Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱԳՐԻ ՏԱՐԻՆ՝ ՄՈՐԵԽԻ ՑԱՏԿԵՐՈՎ

Հունվար 12,2010 00:00

Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի կենտրոնի լույսերն ու ծայրամասերի փոսերը

\"\"

2010 թվականի նորամուտը նախորդներից տարբեր լինելու համար, այս տարի որոշեցի այն դիմավորել քրիստոնեավարի՝ հոգեւոր միջավայրում: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում ուղեւորվեցի Մայր աթոռ: Գիշերային Էջմիածինն ինձ դիմավորեց հոգեւոր մայրաքաղաքին վայել՝ տպավորիչ ու լուսառատ գեղեցկությամբ: Տոնական ու զարդարված էին ոչ միայն քաղաքի հրապարակն ու հարակից փողոցները, այլեւ այդ տարածքների բնակիչների տների պատշգամբները, խանութների ցուցափեղկերն ու յուրաքանչյուր ծառ ու թուփ: Փայլի ու գույների առատությունից փոքր-ինչ տուժել էր ձեւավորման որակը, բայց կարեւորը ոչ այնքան դա էր, որքան մարդկանց ջանքերը՝ քաղաքին տոնական տեսք հաղորդել: Այլ էր տպավորությունը Մայր աթոռի տարածքում. նուրբ ու ճաշակով ձեւավորումը հուշում էր, որ գործը վստահվել է մասնագետներին:

Տրամադրությունս բարձր էր՝ տոնական եւ հենց այդ տրամադրությամբ էլ մտա Տաճար: Ինձ նման շատերն էին հրաժարվել Ամանորը ծանրացած սեղանների մոտ դիմավորելուց, բայց ինձ պես քչերն էին երեւի, որ առաջին անգամ պետք է ժամերգության մասնակցեին կեսգիշերին: Աննկարագրելի զգացողություն ունեցա, երբ եկեղեցու զանգերն ազդարարեցին 2010-ի գալուստը, երբ հավատացյալների բազմության մեջ Գարեգին կաթողիկոսի աջը հայտնվեց նաեւ իմ գլխին ու երբ Վեհափառից օծված խաչ ու շղթա ստացա: Տարին սկսում է երես տալ ինձ՝ մտածեցի ու վառելով մոմս, թեթեւացած հոգով դուրս եկա Տաճարից:

Այդպես թեթեւացած եւ ուրախ տրամադրությամբ ուղղություն վերցրի Էջմիածնի Սովետների փողոցում բնակվող բարեկամիս տուն: Հրապարակից հնչող երգ-երաժշտության ձայները, սակայն, ստիպեցին դադար տալ եւ վայելել տոնական համերգը: Բայց հազիվ մի 10-15 րոպե էր անցել, երբ ականջ ծակող պայթյուններից բազմության մեջ խառնաշփոթ սկսվեց. խումբ-խումբ հավաքված մարդիկ անկանոն այս ու այն կողմ էին գնում՝ զերծ մնալու ոտքերի տակ հայտնվող մանկական պայթուցիկների անակնկալներից: Նրանց, ում հաջողվում էր դուրս գալ բաց տարածություն, այլ անակնկալ էր սպասվում. այստեղ էլ՝ օդ կրակող սարքերով «զինված» ջահելները հերթ չտալով միմյանց, «հրաձգության» մի այնպիսի մրցույթ էին կազմակերպել, ասես ամենաշատ ու ամենադիպուկ կրակողին տարվա հրաձիգ կոչումն էին շնորհելու:

Եկեղեցու ու ժամերգությունից եկող բարձր տրամադրությունս մի փոքր ընկավ, բայց ըմբռնումով մոտենալով երեւույթին, փորձեցի չնկատել մեզանից այդպես էլ չնահանջող վայրի բարքերը եւ շատերի նման լքեցի տոնական հրապարակն էլ, համերգն էլ, երգիչներին էլ: Տաքսի գտնելու ջանքերս ապարդյուն էին եւ ժամանակի զուր կորուստ, բայց բարեկամիս տուն ոտքով հասնելու մեջ սարսափելի ոչինչ չկար, մանավանդ որ եղանակը հաճելի էր, իսկ փողոցները՝ լուսավոր ու մարդաշատ: Բայց որքան խորանում էի դեպի Սովետներ, այնքան թանձրանում էր խավարը. մի պահ նույնիսկ սկսեցի անհանգստանալ, կարծելով՝ մոլորվել եմ: Հասկացա, որ այս քաղաքում լուսավոր են միայն կենտրոնական փողոցները, իսկ տոնի տրամադրությունն ու տոնական լուսավորությունը միայն կենտրոնում ապրողների ու մեկ էլ՝ ինձ նման շփոթված հյուրերի վրա տպավորություն թողնելու համար: Կենտրոնից քիչ հեռու, սակայն, լուսավոր էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ համալսարանի մատույցները:

Կողմնակի ազդեցություններից տրամադրությունս չգցելու իմ համառ ջանքերը կամաց-կամաց սկսեցին անհաջողության մատնվել, երբ փողոցի մի անկյունից դեպի ինձ սլացող առարկայի «սուլոց» լսեցի: Մինչ կկողմնորոշվեի՝ ձայնը ոտքերիս տակ ավարտվեց պայթյունով: Ճիչս խառնվեց անկյունից լսվող տղաների քրքջոցին: Վիրավորված ու զայրացած շրջվեցի ձայների կողմը, որ մի երկու թթու բան ասեմ, բայց չկարողացա: Դե, Նոր տարի է, չարժե դրա համար աղմուկ բարձրացնել, մտածեցի: Մանավանդ որ, մանկական պայթուցիկից առանձնապես չէի տուժել: Այս մտքերով էի, երբ իմ ուղղությամբ եկող երկրորդ «սուլոցը» հասավ ականջիս: Նախորդից դաս առած՝ փորձեցի շրջանցել վրահաս պայթյունը, երբ հայտնվեցի փոսում: Մի կերպ բարձրացա ու զգացի, որ կաղում եմ: Ճիշտ է՝ ոտքս վնասվել էր, բայց ոչ այն աստիճան, որ խանգարեր ինձ քայլել: Կատարվածը հասկանալ ինձ օգնեց դիմացից եկող ավտոմեքենայի լուսարձակը. պարզվեց, որ կոտրվել ու փոսի մեջ էր մնացել կոշիկիս կրունկը: Շարունակեցի ճանապարհս՝ մութ փողոցը լուսավորելով հեռախոսիս լույսով:

Տրամադրությունս վերջնականապես փչացավ: Լացս հազիվ էի զսպում:

Կոշիկիս կրունկը ձեռքիս, կաղալով ու վիրավորված՝ մի կերպ հասա բարեկամիս տուն: Ինձ տեսնելով այլայլված ու ցեխոտված, բարեկամներս միանգամից գլխի ընկան, որ համարձակվել եմ գիշերով ոտքով իրենց փողոց մտնել: «Որպեսզի փոսերը չընկնենք, էս քարուքանդ փողոցում մենք ցերեկով էլ ենք մորեխի պես թռչկոտելով քայլում: Բա դու համ ուզում ես գիշերով գաս, համ՝ ոտքով, համ էլ անփորձա՞նք»,- հեգնեց բարեկամս, հորդորելով Վագրի տարում նույնպես Սովետների փողոցում մորեխի հմտություններ ցուցաբերել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել