Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԽՄԲԱԳԻՐԸ՝ «ԱՌԱՎՈՏԻՆ» ԵՎ ՆՐԱ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Հունվար 12,2010 00:00

Հարգելի բարեկամներ, մոտ մեկ տարի է՝ ես փորձում էի իրականացնել աշխարհում վաղուց տարածում գտած, մեզանում նոր-նոր հաստատվող ընթերցողների խմբագրի՝ օմբուդսմանի պարտականությունները «Առավոտ» օրաթերթում:

Մեկ տարվա փորձը հուշում է հետեւյալը.

ա) ընթերցողների խմբագիրը ինքը պետք է նաեւ սեփական նախաձեռնությամբ քննարկի այն հրապարակումները, որոնցում նկատում է էթիկական կանոնագրի խախտումներ ու տա եզրակացություն, այլ ոչ թե միայն սպասի բողոքի,

բ) ընթերցողների խմբագիրը պետք է մտածի ընթերցողների հետ մշտական կապի ձեւեր (օրինակ՝ բլոգ վարի) եւ քննարկումների արդյունքում առաջարկություններ ներկայացնի խմբագրությանը,

գ) ընթերցողների խմբագիրը պետք է գոնե շաբաթը մեկ անգամ թերթի էջերում հանդես գա հրապարակումներով,

դ) առաջին երեքն իրականացնելու համար ընթերցողների խմբագիրը պետք է լինի ազատ, այն իմաստով, որ չհամատեղի այդ պարտականությունները որեւէ այլ աշխատանքի հետ:

Մեկ տարվա փորձը ցույց տվեց, որ այլ աշխատանքով իմ զբաղված լինելը կաշկանդում է ինձ եւ հնարավորություն չի տալիս արդյունավետորեն կատարել «Առավոտի» ընթերցողների խմբագրի պարտականությունները, թեպետ այս մեկ տարվա ընթացքում ես եւ հրապարակումներ եմ ունեցել, եւ պատասխանել եմ ընթերցողների բողոքներին, զանգերին ու նամակներին:

Քանի որ երբեք չեմ սիրել ձեւականություններ ու ձեւական աշխատանք, նաեւ նկատի ունենալով, որ իմ հիմնական աշխատանքում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետի պաշտոնում ծանրաբեռնվածությունս 2010 թվականին մեծացել է, եւ, հետեւաբար, օմբուդսմանի գործին տրամադրելիք ժամանակն էլ ավելի է կրճատվելու, «Առավոտի» սեփականատեր եւ գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ փոխադարձ համաձայնությամբ ես դադարեցնում եմ ընթերցողների խմբագրի (օմբուդսմանի) պարտականությունների կատարումը: Այսուհանդերձ, համարում եմ, որ առաջին փորձը «կուտ չի գնացել», եւ այն կարող է հետագայում օգտակար լինել նոր օմբուդսմանին, եթե «Առավոտը» ցանկանա ունենալ այդպիսին:

Շնորհակալություն եմ հայտնում Արամ Աբրահամյանին եւ «Առավոտի» ողջ խմբագրակազմին՝ համագործակցության համար, ինչպես նաեւ բոլոր այն ընթերցողներին, ովքեր զանգերով կամ նամակներով աջակցում էին իմ աշխատանքին:

Մնում եմ «Առավոտի» հավատարիմ ընթերցողն ու բարեկամը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել