Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես որ կանք

Հունվար 12,2010 00:00

Աշխարհը թեւակոխել է աշխարհաքաղաքական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ այլ բուռն զարգացման, ավելի ճիշտ՝ «թռիչքաձեւ» զարգացման մի ժամանակաշրջան, երբ անհրաժեշտություն է զգացվում տարանջատել ճշմարտությունը եւ ոչ ճշմարիտը՝ սուտը, օբյեկտիվը՝ սուբյեկտիվից, «լրջախոսությունը»՝ «զազրախոսությունից»: Ըստ իս, առկա են ճշմարտության տարբեր տեսակներ:

Ա. բացարձակ ճշմարտություն- իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն, հասարակությանը մատչելի եւ հասկանալի բացատրություն, որը հասանելի կլինի բոլոր խավերին:

Բ. պարտադրված ճշմարտություն, երբ իրավիճակը ներկայացվում է ճշմարտանման: Դա հասարակությանը ներկայացնում է այնպիսի մեկը, որը կարողանում է հասարակության լայն զանգվածին այն մատուցել որպես ճշմարտություն եւ պարտադիր թելադրված է ինչ-որ մեկի կողմից:

Գ. ճշմարտանման մտքեր, որոնք նախատեսված են հասարակության «տատանվող» զանգվածի համար, որն այն ընկալում է եւ ճշմարտություն, եւ ոչ ճշմարտություն: Հասարակության այդ զանգվածին կարելի է շեղել ցանկացած «ուղղությամբ», եթե դրա անհրաժեշտությունը կա:

Պետք է նշել նաեւ, որ ինչքան «պարզաբանողի», բացատրողի, ներկայացնողի ինտելեկտուալ կարողությունը մեծ է, այնքան փոքր է նրա «սխալվելու» հավանականությունը, բացառությամբ «միտումնավոր» սխալվողների, որոնք գիտակցում են՝ ում համար եւ ինչի համար են սխալվում:

Լինելով «Առավոտի» մշտական ընթերցողներից եւ հարգանք տածելով խմբագիր Ա. Աբրահամյանի նկատմամբ ու ցավ ապրելով թերթում տեղ գտած թերությունների համար, համակ ուշադրությամբ եմ կարդում հատկապես առաջին էջի վերլուծական հոդվածները: Պետք է նշեմ, որ այդ հոդվածները չեն փայլում անաչառությամբ: Հաճախակի եմ հանդիպում ոչ օբյեկտիվ վերլուծությունների: Մերկապարանոց չլինելու համար պարզաբանեմ: Ենթադրենք՝ հոդվածներում քննադատվում է իշխանությունը կամ իշխանական որեւէ օղակ: Խոսելով անարդարություններից, կոռուպցիայից, ընտրակեղծիքներից, չարաշահումներից, կաշառակերությունից, վերջում չի «մոռանում» ավելացնել՝ բայց եկեք չմոռանանք, որ այս ամենի հիմքը դրվել է, ասենք, 1995թ.-ին (միտքը բառացի չէ): Ամենեւին համաձայն չլինելով նմանատիպ բացատրությունների հետ, ես դա ընկալում եմ այսպես: Աղբամաններից սննդի մնացորդներ հավաքող, ֆիզիկապես ուժեղ, առողջ տղամարդուն երբ հարցնենք, թե ինչո՞ւ է այդ կերպ սնունդ հայթայթում, նա պատասխանի, թե՝ «գիտեք, եթե իմ հայրը կամ պապը կարողություն թողած լինեին, ինքը այդպես չէր անի»:

Եկեք համաձայնենք, որ դա բացարձակապես արդարացում չէ: Նույն տրամաբանությամբ էլ այսօրվա վիճակը կարող ենք վերագրել 1937թ.-ին եւ 1915թ.-ին: Եթե այդ թվականներին Ստալինի եւ Օսմանյան Թուրքիայի կողմից չոչնչացվեր մեր ազգի մտավոր զանգվածը, այսօր «էս օրին» չէինք լինի: Կամ գողը իրեն արդարացնում է այն պատճառաբանությամբ, որ հարեւանն էլ է գողություն արել:

Եվ վերջապես, մենք ազատ, անկախ պետություն ենք, ծանոթ ենք աշխարհի զարգացած երկրների «իդեալական» օրենքներին, ապրում ենք սրընթաց զարգացող 21-րդ դարում, շուրջ 15 տարի ունենք խորհրդարան: Ով է խանգարում մեզ, որ տարեկան 4-5 իդեալական օրենք ընդունել եւ հետեւել դրանց կատարմանը: Արդյունքում այսօր մենք կունենայինք 60-75 իդեալական օրենք, որը, ըստ իս, լիուլի բավարար է օրինական պետություն լինելու համար: Ի վերջո, պետք է հասկանանք, որ մեր հայրենիքը լքողների մի ստվար զանգված, այն էլ ազգի սերուցքը, հայրենիքը լքում են անօրինականությունների պատճառով, չնայած նրանք այստեղ էլ էին լավ ապրում: Այսքանով ես արտահայտեցի իմ կարծիքը: Ընթերցողը ինչքանով համակարծիք կլինի ինձ հետ՝ չգիտեմ: Հուսով եմ, որ իմ անհանգստությունն ու մտորումները տեղ կգտնեն Ձեր թերթի էջերում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել