Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցների հավաստմամբ, տնօրինությունը մոռացել է աշխատավարձեր վճարելու մասին:
Համալիրում աշխատող մի քանի տասնյակ մարդիկ՝ դիմելով «Առավոտին», տեղեկացրին, որ իրենք ըստ էության հասարակական աշխատանք են կատարում, քանի որ ամիսներով ոչ մի կոպեկ չեն ստանում: Մեզ հետ զրույցում նրանք դժգոհեցին, թե, բացի այն, որ անվճար են աշխատում, դեռ մի բան էլ համալիրի ղեկավարությունը իրենց հետ, մեղմ ասած, անմարդկային է վերաբերվում: «Մեզ ասում են՝ փող չկա, համբերեք, բայց փոխարենը ստրուկների պես աշխատեցնում են: Իսկ երբ փորձում ենք նրանց աշխատավարձի հարցով դիմել, մեզ շշպռում են՝ եթե այս պայմաններով չեք ցանկանում աշխատել, դիմում գրեք՝ դուրս եկեք աշխատանքից»: Աշխատակիցների պատմելով, երբ աշխատավարձի հարցով պարբերաբար դիմում են մարզահամերգային համալիրի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանին կամ ֆինանսիստ Շուշանին, նրանք, խոսքները մեկ արած՝ պատասխանում են. «Դուռը դրսից ծածկեք»: «Առավոտին» դիմած աշխատակիցներից մեկի ներկայացմամբ էլ, ընտանիքի ֆինանսական ծանր վիճակը տնօրենին պատկերավոր պատմելուց հետո է միայն հաջողվել վերջերս հազիվ 30 հազար դրամ պոկել, այն էլ միանգամից չեն վճարել այդ գումարը. «Ամբողջ օրը նստել, սպասել եմ, որ սահադաշտ մտնող ամեն այցելուից գումար վերցնեմ ու հավաքեմ այդ 30 հազարը»:
Աշխատավարձ չստանալու պատճառով միայն դեկտեմբեր ամսին աշխատանքից ինքնակամ դուրս գալու դիմում է ներկայացրել եւ հեռացել 50 հոգի: Այս առիթով պարզաբանում ստացանք նաեւ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանից: Նրա խոսքերով, համալիրում չկան աշխատակիցներ, որոնք յոթ ամիս աշխատավարձ ստացած չլինեն, դա չափազանցված է. «Կան աշխատակիցներ, որոնք հինգ կամ չորս ամիս չեն ստացել աշխատավարձը, բոլորին էլ հայտնի է, մենք հիմա ծանր ֆինանսական պայմաններում ենք»:
Մեր հարցին, թե կոնկրետ քանի՞ աշխատակից չի վարձատրվել, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ «նրանց թվաքանակը ուսումնասիրելու եւ մեր հարցին պատասխանելու համար ժամանակ չունի» եւ հավելեց, որ ֆինանսական դժվարությունների պատճառներից մեկն էլ այն է, որ համալիրում կազմակերպվող միջոցառումները բավականին նվազել են:
Հակառակ տնօրենի խոսքերի, աշխատակիցները վստահեցնում էին, որ ողջ նախորդ տարին մեծ թվով համերգներ են կազմակերպվել, իսկ սահադաշտում այցելուներն իրար «գլուխ են ջարդում»: Ըստ պարոն Հովհաննիսյանի, ճիշտ չեն նաեւ այն խոսակցությունները, թե դեկտեմբերի սկզբին 50 աշխատակից ինքնակամ հեռացել է աշխատանքից: «Նույնիսկ ամբողջ տարվա ընթացքում այդքան մեծ թվով աշխատակիցներ չեն հեռացել»,- մեկնաբանեց պարոն Հովհաննիսյանը: Իսկ թե քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից, նա դժվարացավ ասել, ավելացնելով, որ «աշխատակիցների հեռացման հնարավոր դեպքերը աշխատավարձ չստանալու խնդրի հետ պայմանավորված չեն, իսկ անձամբ ղեկավարությունը ոչ մի աշխատողի գործից չի հեռացրել»: Ի պատասխան համալիրի աշխատակազմի այն դժգոհությունների, թե տնօրինությունը իրենց հետ շատ վատ է վերաբերվում, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Եկեք համալիր ու հարցրեք ցանկացած աշխատակցի, բոլորը կվկայեն իրենց նկատմամբ ունեցած մեր հարգալից վերաբերմունքի մասին»: