Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր շարժումը օր օրի մեծանալու է»

Հունվար 12,2010 00:00

ՍԴՀԿ համագումարում հավաստիացրեց ՀՀ հիմնադիր նախագահը

Իր ծննդյան 65-ամյակի օրը՝ հունվարի 9-ին, Հայաստանի հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալով Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարում՝ հայտարարեց, որ ընդդիմադիր շարժումը Հայաստանում չի մարելու, այլ «օր օրի մեծանալու է»: Շարժումը մարելու միակ ձեւը Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է իշխանությունների հաջողությունները, իսկ գործող իշխանությունները, նրա համոզմամբ, վերջին երկու տարում որեւէ հաջողություն չեն արձանագրել. «Բացարձակապես չեմ տեսնում ոչ մի քայլ, որ այս իշխանությունը կարողանա ինչ-որ հաջողություն արձանագրել: Նրանք այդպիսի նպատակ էլ չունեն: Նրանց նպատակը այս երկիրը թալանելն է, ուրիշ որեւէ մտածմունք, գաղափար, իդեալ գոյություն չունի բացարձակապես: Ճգնաժամի պայմաններում այս իշխանությունները շատ ավելի շատ են թալանում, քան նորմալ պայմաններում»: Անդրադառնալով իշխանական ճամբարից հնչող հեգնանքներին, թե տարբեր գաղափարախոսությամբ ուժեր հավաքվել են մեկ կառույցում՝ ՀԱԿ-ում, ՀՀ առաջին նախագահը նկատեց. «Եթե տարբեր գաղափարներ կրող կուսակցությունները երկու տարվա ընթացքում իրար հետ գործում են, ուրեմն անելիք ունեն»: Հնչակյան կուսակցության մասով Կոնգրեսի առաջնորդը ընդգծեց, որ այն թե Հայաստանում եւ թե Սփյուռքում գործող միակ կուսակցությունն է, որը «չմիացավ մարտի 1-ի իրադարձություններից հետո Սփյուռքի կուսակցությունների, եկեղեցու եւ տարբեր կազմակերպությունների այն խայտառակ հայտարարությանը, որով պաշտպանություն էր հայտնվում Հայաստանի բռնակալ իշխանություններին, դատապարտվում էին ընդդիմադիրները: Այդ նույն ուժերն էին, բացի Դաշնակցությունից, որոնք նաեւ սատարեցին Հայաստանի իշխանություններին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու հարցում՝ չհասկանալով, որ այդ արձանագրություններով Ցեղասպանության ճանաչման պրոցեսը իրենց իսկ ձեռքերով ոչնչացվեց»: Իսկ կուսակցության ատենապետի, ով, ի դեպ, վերընտրվեց, հասցեին գովեստի խոսքեր, բացի ՀՀ հիմնադիր նախագահից, հնչեցրեցին նաեւ ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները, մտավորականներ, ովքեր հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էին համագումարին: Անդրադառնալով կուսակցությունում ստեղծված իրավիճակին՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ փարատեց՝ «կարմրուկի պես բան է, բոլորիս գլխով անցել է»: Տիկին Սարգսյանն էլ նշեց, որ իրենք շարունակելու են քարոզել ՍԴՀԿ գաղափարախոսությունը եւ ծրագրային դրույթները՝ ՀԱԿ-ի կազմում միաժամանակ պայքարելով երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար։ Նաեւ նշեց, որ ՍԴՀԿ-ից առանձնացածները մեծագույն սխալ եւ մոլորություն են թույլ տվել, բայց՝ «որպես մայր կուսակցություն՝ մեր դռները բաց են, մենք կարող ենք ներողամիտ լինել»։ Առանձնացածներից Նարեկ Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում այդ համագումարը որակեց «ՀԱԿ-ի շարքայինների հավաք, որտեղ իրական հնչակյաններ չկային եւ որը ոչ մի քույր կուսակցություն չի ողջունել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել