«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության գնահատմամբ, 2010-ին ՀՀ բանկային հատվածի աճը կկազմի 10-15%:
Ըստ «Մեդիամաքսի», այս մասին ասել է «Fitch Ratings»-ի ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով վերլուծաբան Նելլի Բադալյանը:
«Fitch-ը կանխատեսում է 2010 թվականին տնտեսության չափավոր վերականգնում եւ ՀՆԱ-ի 2.5% աճ: Գործառնական միջավայրի բարելավումը եւ տնտեսությանն աջակցելու ՀՀ կառավարության ջանքերը, մասնավորապես՝ բանկային համակարգի միջոցով ռուսաստանյան կայունացնող վարկի տեղաբաշխումը, «Ազգային հիփոթեքային ընկերության» ստեղծումը, կնպաստեն աշխուժացմանը նաեւ բանկային համակարգում, սակայն աճը նախորդ տարիների համեմատությամբ կլինի չափավոր՝ 10-15%-ի սահմաններում: 2010-ին մենք ակնկալում ենք նաեւ շահութաբերության ցուցանիշների բարելավում՝ 2009-ի համեմատությամբ: Խնդրահարույց վարկերի աճը, հնարավոր է, շարունակվի, սակայն աճի տեմպը զգալիորեն կզիջի 2009 թվականին»,- ասել է «Fitch»-ի ներկայացուցիչը:
Պատասխանելով 2010-ին ՀՀ բանկային համակարգում հնարավոր միաձուլումների մասին հարցին՝ Ն. Բադալյանն ասել է, թե բանկերի ամրապնդումը միաձուլումների միջոցով տրամաբանական զարգացում կլիներ, քանի որ բանկային համակարգի առկա կառուցվածքը չափազանց հատվածավորված է. «ԿԲ-ն եւս աջակցում է այդ գործընթացին, եւ այդպիսի գործարքներ հնարավոր են»: