Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերաբացվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին

Հունվար 12,2010 00:00

Վիրահայոց հոգեւոր հովիվը հուսով է, որ հայերին կվերադարձվեն հայկական եկեղեցիները

\"\"

Քրիստոսի հրաշափառ ծննդյան օրը՝ հունվարի 6-ին թբիլիսահայոց հոգեւոր կյանքում ուղեկցվեց բացառիկ կարեւոր ու նշանակալից իրադարձությամբ. տեւական, գրեթե երեքամյա դադարից հետո, որ կապված էր վերանորոգողական աշխատանքների հետ, վերաբացվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին, որ համանունն է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու: Իսկ սրբազան այդ արարողությանը հավատավորները սպասում էին վաղուց՝ ցնծության պատրաստ հոգու կարոտով, Աստվածային անշեջ սիրո ու լույսի հանդեպ ճշմարիտ քրիստոնյայի անբեկ հավատով:

Եվ հայորդիները հավատավոր՝ սրտերում սերն ու ծնունդը Քրիստոսի, հունվարի 6-ի առավոտյան հավաքվեցին հայաշատ Հավլաբարում գտնվող հայոց այդ 205-ամյա տաճարում՝ թե՛ միմյանց հետ խինդ ու ուրախություն կիսելու, թե՛ խոնարհում բերելու այդ աստվածահաճո, ազգանվեր հսկայական աշխատանքի մեջ ներգրավված բոլոր մասնակիցներին: Եկան նաեւ մասնակցելու թեմի առաջնորդ տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից մատուցվող անդրանիկ պատարագին, որին դեռ շատ լույս պատարագներ պիտի հաջորդեն եւ ընդհանրապես եկեղեցու հանդեպ իրենց պաշտամունքը դրսեւորելու…

Թբիլիսիի Սուրբ Էջմիածինը՝ ճարտարապետական հրաշալի մի կառույց, ծնվել է դեռեւս 1805 թվականին, վաղարշապատցի վարպետների ձեռքերով ու թբիլիսցիների ծախսերով: Եկեղեցու ամբողջ պատմությունը վկայում է այն մասին, որ այն հանապազ եղել է հավատավոր հայորդաց ուշադրության եւ հոգածության կենտրոնում. վկա՝ բավականին հաճախ տարվող վերակառուցողական աշխատանքները (1845, 1854, 1884, 1898, 1900, 1912, 1944), ժամանակի ունեւոր անհատների նյութական աջակցությունները, ծխական դպրոցի շենքի կառուցումը, Սուրբ սեղանի, Սուրբ նկարների, եկեղեցու կաթողիկեի կառուցումը. փայտածածկ, անգմբեթ, ընդամենը մի փոքրիկ զանգակատնով կառույցից մինչեւ այսօրվա բարեկարգ շինությունը, վկա նաեւ այն հույժ կարեւոր իրողությունը, որ նույնիսկ խորհրդային այն տարիներին, երբ քանդում ու ավերում էին եկեղեցիները, Սուրբ Էջմիածինը չի դադարել գործելուց: Ասել է թե՝ Աստծո ամենատես աչքն է միշտ շրջել այստեղ: Դրա համար էլ, չնայած այն բանին, որ եկեղեցին անբարենպաստ տեղում է՝ տարածքի տակ եղած ջրի առումով, բայցեւայնպես կանգուն է եւ միշտ «փրկվել» է վերջնական փլուզման վտանգից, որ հաճախ է սպառնացել նրան… Իսկ իրավիճակն ավելի է բարդացել 2001 թվականի Թբիլիսիի երկրաշարժից հետո:

Նոր փորձության առաջ էր կանգնել Վիրահայոց թեմը, վիճակը մտահոգիչ էր: Բայց Տերը բարի է երեւի տնօրինել այս տաճարի բախտը, եւ ահա եկեղեցու ճակատագիրն այս անգամ էլ ձեռնամուխ եղավ տնօրինել թեմի առաջնորդ տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Եվ առաջին հերթին նա դիմեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին, որն անմիջապես արձագանքեց նրա խնդրանքին՝ հանպարագիծ երախտագիտություն ողջ վիրահայոց:

Հոտին ուղղված իր խոսքում սրբազան առաջնորդը իր երախտագիտությունը հայտնեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որի արգենտինյան մասնաճյուղը նույնպես իր ներդրումն ունեցավ այս նախագծերի, նախահաշվի կազմման եւ այն աշխատանքների մեջ, որոնք հիմնարարները դարձան գործի:

«Ավելի քան 1 մլն դոլար է ծախսվել այս աշխատանքների կատարման համար,- ասաց Վազգեն սրբազանը,- տոննաներով երկաթ: Մինչեւ ինը մետր մեր շինարարները փորել են հիմքերը ու կարողացել ամրացնել հիմքը եւ եկեղեցու ներսի սյուները, այն ամբողջությամբ հավաքվել է մետաղյա կառուցվածքով, եւ այսօր ես ուզում եմ հանուն Վեհափառ հայրապետի՝ իմ բարձր գնահատականը բերել վրացական «Մղվիմե» շինարարական կազմակերպությանը, որը բարձրակարգ մակարդակով ղեկավարում է ճարտարապետ Անատոլի Սոլոմնիշվիլին՝ իր օգնական, ինժեներ Զուրա Գաչեչիլաձեի հետ: Նրանք Վեհափառ հայրապետի կողմից արժանանալու են մեր եկեղեցական շքանշանին… Մենք չենք կարող չնշել նաեւ մեր հավատացյալ ժողովրդին, մեր հայոց համայնքին, մեր բոլոր բարերարներին, մեր երգչախմբին, առանձնապես Վրաստանում ՀՀ դեսպանությանը, ով իր նշանակալի ներդրումն ունեցավ եկեղեցու վերականգնման գործում»:

Սրբազան առաջնորդը վիրահայությանը կոչեց շարունակել գործել այնպես նվիրվածորեն, ինչպես այս եկեղեցու վերանորոգման ժամանակ, անձնական մղումները երկրորդ պլան մղած: Նա ավելացրեց նաեւ, որ այս նորոգությունը վիրահայության հոգեւոր նորոգության սկիզբն է, որ արդեն վերանորոգման ընթացքում է թեմի առաջնորդարանը, որին կից ստեղծվելու է մշակույթի կենտրոն: Աստծո կամոք կվերանորոգվի նաեւ Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցին… Նա հույս հայտնեց նաեւ, որ տա Աստված, վերադարձվեն մեր եկեղեցիները՝ Թբիլիսիի Նորաշեն, Ախալցիխեի եւ Թբիլիսիի Սուրբ Նշանները…: «Հարյուր հիսուն հազար հայությանը երկու եկեղեցին քիչ է,- ասաց նա,- այստեղ ժամանակին ավելի քիչ հայություն է ապրել եւ ունեցել 27 գործող եկեղեցի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել