Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՐԱՔՈՒՅՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՏՂԱՅԻՆ ՎՏԱՐՈՒՄ Է ՀԱՅՐԱԿԱՆ ՏՆԻՑ

Հունվար 12,2010 00:00

Եվ չնայած բացահայտած մի շարք ապօրինի գործարքների՝ դատարանը մերժեց տղայի հայցը

\"\"Մանկուց հաշմանդամ Սուրեն Թարվերդյանը ծնված օրվանից մինչ 2008 թվականը մոր՝ Կարինե Հարությունյանի հետ ապրել է պապի՝ Կոլյա Թարվերդյանի Նոր Խարբերդի Մորենիկի փողոցի թիվ 8 տանը: Ըստ արխիվային նյութերի, պարզվել է, որ Սուրենի պապը այդ տան նկատմամբ սեեփականության իրավունք է ձեռք բերել դեռեւս 20.08.1981 թ.-ին: Այդ ժամանակ նրա ընտանիքի անդամներ են համարվել ինքը՝ Կոլյա Թարվերդյանը, որդին՝ Գեւորգ Թարվերդյանը, հարսը՝ Կարինե Հարությունյանը եւ այնուհետեւ թոռը՝ Սուրեն Թարվերդյանը: Ըստ գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքի՝ Կոլյա Թարվերդյանի ընտանիքը այլ անդամներ չի ունեցել: Դրանից վեց տարի անց՝ 1987-ին Կոլյա Թարվերդյանը ամուսնացել է Վարսենիկ Մարտիրոսյանի հետ: Այդ ամուսնությունը 17.03.87 թ.-ին գրանցվել է գյուղապետարանի ամուսնությունների գրանցման գրքում: Սակայն 1991 թվականին, Կոլյա Թարվերդյանի մահից հետո, Վարսենիկ Մարտիրոսյանը՝ կեղծելով Նոր Խարբերդի ավանային խորհրդի նախագահ Համլետ Կարապետյանի եւ քարտուղար Մարիետա Թուրոյանի ստորագրությունները, տեղեկանք է ներկայացրել Մասիսի տարածքային նոտարին, թե իբր ինքը բնակվել է այդ տանը, սակայն գրանցված չի եղել: Այն, որ ստորագրությունները իրենք չեն տվել, վկայել են նաեւ Կարապետյանը եւ Թուրոյանը: Վարսենիկ Մարտիրոսյանը 1992 թվականի նոտարին տված դիմումում թաքցրել է նաեւ Կոլյա Թարվերդյանի՝ այլ ժառանգներ ունենալու հանգամանքը: Եվ նոտար Ա. Հովհաննիսյանը ժառանգների մասին հարցում չկատարելով գյուղապետարան, մյուս ժառանգներին զրկելով ժառանգության իրավունքից, Վարսենիկ Մարտիրոսյանին տվել է 2-155 ժառանգության վկայագիր եւ սեփականության իրավունքի թիվ 2-155 վկայագիր:

Կոլյա Թարվերդյանի հարսը՝ Կարինե Հարությունյանը համոզված է, որ կեղծ գործարքների ակտիվորեն մասնակցել է ամուսնու քույրը՝ Հասմիկ Թարվերդյանը, որն էլ հետագայում Վարսենիկի հետ առք ու վաճառքի պայմանագիր կնքելով դարձել է նշված տան սեփականատերը եւ այն նվիրատվություն արել իր դստերը՝ Քրիստինե Իսրայելյանին: Իսկ Կարինե Հարությունյանն այս ամենի մասին իմացել է այն ժամանակ, երբ իր տունն արդեն վաճառքի էր հանվում: «Հասմիկը միշտ իմ գլխի տակ փափուկ բարձ էր դնում, ասելով, որ այս տունը միայն Սուրենինն է լինելու, քանի որ նա է իր միակ եղբոր տղան: Մենք էլ սրբորեն պահում-պահպանում էինք այս տան ամեն մի անկյունը, չիմանալով, որ մի օր հենց Հասմիկի ձեռքով պետք է մեզ դուրս անեն այդ տնից, որտեղ ապրել եմ ամուսնությանս օրվանից: Հիմա էլ ուզում են վաճառել տունը եւ մեզ՝ հաշմանդամ տղայիս հետ թողել են անօթեւան»,- ասում է Կարինեն: Սուրեն Թարվերդյանն իր սեփականության նկատմամբ իրավունքները պաշտպանելու համար հայցով դիմել էր Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Պատասխանող կողմը դատական արձանագրության մեջ իր դիրքորոշումն ամփոփում է նշելով, որ Վարսենիկը վաղուց մահացել է, գործարք կատարող նոտարը՝ նույնպես, իսկ Սուրենի հորաքույրն ու նրա դուստրը պատշաճ պատասխանողներ չեն, քանի որ նրանք հանդիսանում են գույքի բարեխիղճ ձեռքբերողներ:

Իսկ դատարանը հաշվի չառնելով գործարքների հիմքում ընկած կեղծիքները, 2009 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած նիստում հրապարակեց վճիռ, որով մերժեց հայցվորի պահանջը, կեղծիքների առնչությամբ տալով զավեշտալի մեկնաբանություններ, ասենք, որ ստորագրություն կեղծելը գործի համար որեւէ նշանակություն չունի. «Ինչ վերաբերում է Նոր Խարբերդի ավանային խորհրդի կողմից 11.03.1992թ. թիվ 020 տեղեկանքին, ապա դատաքննությամբ պարզվեց, որ տեղեկանքը լրացված է տիպային փաստաթղթի վրա, որտեղ չնայած տպագրված են ավանային խորհրդի նախագահ Հ. Կարապետյանի եւ Մ. Թուրոյանի անունները, սակայն անունների դիմաց ստորագրությունները դրված են տվյալ պահին գործող նախագահի եւ քարտուղարի կողմից: Հիշյալ տեղեկանքն իր բովանդակությամբ առնչվում է ավանի 2-րդ փողոցի 8 տանը Վարսիկ Գերասիմի Մարտիրոսյանի առանց գրանցման բնակվելու հանգամանքին, այն սույն գործով որեւէ հանգամանք չի հաստատում կամ հերքում, հետեւաբար սույն գործի համար որեւէ նշանակություն չունի»: Կարելի է ենթադրել, որ դատարանը խրախուսում է քաղաքացիներին՝ ձեռք բերել ցանկացած գերատեսչության տիպային փաստաթուղթ, եւ դրա ղեկավարի անվան դիմաց դնել ցանկացած ստորագրություն եւ կյանքի կոչել փաստաթուղթը: Այն կարող է ունենալ բախտորոշ դեր՝ առանց «որեւէ նշանակության»:

Դատարանն իր իրավական վերլուծության մեջ նշում է. «Կոլյա Թարվերդյանի մահից հետո միայն կինն է օրենքով սահմանված ժամկետում դիմել նոտարական գրասենյակ եւ ընդունել ժառանգությունը: Մյուս ժառանգները, այդ թվում՝ նաեւ Գեւորգ Թարվերդյանը, չեն պահպանել օրենքով նախատեսված պայմանները՝ սահմանված ժամկետում եւ կարգով չեն դիմել նոտարական գրասենյակ եւ չեն ընդունել ժառանգությունը, այսինքն՝ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը հանգեցրել է նույն հետեւանքներին, ինչը ժառանգությունից հրաժարվելն առանց այն անձին նշելու, հօգուտ որի նա հրաժարվել է ժառանգությունից: Հայցվոր Սուրեն Թարվերդյանը ժառանգ չի հանդիսացել»: Դատարանը տվյալ դեպքում անտեսում է նաեւ, որ այդ ժամանակ Սուրեն Թարվերդյանը եղել է ընդամենը 8-9 տարեկան եւ չէր կարող նման գործարքներից անգամ գաղափար ունենալ:

Այսպիսով, մանկուց հաշմանդամ Սուրեն Թարվերդյանը՝ լինելով իր պապի միակ որդու միակ զավակը, զրկվում է պապական տան նկատմամբ ժառանգությունից: Իսկ նրա պապական տունը հորաքրոջ աղջիկը նախապատրաստվում է վաճառել՝ փողոցում թողնելով Սուրենին եւ նրա մորը:

Դատական վճռի հրապարակումից հետո, երբ հայցվորի մայրը՝ Կարինե Հարությունյանը դատավորին ասաց, որ կայացրած վճիռը դուրս է բարոյականության սահմաններից, դատավոր Գ. Բալայանը համաձայնեց, որ բարոյական առումով հայցվոր կողմն է ճիշտ, «բայց ես շարժվում եմ օրենքի չափանիշներով»,- ամփոփեց նախագահող դատավորը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել