Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐԴԱՑԵԼ

Հունվար 12,2010 00:00

\"\"ԳԹԿ-ի պարզաբանումները՝ տարբեր առարկաների ուղեցույցներում տեղ գտած փոփոխությունների մասին

«Խոզի գրիպի» համաճարակի պատճառով, կրթական գործընթացի դադարեցմանը զուգահեռ, ինչ-որ առումով խաթարվեց նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) գործունեությունը: Մասնավորապես տարբեր առարկաների գծով պետական ավարտական միասնական քննությունների ուղեցույցների՝ հանրակրթական դպրոցներին բաշխման գործընթացը փոքր-ինչ հետաձգվեց: «Առավոտը» զրուցեց ԳԹԿ տարբեր մասնագետների հետ՝ պարզելու, թե ստեղծված իրավիճակում ԳԹԿ-ն ինչպե՞ս է հասցնելու իրականացնել իր գործառույթները: ԳԹԿ քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրեց. «Այս տարի հասցրինք ժամանակին տպագրել ուղեցույցները եւ նախապես ծրագրել էինք դրանք դպրոցներին բաժանել դեկտեմբերի երկրորդ կեսին, բայց կրթական գործընթացի դադարեցման հետ կապված՝ հետաձգվեց: Արդյունքում՝ մինչեւ դեկտեմբերի 25-ը հասցրել ենք ուղեցույցներ բաժանել մարզերին, սակայն գուցե մարզպետարանները դեռ չեն հասցրել դպրոցներին բաժանել: Իսկ Երեւանի դպրոցներին այսօր կհրավիրենք ստանալու ուղեցույցները»:

Միասնական քննությունների թեստերը, հատկապես որոշ առարկաների գծով, ինչպիսիք են հայոց լեզու եւ գրականությունը, ռուսաց լեզուն, մաթեմատիկան, այս տարի որոշ փոփոխություններ կկրեն: Ենթադրվում է, որ փոփոխություններ կկատարվեն նաեւ թեստ կազմող խմբերում, քանի որ միասնական քննությունների անցկացման փորձը ցույց տվեց, որ դժգոհություններ շատ դեպքերում առաջանում էին նաեւ թեստ կազմող խմբի անդամների անձով պայմանավորված: Թեստերում ակնկալվող փոփոխություններն արդեն արտացոլվել են ուղեցույցներում: Գ. Խաչատրյանի խոսքով՝ հատկապես շատ են փոփոխություններ կատարվել հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, կենսաբանություն առարկաների թեստերում, ռուսաց լեզվի թեստը հնարավոր է ամբողջությամբ փոփոխվի: Աննշան փոփոխություններ են եղել աշխարհագրություն, ֆիզիկա, հայոց պատմություն առարկաների՝ ուղեցույցներում ընդգրկված թեստերում: Մանրամասնելով՝ պարոն Խաչատրյանը նշեց. «Մաթեմատիկայի ծրագրում նախատեսված թեմաներից առաջին տարիներին որոշ թեմաներ դուրս ենք թողել, ինչը մտածված էր, քանի որ պրոցեսը նոր էր սկսվել, ուզում էինք, որ նոր քննական համակարգը երեխաների համար շատ ծանր չլիներ: Օրինակ՝ չնայած դպրոցական ծրագրում կար, բայց բացառել էինք մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը, հակադարձ ֆունկցիան, հավանականությունների տեսության տարրերը եւ այլ թեմաներ, «Բ» բաժնում բացառել էինք վեկտորների վերաբերյալ խնդիրները, բայց սահմանափակումները ժամանակի հետ էին կապված: Այժմ ժամանակն է թեմաների մեծ մասը ընդգրկել, եւ այս տարի որոշեցինք միայն երկու թեմա դուրս թողնել՝ մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը եւ սահմանների տեսությունը: Սակայն սա չի նշանակում, որ թեստը կլինի ավելի բարդ, քան նախորդ տարվանը, եւ երեխաները դրանից չեն տուժի»: Գ. Խաչատրյանի խոսքից պարզ դարձավ, որ այս տարի մաթեմատիկայի թեստում, այնուամենայնիվ, ընդգրկված կլինեն վեկտորների թեմային վերաբերող առաջադրանքներ, ինչը այնքան էլ աշակերտների սրտով չէ, քանի որ ավանդաբար այդ թեման չի ընդգրկվում քննական թեստերում, իսկ դպրոցներում կարծես թե թեմային մատների արանքով են նայում: Այս մասին պարոն Խաչատրյանն ասաց. «Թեման ավանդաբար դպրոցներում այնքան էլ լավ չի մատուցվել, մյուս կողմից էլ՝ դա այնքան էլ բարդ թեմա չէ, բայց երեխաները անսովորության պատճառով են խորշում դրանից: Համենայնդեպս, այդ թեմայի պարզագույն խնդիրներն ենք ընդգրկել թեստերում»: Նշենք, որ թեստերում տեղ գտած փոփոխությունները կատարվել են ԳԹԿ-ի վերլուծությունների արդյունքում, բացի այդ՝ կազմակերպվել են մեկամսյա քննարկումներ, որոնց ընթացքում տարբեր առարկաների մասնագետներ քննարկել են թեստերը: Կենսաբանության «մասով» կատարված փոփոխությունների մասին Գ. Խաչատրյանն ասաց. «Կենսաբանության թեստում կային խնդիրներ, որոնք ենթադրում էին ոչ թե մյուս թեստերի պես 4 հնարավոր պատասխաններ, այլ՝ 6: Գուցե առարկայի առանձնահատկություններով պայմանավորված՝ դա արդարացվում էր, բայց թեստաբանության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէր: Ուստի թեստից դուրս ենք թողել այդ տիպի առաջադրանքները: Ռուսերենի թեստն էլ հնարավոր է ամբողջությամբ փոփոխվի»: Քանի որ հայոց պատմություն եւ անգլերեն առարկաներից միասնական քննությունների ժամանակ գրանցվեցին բավականին բարձր արդյունքներ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել այս առարկաների ուղեցույցներում: Գ. Խաչատրյանը նշեց. «Պատմության թեստը գուցե արժե մի փոքր բարդացնել, ինչը ինքնանպատակ չէ: Նպատակ չունենք անպայման երեխաներին նեղելու, բայց կա նաեւ մրցույթ ապահովելու գործընթաց»:

Իսկ անգլերենի թեստերի վերաբերյալ ԳԹԿ առաջատար մասնագետ Լուսինե Աթոյանն ասաց. «Վերլուծությունները ցույց տվեցին, որ երկու առաջադրանքներ՝ «Ա» եւ «Բ» մակարդակներից, հեշտ են, ուստի դրանք փոփոխվել են: Օրինակ՝ փոփոխվել է Ա-2 առաջադրանքը, որտեղ տրված պարբերություններին համապատասխան պետք է ընտրվեին բնագավառները: Այժմ բերված են նախադասություններ, որոնք ավելի կարճ տեքստով են տրված եւ ավելի մեծ ուշադրություն, գիտելիք եւ տրամաբանություն են պահանջում: Բ-11 առաջադրանքում էլ այնպես էր ստացվում, որ մեկ բալը երեխան ստանում էր մեխանիկորեն, ուստի առաջադրանքը բարդացվել է»:

ԳԹԿ գլխավոր մասնագետ Միրցա Հալաջյանն էլ խոսեց հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուղեցույցների մասին: Նա նշեց. «Այն, որ այս առարկայի թեստերի հետ կապված աղմուկ եղավ, փաստ է, սակայն կատարվող փոփոխությունները աղմուկի պատճառով չեն արվում, այլ, այսպես թե այնպես, դա պիտի լիներ, քանի որ առարկան ընդարձակ է, բարդ, սահմանները հստակ չեն: Ամենալուրջ խնդիրն առաջացնում է գրականությունը, ոչ թե հայոց լեզուն: Նույնիսկ դրված էր գրականության քննության՝ լինել-չլինելու հարցը: Բայց գրեթե բոլորս համակարծիք էինք, որ գրականությունը պիտի լինի, այլ խնդիր է, թե՝ ինչպես: Այնպես չէ, որ եթե մի բան չենք կարողանում կամ ոչ լրիվ ենք կարողանում շատ լավ անել, պիտի ցավող ատամի պես հանենք-նետենք»: Անցնելով բովանդակային հարցերին, Մ. Հալաջյանն ասաց. «Մենք ազատ չենք: Մեզ տրված է ծրագիր, եւ պիտի սահմանափակվենք դրա շրջանակներում: Ունենք թեմատիկ բաշխում, թե գրականությունը ինչ կարգի հարցերով պիտի քննենք: Դրանք չեն փոփոխվել: Խնդիրն այն է, թե ինչը դառնա առաջադրանքի նյութ: Այս առումով ցանկերն են փոխվել: Գրականության դասագիրքը մեծ է, եւ այնտեղ մեկ տողով կարող է նշված լինել, որ այս կամ այն գրողն ունի այս կամ այն շարքը: Եթե դասագիրքը ծանոթացման համար բերել է մի բան, հետո թեստով պահանջել դրա պարտադիր իմացությունը, հիշել եւ այլն՝ այնքան էլ ճիշտ չէ: Մենք նշել էինք, որ այն ստեղծագործությունները, որոնք նշված չեն պարտադիր ընթերցանության ցանկում, դրանց մասին միայն ճանաչողական բնույթի հարցեր կարող էին տրվել, բայց հետո դա ընդարձակվեց, այնինչ՝ մենք նկատի ունեինք հեղինակի, թեմայի, ժանրի իմացությունը, լավագույն դեպքում՝ գաղափարական բովանդակությունը: Այժմ ճանաչողական բառի կողքին փակագծում նշել ենք, թե ինչ նկատի ունենք: Այդ ամենը բավական է, որ ամեն պատահական մեջբերում տեղ չգտնի թեստերում: Այստեղ էլ լուռ համաձայնությամբ մի պայմանավորվածություն ունենք, որ թեստի առաջադրանքներում ընդգրկում ենք միայն այն մեջբերումը, որը դասագրքում կա»: Դառնալով հայոց լեզվին, Մ. Հալաջյանն ասաց. «Հայոց լեզվի պարագայում հնարավոր չէ ոչ սահման գծել, ոչ կոնկրետ բառացանկ տալ»: Կոնկրետ առաջադրանքներին անդրադառնալով՝ գլխավոր մասնագետն ասաց. «Կային առաջադրանքներ, որտեղ տրված էին նախադասություններ եւ պետք է որոշվեր, թե դրանցից քանիսում այս կամ այն բանը կա: Այժմ նման առաջադրանքներ թեստի «Ա» մակարդակում կարող են լինել առավելագույնը երկուսը, «Բ»-ում՝ 3-ը: Տողադարձ թեման է հանվել, իսկ սխալը գտնելու միջոցով գիտելիք ստուգելուն վերաբերող առաջադրանքը մնացել է»:

«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ ընթացիկ ստուգումների կազմակերպման մասին:

ԳԹԿ-ից տեղեկացրին, որ հնարավոր է դրանք իրականացվեն առաջիկա տասն օրվա ընթացքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել