Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրացական խճանկար

Հունվար 12,2010 00:00

\"\"Վրաստանի ազգային գվարդիայի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Կոբա Կոբալաձեն, որը կալանավորվել էր 2009թ. մայիսին՝ Վրաստանում իշխանությունը տապալելու նպատակով Մուխրովանիի խռովության կազմակերպման ու նախապատրաստմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով, ազատ է արձակվել Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճից: «BBC»-ի մատուցմամբ, դատարանը Կոբալաձեի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից հաստատված է համարել միայն գեներալի կողմից ապօրինի հրազեն պահելու եւ կրելու մեղադրանքը, որի համար նրան դատապարտել է 8 ամիս եւ 6 օր ազատազրկման: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Կոբալաձեն արդեն կրել է իր համար սահմանված պատժաչափի ողջ ժամկետը, նա ազատ է արձակվել: Փոխարենը՝ 11-ից մինչեւ 28 տարվա ազատազրկման են դատապարտվել խռովության մյուս մասնակիցները: Ազատազրկման ամենաերկար ժամկետին դատապարտվել է գնդապետ Կոբա Օթոնաձեն: Նախապես քրեական հետապնդումն իրականացվել էր խռովությանը մասնակցած 41 անձանց նկատմամբ, բայց նրանցից 20-ի գործերն ավարտվել էին «արդարադատության հետ գործարքով»:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 5-ին գեներալ Կոբալաձեի հրամանատարության տակ գտնվող Վրաստանի ազգային գվարդիայի զրահատանկային գումարտակի զինծառայողները հայտարարել էին երկրի իշխանություններին անհնազանդություն հայտնելու մասին եւ գրավել էին Վրաստանի մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մուխրովանիի ռազմական հենակետը: Իշխանությունների եւ խռովարարների միջեւ ընթացած 4-ժամյա բանակցություններից հետո հենակետի ամբողջ անձնակազմը վայր էր դրել զենքերը:

Երեկ միջազգային ԶԼՄ-ներում տեղ էր գտել Վրաստանին առնչվող եւս մեկ հետաքրքրաշարժ տեղեկատվություն: Մասնավորապես «Lenta.ru»-ի փոխանցմամբ, այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսի այցելած ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին շնորհել է Վրաստանի բարձրագույն՝ «Ազգային հերոսի» կոչում եւ նրան ատրճանակ է նվիրել: Սահակաշվիլին ասել է, թե՝ Մաքքեյնը «Վրաստանի իսկական բարեկամն ու հերոսն է», եւ որ ինքը նրանից զգալի աջակցություն է ստացել հատկապես Հարավային Օսեթիայի հետ պատերազմի ընթացքում: Նա նաեւ պատմել է, որ Մաքքեյնին նվիրում է վիետնամական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերի կողմից գերեվարված ամերիկացի օդաչուին պատկանող ատրճանակը, որը նրանից վերցրել էր մի ռուս գեներալ, իսկ 2008թ.-ին վաճառել էր վրացի մի գործարարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել