթե մի հարցում զիջես, ուրեմն միշտ պետք է զիջողի դերում լինես: Երուսաղեմում հայոց պատրիարքությունը կոչվում է զինվորյալ միաբանություն, նրանք ինչքան հոգեւորական են, այդքան էլ պաշտպաններ են»:

Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շահե քահանա Հայրապետյանի կարծիքով էլ հոգեւորականների միջեւ տեղի ունեցած միջադեպը քրիստոնյաների համար պախարակելի արարք է. «Իմ կարծիքով, հույների ագրեսիվությունը գալիս է այլ ուժերի թելադրանքից, նրանց թիկունքում կանգնած են ամբողջ ուղղափառ եկեղեցիները եւ խորքում՝ պետությունը: Մեր հոգեւորականությունը զինվորյալ է այնտեղ, մենք բռունցքի ուժով ենք պահում մեր տարածքները, սակայն սա ոչ միայն հայկական եկեղեցու, այլեւ պետականության եւ ինքնության պաշտպանություն է»: Պարոն Դեւրիկյանի հավաստմամբ, հայ եւ հույն հոգեւորականների միջեւ խաղաղություն չի հաստատվի. «Եթե հայերը մի հարցում զիջեն, հաջորդ տարի ավելին կպահանջեն: Կամ ավելի մեծ կռիվ պետք է լինի, կամ էլ հայերը պետք է այնքան զիջեն, որ սրբատեղիներից իրենց մնա միայն Սրբոց Հակոբյանց վանքը, այսինքն՝ հրաժարվեն մնացած վանքերից: Հաշտություն եւ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ մենք ուժեղ լինենք կամ հրաժարվենք ամեն ինչից»:

Տեր Շահե քահանայի խոսքով, միջադեպերին միջամտելու փորձեր չեն արվում. «Դա նշանակում է՝ միջամտել ուրիշ պետության խնդիրներին, այն էլ այն դեպքում, երբ Իսրայել պետությունը դեռեւս չի ճանաչում հայկական պետականությունը»: Տեր Շահեն նաեւ մտաբերեց վերջերս Երուսաղեմ կատարած իրենց ուղեւորությունը. «Սուրբ Խաչի տոնակատարությանը մասնակցելու նպատակով էինք մեկնել, Ճանապարհին հրեաները մեզ վրա թքում էին, ուղղակի մեր արժանապատվությունը թույլ չտվեց արձագանքելու նրանց»: Պարոն Դեւրիկյանի համոզմամբ էլ, այս հարցերում թերանում են հատկապես ոչ միայն հայոց եկեղեցին, այլեւ գիտական, մշակութային ողջ համակարգը. «Այստեղ կա ճանաչելիության հարց, Երուսաղեմի հայոց պատրիարքության, Երուսաղեմի հայկական հիշատակների մասին է խոսքը: Միջազգային չափանիշներին համապատասխան որեւէ գիրք չկա, որը կներկայացնի քրիստոնեական միջնադարը՝ կապված Երուսաղեմի հետ»: Պարոն Դեւրիկյանը կարեւորեց նաեւ դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի եւ Պաղեստինի հետ. «Ես հասկանում եմ, որ մշակույթը դիվանագիտական հարցեր չի կարող լուծել, բայց մենք ունենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ եբրայական պարականոնները մեր մշակույթի մեջ եւ այլն: Եթե կարողանանք դրանք ներկայացնել գիտական բարձր մակարդակով ու ակադեմիական մակարդակով համագործակցենք, իրավիճակը կմեղմվի եւ բանակցելու ուղիներ կգտնենք»:

Տեր Շահե քահանան էլ հավաստիացրեց, որ պաղեստինյան պետությունը ներողություն է խնդրել հայ-հունական միջադեպի համար՝ կատարվածը որակելով թյուրիմացություն:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել