Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում շները մարդ են ուտում

Հունվար 12,2010 00:00

Այստեղ Ամանորի տոներն ուղեկցվել են շան կծոցներով, ավտովթարներով ու ծանր կոտրվածքներով:

\"\"Ամեն տարի համայնքային բյուջեն հաստատելիս՝ Գյումրիի «ընտրյալ» ավագանին «պարտաճանաչորեն» մի զգալի գումար առանձնացնում է սառցակալված փողոցների մաքրման, թափառող շների ոչնչացման համար, բայց իրականում, երբ գալիս է գործ անելու ժամանակը, քաղաքային իշխանությունները գյումրեցիների անվտանգության համար ոչինչ էլ չեն անում, եւ բնակիչներից շատերը ձմռան օրերին դառնում են մերկասառույցների կամ էլ գազազած շների զոհը:

Նկատենք, որ քաղաքապետարանն այս տարի մեծ ծախսերի տակ է. ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, քաղաքապետարանի անձնակազմը մոտ օրերս պատրաստվում է տեղափոխվել Վարդանանց հրապարակում գտնվող նորակառույց շենք, որի ներքին հարդարման աշխատանքները ավարտին հասցնելու համար հետ է պահվել շարքային աշխատողների աշխատավարձի մոտ 30%-ը: Իսկ սա նշանակում է, որ գյումրեցիները եւս պետք է «ըմբռնումով» մոտենան: Բացի այն, որ գյումրեցիները սահադաշտի վերածված փողոցների պատճառով ձեռք ու ոտք են կոտրել ու հայտնվել հիվանդանոցներում, քաղաքի թափառող շները նույնպես գյումրեցիների Նոր տարին փչացրել են: Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տնօրեն Խաչիկ Կարապետյանի խոսքերով, նախորդ տարվա համեմատությամբ, մերկասառույցների պատճառով առաջացած կոտրվածքները համեմատաբար քիչ են. 4-5 հոգի հոսպիտալացվել են, վիրահատվել, փոխարենը շատ են շան կծոցից տուժածները, չկա մի օր, որ հիվանդանոցը երկու այդպիսի տուժածի չընդունի: «Բարդություններ, փառք Աստծո, չունենք, բայց թե հանգիստ վիճակ էլ չէ: Քաղաքի փողոցներում թափառող շները վխտում են, մարդիկ չգիտեն, թե ինչպես դուրս գան՝ թիկնապահո՞վ, փայտո՞վ, մահակո՞վ: Առավել եւս, երբ անցած տարի շան կծոցից մենք ունեցանք մահվան դեպք: Հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել, ժողովրդին անընդհատ վակցինա անելը թանկ հաճույք է, օրգանիզմի իմուն համակարգն էլ անընդհատ տագնապի մեջ պահել վակցինացիայով՝ տեղի-անտեղի, դա էլ ճիշտ չէ, հարկավոր է թափառող շների հարցը լուծել», մտահոգված է հիվանդանոցի տնօրենը:

Նկատենք, որ անցած տարի պատվաստանյութի դեֆիցիտ կար մարզի պոլիկլինիկաներում, բանը հասել էր նրան, որ շան կծոցից փրկվելու համար պիտի ծանոթ մեջ գցեիր, այլապես պատվաստանյութը մեծ կռվով կամ էլ ընդհանրապես չէին տրամադրում: Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տնօրենից հետաքրքրվեցինք, թե դժվա՞ր չէ արդյոք պատվաստանյութը ձեռք բերելը: «Մի շրջան եղավ, որ վակցինացիան հանրապետությունում չկար, բայց հիմա հարցը փակվեց, մենք գնման ճանապարհով ենք ձեռք բերում, մի փոքր բաժին ստանում ենք Սանէպիդ կայանից, բայց ավելի շատ գնում ենք»,- հանգստացրեց հիվանդանոցի տնօրենը: Վերջինս նաեւ փաստեց, որ այս տարի Գյումրիում շատ են եղել ավտովթարների ու վրաերթերի պատճառով ծանր վնասվածքները, դեկտեմբերի 30-ից սկսած՝ գրանցվել է 4-5 ավտովթար, որից մեկն ավարտվել է մահվան ելքով:

Ինչպես տեղեկացանք մարզի իրավապահներից, հունվարի 3-ին 25-ամյա Ժորա Սահրադյանը վրաերթի ենթարկելով 40-ամյա Թոմիկ Աղանյանին ու անօգնական վիճակում թողնելով՝ դիմել է փախուստի: Վերջինիս հինգ օր անց ձերբակալել են, հարուցված է քրեական գործ, սակայն Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում տուժածի կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է գանգի ծանր կոտրվածքից: Նշենք նաեւ, որ վրաերթի օրը Գյումրիի փողոցները դեռ չէին սառցակալվել, բայց եւ պատշաճ հսոկողության չէին արժանանում ճանապարհային ոստիկանների կողմից: Այդ օրերին «թռցրել» էին քաղաքի փողոցների դիտահորերի կափարիչները՝ այսպիսով վտանգելով թե՛ վարորդների եւ թե հետիոտնի կյանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել