Հայ-թուրքական արձանագրություններին դեմ քաղաքական ուժերին կբավարարի հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՍԴ նաեւ այդպիսի որոշումը:
ՀՅԴ նախաձեռնությամբ 14 քաղաքական ուժերի անցկացրած հանրահավաքի եւ երթի անունից երեկ ՍԴ-ին փոխանցվեց շուրջ 5 էջանոց մի նամակ, որում այսօր այդ ատյանում կայանալիք հայ-թուրքական արձանագրությունների քննարկումից առաջ՝ ներկայացվում են իրավական ու քաղաքական հիմնավորումներ: Մասնավորապես նշված է, թե արձանագրություններում «պատմաբանների ենթահանձնաժողովի վերաբերյալ դրույթների առկա ձեւակերպումները թերի եւ ոչ հստակ լինելու պատճառով հակասում են ՀՀ Սահմանադրության նախաբանին եւ չեն համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ 5-րդ գլխի պահանջներին: Բացի դրանից՝ արձանագրություններում տրված սույն կետում նշված ձեւակերպումները դիտարկելով ՀՀ Սահմանադրության այլ հոդվածների հետ համակարգային կապի մեջ՝ հարկ է փաստել, որ դրանք հակասում են նաեւ ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին, այն է՝ արտաքին քաղաքականության իրականացման փոխշահավետության սկզբունքին եւ 11-րդ հոդվածի երկրորդ մասին, այն է՝ հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը»: Դիմումի հեղինակներն առաջարկում են, որ ՍԴ-ն արձանագրությունները ճանաչի «Սահմանադրությանը չհամապատասխանող կամ մասնակի չհամապատասխանող, ինչը «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ուժով հիմք կհանդիսանա լրացուցիչ բանակցություններ վարելու կամ այդ հակասությունները վերացնելուն ուղղված եւ արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումներ կատարելու համար»:
Մինչ Սահմանադրական դատարանի շենքի առջեւ այս դիմումը հրապարակելը՝ երեկ հանրահավաք տեղի ունեցավ Շահումյանի անվան հրապարակում: Նկատենք, որ թեեւ մարզերից ՀՅԴ անդամներ էին ավտոբուսներով եկել՝ հանրահավաքի մասնակիցները 2 հազարից ավելին չէին: «Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք,- հայտարարեց հանրահավաքը վարողը՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:- Թուրքիան սկսել է ավելի լկտիաբար խոսել նախապայմանների լեզվով: Մեր պայքարն այսօր թեւակոխել է վճռական փուլ»: Նաեւ հայտնեց, որ «ոչ միայն Երեւանում, այլեւ Սփյուռքում այս օրերին տեղի են ունենում բողոքի ակցիաներ, եւ բոլորն իրենց վճռական «ոչ»-ն են ասում հայ-թուրքական արձանագրություններին»:
Առավել կտրուկ էր «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի խոսքը. «Մենք ուզում ենք, որպեսզի հասկանալի դառնա՝ Սահմանադրական դատարանը մասնակի՞ց է այս խայտառակ գործընթացին, թե՞ ոչ: Մենք ուզում ենք իմանալ՝ Գագիկ Հարությունյանը եւ մնացածը, որպես հայ ժողովրդի մասնիկ, հասկանո՞ւմ են այն ամենը, ինչ անում են, թե՞ ոչ: Իրենք հասկանո՞ւմ են, որ այս արձանագրություններով խաչ է դրվելու (կամ նման փորձ է արվելու) Արեւմտյան Հայաստանի խնդրի, Ցեղասպանության խնդրի, Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: Թե՞, ինչպես միշտ, պետք է կատարեն այն ամենը, ինչ պետք է ասի իշխանությունը: Այն իշխանությունը, որն անմտությամբ մտել է այս գործընթացի մեջ եւ ինքն էլ չգիտի, թե հիմա ինչպես դուրս գա»: Հավաքվածներն «այո՜» բացականչություններով ու ծափերով արձագանքեցին նրա հետեւյալ հայտարարությանը. «Իշխանությունը, որը հայկական շահերը ծախում է՝ Հայաստանում մնալու իրավունք չունի»: Արամ Կարապետյանը հավելեց. «2010-ը Վագրի տարի է. ուրեմն՝ վագրի ցատկերով, հանդարտ, հանգիստ գնում ենք դեպի այդ հանգրվան: Իսկ հանգրվանը մեկն է՝ իշխանափոխությո՛ւն, եւ դրանից հետո չեղյալ ենք հայտարարելու յուրաքանչյո՛ւր արձանագրություն»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը զերծ մնաց նման բնորոշումներից՝ ընդամենը հորդորելով իշխանությանը դուրս գալ այս գործընթացից՝ նշելով, թե «սխալից հետ կանգնելը մեր ժողովրդի կողմից կդիտվի տղամարդկություն»: Ըստ նրա՝ ՍԴ-ն կարող է լինել այն ատյանը, որտեղ կարող է կասեցվել այս գործընթացը. «Եվ մեր այսօրվա ցույցի եւ հանրահավաքի բուն նպատակն էլ սա է: Մենք այս հանրահավաքով եւ ցույցով եւս մեկ անգամ մեր իշխանություններին, ՍԴ-ի անդամների ուշադրությունն ենք բեւեռելու այն հնարավորությունների վրա, որոնց վրա հենվելով՝ Սահմանադրական դատարանն արդեն իրավական վճիռ կարող է կայացնել եւ կասեցնել այս գործընթացը: Սա է ՍԴ մեծ առաքելությունը, եթե չասեմ՝ պատմական շանսը»: Նաեւ եւս մեկ անգամ շեշտեց. «Մեր խնդիրն աթոռակռվի, իշխանակռվի հարց չի՝ մեր խնդիրն է կասեցնել այս հակաժողովրդական, հակազգային ընթացքը»:
Այսօր ՍԴ քննության ողջ ընթացքում ՀՅԴ-ն եւ հայ-թուրքական արձանագրություններին դեմ ուժերը պիկետ են անցկացնելու ՍԴ առջեւ: Նույն վայրում առավոտյան նաեւ ցույց են անցկացնելու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Թեղուտի պաշտպանության խմբի անդամ մի քանի քաղաքացիներ, որոնք նախատեսում են հայտարարություն հանձնել. թռուցիկներ տարածել եւ այրել արձանագրությունները:
Հ. Գ. ՍԴ առջեւ կազմակերպված ջահերով ցույցին երեկ պատուհանից հետեւում էր ՍԴ անդամ, նախկին դաշնակցական Կիմ Բալայանը: Գագիկ Շամշյանի լուսանկարչական խցիկն արձանագրեց այն պահը, երբ ՀՅԴ ղեկավարները ջերմորեն ողջուjններ էին հղում դեպի ՍԴ շենք: