Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին արգելապատնեշ կկառուցի

Հունվար 12,2010 00:00

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն կիրակի օրը հաստատել է Եգիպտոսի հետ սահմանին այդ երկրից՝ Սինայի թերակղզով դեպի Իսրայել ապօրինի արտագաղթի դեմ պայքարելու նպատակով, արգելապատնեշներ կառուցելու մասին նախագիծը: «Newsru-Israel»-ի փոխանցմամբ, նախատեսվում է, որ արգելապատնեշի շինարարության առաջին փուլում սահմանազատող պատնեշներ կկառուցվեն Գազայի հատվածի եւ հրեական կուրորտային Էյլաթ քաղաքի հետ հարող սահմանային հատվածներում: Անվտանգության պատի կառուցումը, որը ձգվելու է Էյլաթից մինչեւ Ռաֆիահա, կարժենա 1,5 մլրդ շեկելեյ՝ 350 մլն դոլար: Նախագծի քննարկման ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե իր նպատակը Իսրայել պետության հրեական եւ ժողովրդավարական բնույթը ապահովելն է, ընդսմին՝ նշելով, թե պետք է պահպանել բաց դռները ռազմական փախստականների համար, «բայց չի կարելի թույլ տալ հազարավոր անօրինական գաստարբայթների Իսրայել թափանցել»:

Իսկ ահա «News.am»-ի մատուցմամբ, երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ներխուժել են Լիբանանի օդային տարածք եւ միջին բարձրությունից ինտենսիվ հետախուզական թռիչքներ են իրականացրել այդ երկրի հարավային շրջաններում՝ երկու անգամ հայտնվելով նաեւ Բեյրութի արվարձանների օդային տարածքում, որտեղ գտնվում են արմատական շիաների «Հզբոլլահ» խմբավորման շտաբներն ու գրասենյակները:

ՄԱԿ-ի՝ Լիբանանում գտնվող ժամանակավոր ուժերի հրամանատարությունը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմաօդային ուժերի ներխուժումը հարեւան երկրի օդային տարածք: «Երկնագույն սաղավարտների» պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Թենենթիի խոսքով, «նման գործողությունները հանգեցնում են լարվածության աճի եւ ի չիք են դարձնում կայունություն հաստատելու խաղաղապահների ջանքերը»: Նա ընդգծել է, որ իրենք իսրայելական ուժերի թռիչքները դիտում են որպես՝ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի լուրջ խախտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել